«Նաիրիտն» արդեն 4 տարի գոյություն չունի, խաբում են ժողովրդին. «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն. «Ժողովուրդ»
«Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է, որ չնայած հավաստիացումներին «Նաիրիտը» չի կարող բնականոն կերպով գործարկվել:
«Նաիրիտն» արդեն 4 տարի գոյություն չունի: Խաբում են ժողովրդին, փող չեն ուզում տալ, կերակրում են ստերով: 400 միլիոն պարտք ունեն, հիմա ասում են՝ ռուսները գալու են 500 միլիոն փող ներդնեն, որ ի՞նչ անեն: Պարտքը տան 400 միլիոնի, էն 100 միլիոնը ի՞նչ անեն, իրար մեջ կիսեն, թողնեն գնա՞ն»,- տարակուսանքով հայտարարել է թերթի զրուցակիցը: Նրա խոսքով՝ Աժ իշխող խմբակցությունները մերժել են «Նաիրիտի» գործով հանձնաժողով ստեղծելու գաղափարը, քանի որ չեն ուզում, որպեսզի այդ գումարների փոշիացման հեղինակներն ի հայտ գան: «Քննարկելու բան էլ չկա, պարզապես չեն ուզում, որ այդ լափած փողերի տեղերն իմացվի և կոնկրետ անձինք բացահայտվեն, այդքան բան»։
Ներկայացնում ենք Գագիկ Ներսիսյանի հետ հարցազրույցից հատվածներ.
–Բայց եթե ներդրումներ լինեն, մի՞թե հնարավոր չի լինի գործարանը նորմալ շահագործել։
–Ինչով աշխատեն։ Հայաստանում, որպես հումք, բացի աղաջրից, ոչ մի բան չունեն, միայն Աբովյանի հորերից աղաջուր կբերեն Երևան, կդարձնեն քլոր, ժավել, սոդա ու վերջ։ Մնացածը ի՞նչ, ոչ մի օրգանական նյութ Հայաստանում գոյություն չունի, որ՞ հիմքով պետք է կաուչուկ արտադրեն։ Իսկ ացետելինային տարբերակով արդյունավետ չէ։
-ԱԺ ՀՅԴ խմբակցությունն առաջարկել էր «Նաիրիտի գործով հանձնաժողով ստեղծել…
-Ճիշտն ասած՝ չեմ հասկանում, այդտեղ հարցը ոչ թե հանձնաժողով ստեղծելն Էր… Ինչ են ուզում քննարկել։ Եթե ուզում են քննել, թե ինչպես Է պատահել, որ 18 -20 միլիոն ամսական աշխատավարձեր Է ստացել «Նաիրիտի» վերնախավը՝ ասենք Տիգրան Սարգսյանի եղբայրը, տնօրենը՝ Վահանը, չգիտեմ էլ ով, եթե դա են ուզում հետաքննել, թող հետաքննեն։ Թող քննեն հասկանան, թե որտեղից են առաջացել այդ պարտքերը, որովհետեւ այդտեղ մենակ աշխատակիցների պարտքը չէ։ Բայց «Նաիրիտը» վերագործարկելու համար շատ նեղ, խիստ մասնագիտական կառույց պետք է զբաղվի, ինչի արդյունքը բացասական է լինելու։ Եթե մի հատ սուպեր, պրոֆեսիոնալ հանձնաժողով ստեղծեն, ապա այդ հանձնաժողովը միանշանակ ասելու է՝ ոչ։
– Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված այն, որ իշխանական ուժերը՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, դեմ քվեարկեցին «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ նախագծին։
– Ես կարծում եմ, որ իշխանությունները չեն ուզում, որպեսզի այդ գումարների փոշիացման հեղինակներն ի հայտ գաև։ Քննարկելու բան էլ չկա, պարզապես չեն ուզում, որ այդ լափած փողերի տեղերն իմացվի և կոնկրետ անձինք բացահայտվեն, այդքան բան։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։