Բաժիններ՝

Ուղեղի կոգնիտիվ ֆունկցիան և սննդակարգի ազդեցությունը

Ուղեղը մարդու օրգանիզմի առավել առեղծվածային, բարդ և զարմանալի օրգանն է։ Ժամանակակից համաշխարհային գիտությունը փորձում է հասկանալ, թե ինչպես է մարդու սննդակարգն ազդում ուղեղում ընթացող բիոքիմիական գործընթացների և մտավոր կարողությունների զարգացման (կոգնիտիվ ֆունկցիա) վրա։

Միլիոնավոր տարիների էվոլյուցիայի շնորհիվ առաջացել է ժամանակակից մտածող մարդու ուղեղը, որի շնորհիվ մարդը կարծես թե տիրում է ողջ բուսական և կենդանական աշխարհին: Այլ հարց է, թե որքանո՞վ են համաչափ միջազգային հանրության գործողությունները։ Իր ուղեղի հատուկ կառուցվածքով մարդ մտածողը կարողացավ հեռացնել Երկիր մոլորակից նեանդերթալյան մարդուն, ով ֆիզիկապես անհամեմատ ավելի հզոր էր։

Նույնիսկ գերհզոր ժամանակակից համակարգիչները զիջում են մարդուն իրենց «մտավոր» կարողություններով, այն դեպքում, որ մարդն օգտագործում է իր ուղեղի մտավոր կարողության չնչին մասը` ընդամենը մի քանի տոկոսը։
Ուղեղի գաղտնիքների իմացության համար իրոք որ շատ կարևոր է իմանալ` ինչպես է ազդում սննդակարգն ուղեղի կենսաքիմիական և կոգնիտիվ ֆունկցիաների վրա։
Առաջնահերթ է հետևյալ հարցը. Ինչպե՞ս է «լիցքավորվում» ուղեղն էներգիայով, և ի՞նչ բնույթ ունի այդ էներգիան։ Երկրորդ հարցը կայանում է նրանում, թե ինչո՞ւ չի աշխատում մեր ուղեղի ամբողջ զանգվածը։ Արդյո՞ք դեռ դրա ժամանակը չի հասունացել, թե՞ պարզապես մենք չգիտենք` ինչպես է պետք «լիցքավորել» ուղեղի համապատասխան բջիջները։

Ակնհայտ է, որ մարդու օրգանիզմի ծերացումը սկսվում է ուղեղի ծերացումից` 50 տարեկանից հետո շատերի մոտ սկսվում է նկատվել հիշողության անկում։ Ակնհայտ է, որ մտավոր աշխատանքով զբաղված մարդկանց մոտ այդ տարիքային շեմն ավելի բարձր է։ Բնական է, որ նևրոլոգները փորձում են գտնել նյարդային բջիջների ամրացման և վերականգնման ուղիները, ինչը թույլ կտա երկարաձգել մարդու ֆիզիկական, մտավոր և հոգեբանական ակտիվությունը` մինչև խոր ծերություն։

Կարդացեք նաև

Վերջին տարիներին արված կարևորագույն հայտնագործություններից մեկը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ ապագայում դա կարող է իրականություն դառնալ։ Արդեն ապացուցված է, որ նյարդային բջիջները կարող են վերականգնվել. Մարդու ուղեղի բջիջների (նեյրոններ) գոյացումը շարունակվում է մինչև մարդու կյանքի վերջին պահը, իսկ ուղեղը կարող է վերականգնել իր գործունեությունը նույնիսկ ծանր կաթվածից հետո։ Պարզվել է, որ մտավոր վարժանքները` անկախ մարդու տարիքից, նույնքան կարևոր են նեյրոնների և նյարդային հյուսվածքների համար, որքան ֆիզիկական ակտիվությունը` մկանների համար։

Ուղեղին անհրաժեշտ թիվ 1 նյութը
Ուղեղի էներգետիկ «անվտանգությունն» ապահովելու համար անհրաժեշտ է գլյուկոզա։ Ընդ որում, ուղեղը ստանում է գլյուկոզան արյան հոսքի միջոցով, և բացարձակապես կապ չունի` կա՞ արյան մեջ ինսուլին, թե՞ ոչ։ Այնինչ մկանային և այլ հյուսվածքները երբեմն չեն յուրացնում գլյուկոզան` նույնիսկ ինսուլինի առկայության դեպքում։ Հայտնի է, որ եթե գլյուկոզայի մակարդակն արյան մեջ կրիտիկականից ցածր է, ապա մարդը կորցնում է գիտակցությունը։

Պարզված է, որ ուղեղը գիշերային ժամերին նույնպես զգալի քանակով գլյուկոզա է սպառում։ Հնարավոր է, որ գլյուկոզայի անհրաժեշտ «պաշար բռնագրավելու» նպատակով ուղեղը հրահանգում է աճի հորմոնի գոյացումը, որի պարտականություններից մեկն է ճարպերի տրոհումը ճարպաթթուների, գլիցերինի և քացախի։ Արդյունքում ազատվում է օրգանիզմին անհրաժեշտ էներգիա։

banjarexenԺողովրդի մեջ արմատացել է այն կարծիքը, որ կոշտ շաքարը, շաքարավազը, կոնֆետները կամ այլ քաղցրավենիքները լավացնում են հիշողությունը։ Սա ընդամենը կարճաժամկետ լուծում է, որն ունի վնասակար ազդեցություն։ Գլյուկոզայի կայուն մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ է ուտել դանդաղ յուրացվող ածխաջրեր պարունակող սննդամթերք` միրգ-բանջարեղեն, ընկուզեղեն, ձավարեղենից պատրաստված շիլաներ։ Կարևոր է իմանալ, որ երեխաների ուղեղն ավելի շատ գլյուկոզայի պահանջ ունի, քան մեծահասակներինը. Պարտադիր կերակրեք երեխաներին դպրոց ուղարկելուց առաջ։

Ճարպաթթուների և խոլեստերինի կարևորությունը
«Ուղեղի առողջությունը», մարդու մտավոր կարողությունների պահպանումը մինչև զառամյալ տարիքն ուղիղ համեմատական կապի մեջ են սննդի հետ ներմուծվող ճարպերի որակային բաղադրության հետ։ Բոլորովին վերջերս նորվեգացի և բրիտանացի գիտնականները հետազոտել են 2000 տարեց մարդկանց. Պարզվել է, որ օմեգա-3 ճարպաթթուների ավելացումը սննդակարգում զգալիորեն լավացրել է հետազոտվողների հիշողությունը և նպաստել մտավոր կարողությունների վերականգնմանը։ Նվազել է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը։

Անգլիացի գիտնականներն ապացուցել են, որ օմեգա-3 ճարպաթթուները 40 տոկոսով բարձրացնում են աշակերտների առաջադիմությունը բոլոր տարիքային խմբերում։
Նորվեգացիները հայտնաբերել են, որ օմեգա-3 ճարպաթթուները նպաստում են մանկիկի մտավոր զարգացմանը, եթե կինը հղիության և նորածնին կերակրելու շրջանում ուտում է օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սնունդ։

Օմեգա-3-ում պարունակվող Ալֆա-լինոլենային թթվից գոյանում են ևս երկու թթուներ.
dzuk– EPA` անհրաժեշտ է բջիջների թաղանթի կառուցման և հորմոնների գոյացման համար (նման առաքելություն ունի նաև խոլեստերինը), բարձրացնում է արյունատար անոթների առաձգականությունը և կարգավորում աղաջրային հավասարակշռությունը բջիջներում։ DHA ճարպաթթուները կանխարգելում են ճարպերի կուտակումն օրգանիզմում և նպաստում են ուղեղի մտավոր ֆունկցիայի զարգացմանը։
Ալֆա-լինոլենային ճարպաթթուն կարգավորում է զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակն արյան մեջ։

Օմեգա-3 ճարպաթթուների կարևորագույն աղբյուր են սառը ծովերի ճարպոտ ձկնեղենը, մոլյուսկները, ջրիմուռները. նաև կտավատի, դդմի, ընկույզի, ռապսի յուղերը, կտավատի և դդումի սերմերը և ընկույզը։

Օմեգա-3-ի մեկ օրվա պահանջարկը 1-2,5 գ է, իսկ Օմեգա-6-ինը` 2-6գ.

Լրացնելու համար բավարար է խմել օրն ընդամենը 1 թ/գ կտավատի յուղ, ուտել օրը 2-3 թ/գ կտավատի սերմ և 7-10 ընկույզի միջուկ կամ շաբաթական 1 հատ սկումբրիա (լավ է` տապակած)։

Հետաքրքիր «դեղատոմս» է առաջարկել ամերիկացի գիտնական Պ. Բէնդխեմը.- Խառնեք 300 գ վարսակի փաթիլ, 25 գ չամիչ, 100 գ ընկույզ (կարելի է քաղցր նուշ կամ պնդուկ), եփեք 800 մլ ջրի մեջ, մինչև մնա հեղուկի կեսը, ավելացրեք 2 ճ/գ նոր մանրացրած վուշի սերմ։ Կերեք 200 գ` նախաճաշին։

Վերոգրյալից պարզ է դառնում, որ Օմեգա-3 ճարպաթթուները նպաստում են մարդու մտավոր կարողությունների զարգացմանը, սկսած ներարգանդային զարգացման շրջանից` մինչև խոր ծերություն։ Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուներն ազդում են աճի վրա, ուղեղի դեպքում` մինչև մարդու կյանքի վերջը։

Այժմ կրկին խոլեստերինի մասին։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ խոլեստերինի մակարդակն արյան մեջ մասամբ կարգավորվում է ուղեղում գոյացող գրելին հորմոնի միջոցով։ Գրելինն այլ կերպ կոչվում է` «քաղցի հորմոն», պարզվել է, որ գրելինի և խոլեստերինի քանակությունների միջև կա ուղիղ համեմատական կապ` քաղցի զգացումը նպաստում է գրելինի գոյացմանը, ինչի հետևանքով բարձրանում է խոլեստերինի պարունակությունն արյան մեջ։

Սա հավանաբար շատ կարևոր վարկած է (հետազոտությունը կատարվել է մկների վրա), քանի որ մինչ այդ համարվում էր, որ խոլեստերինը բացառապես ներմուծվում է սննդի հետ և արտադրվում է լյարդում։ Նոր պատկերացմամբ` ուղեղը գրելինի միջոցով համապատասխան հրահանգ է իջեցնում լյարդին. «Նվազեցնել խոլեստերինի պաշարը»։ Գիտնականները կարծում են, որ այս հայտնագործությունը թույլ կտա մշակել խոլեստերինի բաղադրությունն արյան մեջ կարգավորելու ուղղությանը միտված նոր բուժման մեթոդներ։

Հնարավոր է` հայտնագործությունը նպաստի ուղեղի գաղտնիքների ևս մեկի շերտի բացահայտմանը. Հատկապես ինչո՞ւ է ուղեղն անհապաղ հրահանգ իջեցնում արյան մեջ խոլեստերինի փոփոխության (ավելացման) վերաբերյալ։ Մինչ այդ հայտնի էր, որ ուղեղում կա 8-10% խոլեստերին` հիմնականում բջիջների թաղանթում. Արդյո՞ք խոլեստերինը նաև մի այլ` ոչ ավելի նվազ կարևորություն ունեցող դեր է կատարում ուղեղի նեյրոնների կամ նեյրոմեդիատորների գոյացման գործընթացում կամ կատարում է ինչ-որ այլ կարևոր ֆունկցիա։ Ինչևէ, արդեն պարզված է, որ հակախոլեստերինային սննդակարգերը և խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջեցնող դեղորայքը (ստատիններ, սեկվեստրանտներ, ֆիբրատներ, նիկոտինաթթու) հանգեցրել են հոգեկան հիվանդությունների զգալի աճին եվրոպական երկրներում (հատկապես` Նիդեռլանդներում)։

Ինչպիսի՞ կառուցվածք ունեն խոլեստերինի փոխադրամիջոցները. Հայտնի է, որ դրանք ճարպեր և սպիտակուցներ պարունակող մակրոմոլեկուլներ են։ Բարդ մոլեկուլի միջուկը բաղկացած է էլեկտրական տեսակետից չեզոք և չբևեռացված ճարպերից։

Միջուկը շրջապատված է ֆոսֆոլիպիդներից կառուցված միաշերտ արտաքին թաղանթով։ Թաղանթի արտաքին մակերեսի շուրջը կան ցանցանման սպիտակուցային ամինաթթուներից բաղկացած միացություններ և խոլեստերինի ազատ բյուրեղիկներ։ Խոլեստերինը հասնում է ուղեղին ցածր խտություն ունեցող ճարպասպիտակուցների միջոցով` արյան հոսքի հետ։

YndexenԱմինաթթուներ, որոնք անհրաժեշտ են ուղեղին և կարող են ներմուծվել միայն սննդամթերքի հետ
Որոշ ամինաթթուներ ծառայում են որպես հումք ուղեղի բջիջների (նեյրոնների) և նեյրոմեդիատորների կառուցման համար։ Մետիոնին ամինաթթուն նպաստում է ինտելեկտի զարգացմանը և ուսուցողական ունակությունների բարձրացմանը։ Պարունակվում է մսեղենում, ձկնեղենում, ձվի մեջ և ձավարեղենում (կորեկ, հնդկացորեն, վարսակ և այլն)։

Նեյրոմեդիատորների միջոցով ուղեղից դուրս եկող ազդանշանները վայրկյանի միլիոներորդ մասում հասնում են մինչև մարմնի համապատասխան բջիջները։ Նեյրոմեդիատորների կառուցման համար անհրաժեշտ է տրիպտոֆան ամինաթթուն, որից գոյանում են հորմոնների մետիոնինը` գիշերային ժամերին, և սերոտոնինը` այգաբացի ժամանակ։ Տրիպտոֆանը շատ է ոլոռի, լոբու, ոսպի, վարսակի, հնդկացորենի, կակաոյի, կենդանիների և թռչնի մսի, ձվի մեջ։

Համեմատաբար վերջերս հայտնաբերվել է ևս մեկ` ուղեղի աշխատանքի համար անհրաժեշտ, տաուրին ամինաթթուն։ Տաուրին պարունակող մթերքները (տավարի, խոզի, ճագարի, թռչնի և ձկան միս) պարտադիր պետք է ընդգրկվեն հղիների և երեխաների (հատկապես` ճագարի միսը) սննդակարգում։ Տաուրինն անհրաժեշտ է նյարդային համակարգի, աչքի ցանցաթաղանթի, մկանների զարգացման. նյարդային համակարգում ազդանշանների փոխանցման, խոլեստերինի մակարդակի իջեցման համար։ Տաուրինը կարգավորում է ճնշումը և սրտամկանի կրճատումների ռիթմերը։

Ուղեղին անհրաժեշտ այլ նյութեր
Ուղեղի բնականոն գործունեության համար անհրաժեշտ են բոլոր այն նյութերը, որոնք ներմուծվում են սննդի հետ, սակայն դրանցից մի քանիսն առավել կարևոր են։
kivi-faydalarıC վիտամին. Կուտակվում է նեյրոններում և ակտիվորեն մասնակցում է աճի հորմոնի, սերոտոնինի և նորադրենալինի գոյացման գործընթացներին։ C վիտամին պարունակող կանաչեղենը, պտուղ-բանջարեղենը և հատապտուղները ցանկալի է ուտել թարմ վիճակում և չմանրացնել։ Ձմռանը C վիտամինի լավագույն մատակարարներն են թթու դրած կաղամբը, կիվին, մասուրի պտուղները, ցիտրուսները։

Ֆոլիաթթու (B9). Առաջին անգամ ստացվել է սպանախից, պարունակվում է նաև հազարի մուգ տերևներում, ընկույզում, կտավատի սերմում (չի զիջում սպանախին) ցորենի, ոլոռի, լոբու ածիկներում։ B9-ը շատ է կենդանիների և թռչնի լյարդում։ Ֆոլիաթթուն տրոհվում է ջերմային մշակման ժամանակ։ Անհրաժեշտ է նոր բջիջների, այդ թվում` նեյրոնների կառուցման համար։
Քոլին. Վերամշակվում է ուղեղում և գոյանում է ացետիլքոլին նեյրոմեդիատորը, որը խթանում է ուղեղի ուսուցողական ֆունկցիան և նպաստում է հիշողության լավացմանը։ Քոլինի սակավությունը դառնում է մոռացկոտության և ցրվածության պատճառ։ Ինչպես կատակում էր Ա. Ռայկինը. «Բժի՛շկ, այստեղ հիշում եմ, իսկ ահա այստեղ չեմ հիշում»։
Քոլինը շատ է կենդանիների և թռչնի լյարդում, հավի և հատկապես լորի ձվի մեջ, պարունակվում է նաև վարսակի, լոբու և ոլոռի մեջ։ Քոլինը կայուն է ջերմային մշակման հանդեպ։

Սելենի հիմնական կենսաքիմիական ֆունկցիան հակաօքսիդանտ ֆերմենտների կառուցումն է։ Պարունակվում է խոզի ճարպի, ընկույզի, ծովամթերքների մեջ։
Ուղեղի աշխատանքին նպաստում են սև և մանուշակագույն մրգերը` սալորը, խաղողը և այլն։ Բարձր հակաօքսիդանտ` թթվածնի ազատ, ագրեսիվ ռադիկալները վերցնող հատկություն ունեն դարչինը, քրքումը, սև և կարմիր պղպեղը, մեխակ համեմունքայինը, և այլն։ Հակաօքսիդանտ նյութերը պահպանում են ուղեղի բջիջները։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս