2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով դատական նիստը սկսվեց (տեսանյութ)

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 2013թ. հունվարի 2-ին մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի գործով դատական առաջին նիստը:

Ամբաստանյալի աթոռին հայտնված Արաբկիր բժշկական կենտրոնի երկու մանկաբույժներից մեկն իրեն մեղավոր չճանաչեց, իսկ մյուսն ասաց, որ առաջադրված մեղադրանքը իրեն հասկանալի չէ: Նշենք, որ մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը մեղադրվում են իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Գործով մեղադրող Դավիթ Կարապետյանն հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Ըստ դրա՝ Լիլիթ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասակում իրականացնող անձ, Արաբկիրի բժշկական համալիրի բոքսային բաժանմունքի մանկաբույժ, ոչ պատշաճ է կատարել մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Մեղադրողն ասաց, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին, ժամը  20:20-ին Արաբկիրի բժշկական համալիրի բոքսային բաժանմունք է ընդունվել 2010թ. ծնված Լիա Միսակյանը:  Հերթապահ բժիշկ Լիլիթ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նրա կողմից կատարվել է թերի ախտորոշում՝ սուր շնչառական ինֆեկցիա. ըստ մեղադրանքի՝ հիվանդի անամնեստիկ և օբյեկտիվ տվյալները վկայել են օրգանիզմի արտահայտված ինտոքսիկացիայի մասին, ինչը բնորոշ է եղել ոչ թե սուր շնչառական ինֆեկցիային, այլ թոքաբորբին:

Կարդացեք նաև

Ըստ մեղադրանքի՝ թերի ախտորոշման հետևանքով Լիա Միսակյանին չի նշանակվել հակաբակտերիալ բուժում, բացի այդ՝ չի կատարվել ռենտգեն նկարահանում թոքաբորբի առկայությունը ժխտելու կամ հաստատելու նպատակով:

Ըստ մեղադրանքի՝ այդպիսի գործողությունների կատարումը հնարավորություն կտար Լիա Միսակյանին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու և բուժում կատարելու համար: Մեղադրող Դ. Կարապետյանն ասաց, որ դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանի ճիշտ ախտորոշումը և համապատասխան բուժման նշանակման պայմաններում հնարավոր կլիներ կանխել հիվանդության արագ և բացասական ընթացքը: Ըստ մեղադրանքի՝ Լիլիթ Վարդանյանը նաև անգործություն է ցուցաբերել. հիվանդի ընդունման ժամանակ նշանակվել է արյան ընդհանուր քննություն, սակայն ըստ մեղադրանքի, Լ. Վարդանյանը հետևողական չի եղել նույն օրը արյան նմուշ վերցնելու, ընդհանուր քննություն անցկացնելու և ստանալու ուղղությամբ այն դեպքում, երբ Արաբկիր բժշկական համալիրի լաբորատորիան գործել է շուրջօրյա:

Համաձայն մեղադրանքի՝ հունվարի 2-ին հերթապահությունն ընդունած մանկաբույժը հենց արյան քննության ընդհանուր արդյունքներից ելնելով էլ գնահատել է Լիա Միսակյանի ծանր վիճակը և նշանակել հիմնական հիվանդության համապատասպան բուժում:

Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը դատարանում ասաց, որ ներկայացված իրեն հասկանալի է մեղադրանքը, սակայն այն չի ընդունում: Նրա խոսքով՝ ինքը նախկինում դատված չի եղել,  ունի բարձրագույն կրթություն, «Արաբկիր» բժշկակական կենտրոնում աշխատում է որպես մանկաբույժ:

Մեղադրող Դ. Կարապետյանը հրապարակեց նաև Զարինե Այվազյանին առաջադրված մեղադրանքը, որի համաձայն՝ հանդիսանալով բժշկական օգնություն և սպասակում իրականացնող անձ, Արաբկիրի բժշկական համալիրի մանկաբույժ, չի կատարել մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

2013թ. հունվարի 1-ին մանկաբույժ Զարինե Այվազյանը հերթապահությունն ընդունել է Լիլիթ Վարդանյանից: Ըստ մեղադրական եզրակացության՝ հերթապահությունը ստանձնելիս Լիա Միսակյանի հիվանդության պատմագրում տեսնելով որ 2012թ. դեկտեմբերի 31-ին նշանակվել է արյան ընդհանուր քննություն, իր հերթապահության ընթացքում չի անդրադարձել արյան քննության արդյունքներին այն դեպքում, երբ 2013թ. հունվարի 1-ին, ժամը 11:00-ին դրանք արդեն իսկ պատրաստ են եղել: Ըստ մեղադրանքի՝ այդ գործողության կատարումը Լիա Միսակյանի ախտորոշման, համապատախան բուժման և ապաքինման հնարավորություն կտար:

Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը նույնպես ասաց, որ բարձրագույն կրթություն ունի, նախկինում դատված չի եղել: Նա դատարանում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը հասկանալի չէ:

Նրա պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Զ. Այվազյանն արյան քննության պատասխանները չի տեսել, «որպիսի գործողության ժամանակին կատարումը Միսակյանի հիվանդության ճիշտ ախտորոշման, համապաասխան ցուցված բուժման և ապաքինման հնարավորություն կտար»:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ իրենց համար անհասկանալի է, թե այդ պատասխանները տեսնելու դեպքում ո՞ր հիվանդությունը պետք է ախտորոշվեր, ո՞րն է համապատասխան ցուցված բուժումը և ինչի՞ արդյունքում պետք է լիներ ապաքինման հնարավորություն:

«Ընդամենը վերացական բնույթի արտահայտություններ են՝ առանց որևէ կոնկրետացման: Այս պահին իմ պաշտպանյալը հստակ հնարավորություն չունի պաշտպանվելու, քանի որ չգիտի, թե ինչի՞ց պետք է պաշտպանվի, ինչո՞ւմ են իրեն մեղադրում: Եթե տեսներ արյան պատասխանները, ի՞նչ պետք է աներ, որը չի արել: Այս պահին դա բացարձակ անհասկանալի է»,- ասաց պաշտպանը:

Մեղադրող Դ. Կարապետյանն ասաց, որ զարմանալի է պաշտպանական կողմի նման պահանջը, մեղադրական որոշման մեջ հստակ պազաբանված է: Նա նշեց, որ դեռևս հրապարակվել է միայն մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, բազմաթիվ ապացույցներ պետք է հետազոտվեն և այդ ապացույցների քննարկման արդյունքում կողմի համար պարզ կլինի՝ ինչում է կայանում Զարինե Այվազյանի անգործությունը:

Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է՝ մեղադրանքի էությունը հենց այս պահին պետք է պարզաբանվի: «Անձը պետք է իմանա՝ ինչում է մեղադրվում, որպեսզի հստակ կարողանա պաշտպավել դրանից, ոչ թե դատաքննության վերջում պետք է ասեն, թե դու ինչում էիր մեղադրվում և հիմա փորձի´ր պաշտպանվել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Դատախազ Դ. Կարապետյանն էլ հակադարձեց, որ նախաքննության ընթացքում նրանց մեղադրանք առաջադրելուց հետո ամբաստանյալները և նրանց պաշտպանները որևէ նման պահանջ չեն ներկայացրել: Նա նշեց նաև, որ միջնորդությունները կարդալուց պարզ կդառնա, որ պաշտպանները տեղեկացված են՝ ինչի համար են մեղադրվում, իսկ մեղադրանքը պարզաբանված է:

Դատարանն այսօր որոշեց նախ հարցաքննել տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանին, վկաներին, հետազոտել գործի ապացույցները, հարցաքննել փրձագետներին և վերջում հարցաքննել ամբաստանյալներին: Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհանիսյանը միջնորդեց հետաձգել քրեական գործի քննությունը՝ նելով, որ պետք է քննչական գործողության մասնակցի:

Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը ևս միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իրեն չի տրամադրվել մեղադրական եզրակացությունը, ինքը ցանկանում է ծանոթանալ դրան, հետո միայն ցուցմունք տալ: Դատավոր Լևոն Մկրտչյանը բավարարեց միջնորդությունը. դատական հաջորդ նիստ նշանակվեց վաղը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս