Բաժիններ՝

Պաշտպանը՝ դատավորին. Այնպես չէ, որ Դուք ընդմիշտ դատավոր եք աշխատելու, այնքա՜ն դատավորներ աշխատանքից ազատվեցին

Քրեական վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ներկայացված Վարդան Պետրոսյանի ձերբակալման վերաբերյալ նախաքննական մարմնի որոշման մասին բողոքը:

Այսօր քրեական վերաքննիչ դատարանում Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանին ձերբակալել են քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա, և նրան ձերբակակելու որոշումն անօրինական է եղել: Նրա խոսքով՝ եթե քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, ապա քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի կայացնել անձին ձերբակալելու մասին որոշում: Ըստ նրա՝ ձերբակալման մասին որոշում կարող է կայացվել, եթե տվյալ անձը գտնվում է այլ տեղանքում կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

«Սույն գործով Վարդան Պետրոսյանը երբևէ չի գտնվել այլ տեղանքում և նրա գտնվելու վայրը հայտնի է եղել վարույթն իրականացնող մարմնին»,- այսօր դատարանում ասաց Ն. Բաղդասարյանը՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանն իր ցուցմունքում նշել է, թե որտեղ է բնակվում վերջին 10 տարիների ընթացքում: Նրա խոսքով՝ Վարդան Պետրոսյանի քույրը ևս հարցաքննության ընթացքում ասել է, որ Վ. Պետրոսյանը բնակվում է իր տանը:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց նաև, որ ոստիկանությունը գրություն է ուղարկել  նախաքննական մարմնին, որտեղ ասված է, որ Վ. Պետրոսյանը ոչ իր հայկական, ոչ էլ ֆրանսիական անձնագրով չէր կարող մեկնել Հայաստանից:

Կարդացեք նաև

Ի դեպ, այսօր Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին նախաքննական մարմնից պահանջել այդ, ինչպես նաև մի քանի այլ փաստաթղթեր, սակայն վերաքննիչ քրեական դատարանը մերժեց այն: Նիկոլայ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ գործում եղել են բոլոր ապացույցները, սակայն դատարանը հրաժարվեց պահանջել այդ փաստաթղթերը, որպեսզի մերժի իր բողոքը:

Վարդան Պետրոսյանի փաստաբանն ասաց, որ նախաքննություն իրականացրած մարմինը հարցում է արել Կոտայքի մարզի Սարալանջ գյուղ՝ պարզելու համար՝ արդյոք Վ. Պետրոսյանը գտնվո՞ւմ է այնտեղ, թե՞ ոչ: Գյուղապետարանից պատասխանել էին, որ, ըստ հարցումների՝ 2013թ. նոյեմբերի 5-ին Վ. Պետրոսյանը գյուղում չի գտնվել: «Մարդուն արդեն իսկ որոշել էին ձերբակալել, ստեղծում էին հիմքեր»,- ասաց պաշտպանը:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Վ. Պետրոսյանին ձերբակալելու միտում է եղել, քանի որ հարցումն ուղարկվել է այն դեպքում, երբ քննիչը տեղյակ է եղել, թե որտեղ է գտնվում Վարդան Պետրոսյանը: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ այդ տեղեկանքը պահանջելով՝ քննիչը փորձել է իրավական տեսք տալ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշմանը:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց նաև, որ քննիչը 2013թ. նոյեմբերի 4-ին ծանուցագիր է ուղարկել Վարդան Պետրոսյանին, որպեսզի նա նոյեմբերի 7-ին ներկայանա հարցաքննության: Նրա խոսքով՝ Վարդան Պետրոսյանը ստացել է այդ ծանուցագիրը, ստորագրել և նշել, որ վատառաողջ է, չի կարող ներկայանալ, կներկայացնի համապատասխան բժշկական փաստաթուղթ: Սակայն Վարդան Պետրոսյանին նոյեմբերի 5-ին ձերբակալել են:

«Հասարակ տրամաբանություն: Ամսի 4-ին ուղարկել են ծանուցագիր, ասել են՝ ամսի 7-ին ներկայացիր մեզ մոտ հարցաքննության: Ի՞նչ իմաստ ունի ամսի 5-ին գնալ, ձերբակալել, ասել, որ դու ամսի 7-ին չես ներկայանալու մեզ մոտ, ընդ որում՝ հիմք ընդունելով քննիչի կողմից միակողմանի կազմված արձանագրությունը: Կարո՞ղ է մեկ հոգի ինձ պարզաբանել՝ սա որքանո՞վ է տեղավորվում պարզ տրամաբանության մեջ: Ես այս հարցադրումներն արել եմ նաև առաջին ատյանի դատարանում, հարգելի´ դատարան: Ասել եմ՝ խնդրում եմ՝ ինչ-որ մի տրամաբանական պատասխան տվեք: Ի՞նչ պատասխան եմ ստացել: Ասում են, որ որոշման մեջ գրած է, որ նախաքննության ժամանակ պարզվել է Վարդան Պետրոսյանի բնակության վայրը, դա չի էականը: Ասում են, որ մինչև դա քննիչը հարցաքննել է Վարդան Պետրոսյանին և իմացել է՝ վերջին 10 տարում որ հասցեում է նա մշտապես բնակվում, դա չէ էականը: Ասում են՝ այն, որ քույրը ցուցմունք է տվել, որ Վարդան Պետրոսյանը վերջին 10 տարվա մեջ գտնվում է իր բնակարանում և հիվանդանոցից դուրս գալուց՝ գալու է իր բնակարան, դա չէ էականը, էականն այն է, որ Վարդան Պետրոսյանը չի գտնվել Սարալանջ գյուղում: Ինչպե՞ս կարող է մարդը, եթե դուրս է գրվել հիվանդանոցից, դու գիտես, որ  գտնվում է Երևանի Կասյան փողոցի վրա, միաժամանակ գտնվի Սարալանջ գյուղում: Դու իմանում ես, որ այնտեղ է, հարցում ես անում, ասում ես, որ Սարալանջ գյուղում չի գտնվում, գտնվելու վայրը հայտնի չէ, գալիս, ձերբակալում ես մարդուն: Եվ  սրանից հետո ուզում եք Դուք ինձ կամ ինչ-որ մեկին ողջամտորեն բացատրել, որ չկա թշնամություն, չկա միտում, Դուք ուզում եք հիմնավորել, որ Դուք արդար որոշում եք ուզում կայացնել՝ մերժելով իմ բողոքը: Չկա նման բան: Չեմ հավատում, որ դատական նիստի քարտուղարը կամ դահլիճում գտնվող մեկը Ձեզ հավատա, որ Դուք արդար որոշում եք ուզում կայացնել՝ մերժելով բողոքը, որովհետև պահվածքը Ձեր…»,- դատարանում հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանն էլ պատասխանեց՝ ասելով, որ պաշտպանը իրենից խոսի, արտահայտի միայն իր կարծիքը: Նիկոլայ Բաղդասարայանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք ուրիշների կարծիքը նրան չի՞ հետաքրքրում: Ի պատասխան՝ դատավորը հորդորեց ուրիշի կարծիք հայտնելու իրավունքը թողնել ուրիշին:

«Կհայտնեն, հարգելի´ դատարան, համոզված եղեք: Ժամանակը որ գա… Մենք դառը փորձ ունենք: Այնպես չէ, որ Դուք ընդմիշտ դատավոր եք աշխատելու: Այնքա՜ն դատավորներ աշխատանքից ազատվեցին: Կարդո՞ւմ եք իրենց հոդվածները: Մի հատ կարդացեք, էլի»,- ասաց Ն. Բաղդասարյանը:

Դատավորն էլ հորդորեց շարունակել ներկայացնել բողոքը:

Գործով դատախազ Վահե Սարգսյանն ասաց, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավոր է, պատճառաբանված և օրինական, հետևաբար Ն. Բաղդասարյանի բողոքը ենթակա է մերժման:

Նա նշեց, որ նոյեմբերի 3-ին Վարդան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի վերականեդանացման բաժանմունքից, այնինչ, ըստ նրա՝ նման դեպքերում անձը սովորաբար տեղափոխվում է պալատ, և միայն մի քանի օր անց դուրս գրվում հիվանդանոցից.

«Այնուհետև քննիչը, ջանասիրություն գործադրելով, փորձել է հարցաքննության կանչել Վարդան Պետրոսյանին, զանգահարել է նրա քրոջը, սակայն նրա քույրը պատասխանել է, որ Վարդան Պետրոսյանը գտնվում է իր բնակարանում և չի թույլատրի, որպեսզի քննիչը մուտք գործի իր բնակարան: Հետևաբար՝ դա հավասարազոր է նրա վայրը հստակ հայտնի չլինելու հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս