«Դ!եմ եմ» շարժման ակտիվիստ. «Սա ձեր ցանկությամբ է, կուզենաք՝ կփոխանցեք, կուզենաք` չեք փոխանցի» (տեսանյութեր)
«Մարտի 7-ին`ուրբաթ օրը, ժամը 12:30-ին մենք հավաքվելու ենք ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք այն իրադարձությունների համար, որոնք այսօր բոլորիս աչքի առաջ կատարվում են, ավելի կոնկրետ՝ Ֆինանսների նախարարության կողմից տարբեր գործատուների և գործատուների հաշվապահների վրա իրականացվող, այս կամ այն կերպ արտահայտվող տոտալ ճնշումների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Դ!եմ եմ» շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը:
Նրա կարծիքով` այն, որ այսօր տոտալ ճնշումներ են իրականացվում Ֆինանսների նախարարության կողմից, որևէ մեկի համար նորություն չեն: «Երբ որ աշխատակարգային որոշումը Սահմանադրական դատարանը հրապարակեց, թե՛ ՊԵԿ-ը, թե՛ Ֆինանսների նախարարությունն անընդհատ տարածում էին այն լուրերը, որոնք իրականությանը չեն համապատասխանում և հիմք չունեն (հետո մարդու իրավունքների պաշտպանը դա հաստատեց, անգամ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը դա հաստատեց): Իբր թե, հետագայում, եթե օրենքը սահմանադրական ճանաչվի, հնարավոր է, որ միանգամից 3 ամսվա գանձումներ լինեն: Այսինքն՝ սա մի հայտարարություն է, որը տարածեցին, ցեցը գցեցին գործատուների մեջ, որպեսզի նրանք, իբր թե, վախենան, որ հետո ստիպված կլինեն իրենց աշխատողներից 3 ամսվա գումար պահել: Դրանից հետո գործատուների մի մասը որոշեց որպես ելք՝ պահել այդ գումարները, իրենց հաշիվների չփոխանցել, մտածելով, որ, եթե այսպիսի բան լինի, մենք գոնե այդ գումարները տանք, աշխատակիցը,միանգամից այդ բեռը չզգա իր ուսերին: Ես սա համարում եմ ծուղակ:
Հետո Ֆինանսների նախարարը կանգնում է և ասում՝ «Եթե դուք գանձել եք այդ գումարները, ի՞նչ հիմքով իրավունք ունեք ձեզ մոտ պահել, գործատուներ, դուք իրավունք չունեք ձեզ մոտ պահել, դուք գանձել եք աշխատակցից այն, ինչ պատկանում է իրեն: Ուրեմն պետք է փոխանցես ֆոնդին, այլապես դու կենթարկվես կրկնակի պատասխանատվության: Եվ նույնիսկ այս իրավիճակում այն աստիճանի գերազանցում են իրենց լիազորությունները, որ այդ նույն Ֆինանսների նախարարը գոնե չի ասում՝ «գործատու, գանձել ե՞ս, լավ, կամ պետք է փոխանցես ֆոնդին, կամ պետք է հետ տաս քո աշխատակիցներին»,- ասաց բանախոսը:
Դ. Մանուկյանի խոսքով` պատասխանատվություն կատեգորիան ենթադրում է պատասխանատվությունը չկատարելու դեպքում պատիժ. «Եթե պատիժը չկա, իսկ պատժի հոդվածը կասեցված է, սա արդեն ես պատասխանատվություն չեմ կարող համարել: Սա ձեր ցանկությամբ . կուզենաք՝ կփոխանցեք, կուզենաք՝ չեք փոխանցի»:
Բանախոսը նշեց, որ Սահմանադրական դատարանի՝ այս հարթության մեջ առաջացած բոլոր իրավահարաբերությունները պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից. «Մարդու իրավունքները գերակա շահ են, իսկ մարդու իրավունքը ենթադրում է աշխատակցի կարծիքը լսել, աշխատակիցն ուզում է՝ փոխանցվի՞ այդ գումարը որևէ ֆոնդի, թե՞ աշխատակիցն ուզում է՝ իր սեփականությունն իրեն տրվի»:
Դավիթ Մանուկյանն ասաց, որ «Դ!եմ եմ» շարժումը փորձում է ամեն ինչ անել, իր բողոքի ձայնը բարձրացնել, լսելի դարձնել մարդկանց, և մարտի 7-ի հավաքն այդ առիթներից մեկն է: