4 սահմանափակումներ, որոնց զսպում են երկարաժամկետ և կայուն տնտեսական աճը
«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հրապարակել են Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցը՝ «Աճի հրամայականը և խոչընդոտները» թեմայով:
Զեկույցի թեման երկարաժամկետ և կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է: Զեկույցը նպատակաուղղված է պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության ձևավորմանը՝ նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացմանն ուղղված օրակարգի մշակմանը:
Արդյունավետ կառավարման հրամայականը ստիպում է առաջնահերթություններ սահմանել և առաջին հերթին կենտրոնանալ առանցքային սահմնափակումների վրա: Դրանք այն ամենաէական սահմանափակումներն են, որոնք մինչև չվերացվեն, այլ գործոնների բարելավմանն ուղղված ջանքերն անարդյունավետ կլինեն: Զեկույցը վեր է հանել 4 նմանատիպ սահմանափակումներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է անհապաղ և արդյունավետ միջամտություն.
1. Մարդկային կապիտալի ցածր որակը: Քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի: Աշխատուժի հետ կապված խնդիրներն արմատապես կապված են որակի հետ: Տնտեսության կողմից պահանջվող և ներկայիս կրթական համակարգի կողմից փաստացի առաջարկվող աշխատուժի որակների միջև էական ճեղքվածք կա:
2. Անկատար մրցակցային միջավայր: Անարդար մրցակցային դաշտը և ստվերային տնտեսությունը ստեղծում են բազմաշերտ անբարենպաստ ազդեցություններ և՛ ընկերությունների, և՛ երկրի մակարդակով: Մրցակցային դաշտի առողջացումն ու բոլոր ընկերությունների համար հավասար դաշտի ստեղծումը կխթանեն Հայաստանում ձեռներեցության զարգացումը:
3. Հնարավորությունների բացահայտման պակաս: Հայաստանի աճի հեռանկարներն անխուսափելիորեն կապված են արտահանման հետ: Արտահանման և ներդրումների ներկա կառուցվածքը չեն նպաստում արտահանման նոր հնարավորությունների բացահայտմանը և նորարարությունների խթանմանը։ Արդյունավետ արդյունաբերական քաղաքականությունը պետք է միտված լինի նմանատիպ հնարավորությունների ստեղծմանը։
4. Միաչափ ֆինանսական համակարգ: Աճի հիմնական խոչընդոտը ֆինանսական համակարգի միակողմանիությունն է: Վերջինս թույլ չի տալիս ունենալ տնտեսության տարբեր հատվածների կարիքներին հարմարեցված բազմատեսակ գործիքներ: Տնտեսության աճը սպասարկելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ և դիվերսիֆիկացված ֆինանսական համակարգ:
Առանցքային խոչընդոտների վերացմանն ուղղված պետություն-մասնավոր հատված փոփոխությունների օրակարգը ներառում է.
– Գործունեության արդար դաշտի ստեղծում
– Արդյունաբերական քաղաքականության իրականացում
– Կրթության մեջ խոշոր ներդրումներ
– Ֆինանսական համակարգի զարգացում
Զեկույցը հրապարակվել է հայերեն և անգլերեն լեզուներով: Զեկույցի էլեկտրոնային
տարբերակները հասանելի են www.evconsulting.com և www.ev.am կայքէջերում: