ՀԱԿ պատգամավորը չի բացառում՝ հնարավորություն կա լիդերությունը որոշ էտապում ստանձնի Գագիկ Ծառուկյանը
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոչ իշխանական ուժերին համախմբման կոչ էր արել՝ հայտարարելով, որ կսպասի քաղաքական այդ ուժերի արձագանքներին:
168.am-ի հետ զրույցում, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանելով այն հարցին՝ արդյոք այդ կոչին հաջորդած ոչ իշխանական ուժերի արձագանքները լավատեսակա՞ն են, նշեց. «Ես միշտ փորձում եմ լավատես լինել, փորձում եմ հավատալ, որ դա հնարավոր է, որովհետև այլընտրանք չկա: Եթե մենք ազգային ուժեր ենք, ուզում ենք երկիրը հանել անդառնալի ճանապարհից, մեզ մնում է միայն միավորվել՝ անկախ տարաձայնություններից, մոտեցումներից, ամբիցիաներից: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, որի անդամ եմ նաև ինձ համարում, տոգորված չէ ամբիցիանորով, որ կուրանանք ու չտեսնենք ճիշտ ճանապարհը, իսկ փրկության եզրը միասնական ճակատն է»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի այն գնահատականին, թե «ինչով է պակաս Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլիից», ասել էր, թե այն մեսիջ էր, որ ԲՀԿ առաջնորդը ինչ-որ տեղ կարող է լինել միասնական ընդդիմության առաջնորդ: Այս առնչությամբ Լյուդմիլա Սարգսյանը ասաց՝ դա մոտեցման հարց է:
«Եթե մենք պետք է համատեղ պայքարենք, կարևոր չէ՝ ով կստանձնի այդ էտապում լիդերի պարտականությունները»,- նշեց նա:
Մեր հարցին՝ հաուն համախմբման համաձայն եք նույնիսկ Ծառուկյանի լիդերության տարբերակի՞ն, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Ինձ համար միշտ լիդեր է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, որի հետևից ես միշտ գնացել եմ: Զարգացումները ցույց կտան, թե ինչ հնավորություն կա պահպանելու լիդերությունը կամ ինչ հնարավորություն կա այդ լիդերությունը որոշ էտապում ստանձնի Գագիկ Ծառուկյանը: Ոչ մի բան չեմ բացառում»: