«Չեմ կարծում, որ ՀՀ-ի դիրքորոշումը որևէ խորը ազդեցություն կունենա եղելությունների վրա»

Ուկրաինան շարունակում է մնալ միջազգային օրակարգի գլխավոր հարցը, լարվածությունը պահպանվում է նաև երկրի ներսում, հատկապես սրվել է վիճակը Ղրիմի ինքնավարության խնդրի շուրջ` Ռուսաստանի Դաշնության կատարած գործողությունների հետևանքով:

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայցին` թույլատրել Ռուսաստանի զինված ստորաբաժանումներ մտցնել Ղրիմի տարածք` «ՌԴ սևծովյան նավատորմի և ռուսաստանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով»: Անընդհատ ստացվում են տեղեկություններ, որ Ռուսաստանը Ղրիմ է տեղափոխում նորանոր ռազմական ուժեր և զրահատեխնիկա: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Ռուսաստանի Դաշնության գործողությունները որակեց` որպես «չքողարկված ագրեսիա» Ուկրաինայի դեմ` հայտարարելով, թե Ռուսաստանը ցանկանում է կրկնել աբխազական սցենարը:

Արևմտյան պետությունները ևս դատապարտեցին Ռուսաստանի գործողությունները: Մասնավորապես, Մեծ յոթնյակի (G7) երկրները` ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան, սառեցրել են Սոչիում Մեծ ութնյակի (G8, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա, Ռուսաստան) գագաթաժողովի նախապատրաստումը և հանդես են եկել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների քննադատությամբ:

Մեծ յոթնյակի հայտարարության համաձայն` երկրները Ռուսաստանի գործողությունները համարում են Ուկրաինայի ինքնիշխանության ակնհայտ խախտում: Հայտարարությունում ասված է, որ Մոսկվայի գործողությունները համատեղելի չեն Մեծ ութնյակի գործողություններին:

Կարդացեք նաև

Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան պետությունները կարծում են, որ զորքեր մտցնելով Ղրիմ` Ռուսաստանը խախտել է 1994 թ. Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կնքված հուշագիրը, որը վերաբերում էր Ուկրաինայի անվտանգության և ինքնիշխանության պահպանմանը:

Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը որևէ կերպ չի արձագանքում միջազգային կարևորագույն այս խնդրին: Այս հարցը հուզում է շատերին, սակայն պաշտոնական պատասխան դեռևս չկա: Մեզ հետ զրույցում խոսելով այս հարցի շուրջ` քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ առնվազն տարակուսանք հայտնեցին: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Արձագանքի, գնահատականի բացակայությունն ինքնին ցույց է տալիս Հայաստանի անկախության աստիճանը:

Ըստ էության, այն աստիճանի ազատություն չունենք, որպեսզի կարողանանք գնահատական տալ տեղի ունեցողին, հատկապես, երբ մի կողմում` Հայաստանի ռազմավարական գործընկերն է խախտում միջազգային իրավունքը, և մյուս կողմից` այդ ամենը կատարվում է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի գործընկեր պետության հետ: Հետևաբար, իհարկե հասկանալի է, որ այսպիսի իրավիճակում Հայաստանից բավական մեծ ճկունություն է պահանջվում, բայց դա ամենևին չի նշանակում լռություն»:

Ս.Սաֆարյանի խոսքերով` ունենալ ռազմավարական գործընկեր, չի նշանակում` լռել նրա բոլոր քայլերի կապակցությամբ, դա նշանակում է` ազնիվ, բաց երկխոսություն, նշանակում է` ազդել:

«Իսկ միգուցե Հայաստանը լիներ այնպիսի ազդեցիկ պետություն, որ ինքը կարողանար փրկել իրավիճակը: Եթե Հայաստանն այս աստիճան թուլացրած չլինեին իշխանությունները` ներսից, իսկ Ռուսաստանը` դրսից, այդ դեպքում, իհարկե, միանգամայն այլ պահվածք կսպասեի Հայաստանից, բայց քանի որ թուլացրել են, առնվազն կարող եմ հասկանալ իշխանական կուսակցությունների զգուշավորությունը, բայց, ներեցեք, չեմ կարող հասկանալ ընդդիմադիր կուսակցությունների լռությունը»,- շարունակեց Սաֆարյանը:

Անդրադառնալով Ղրիմում Ռուսաստանի գործողություններին` պարոն Սաֆարյանը կարծիք հայտնեց, թե մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանն, ըստ էության, այդ ամենը սանձազերծել է` իր ազդեցության գոտիները պահպանելու համար, և պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը նման կերպ կարող է վարվել նաև Հայաստանի հետ:
Այս օրերին ոմանք համեմատություններ են անցկացնում Ղրիմի խնդրի և ղարաբաղյան հիմնահարցի միջև` այն իմաստով, թե մենք ունենք Լեռնային Ղարաբաղի հարց, և ճիշտ չէ հանդես գալ տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության դիրքերից:

Մասնավորապես, երեկ կայացած ասուլիսում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հայտարարել է. «Եթե Ղրիմն անկախանա կամ վերադարձվի Ռուսաստանին, ապա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից 5 պակաս կլինի»:

Ս. Սաֆարյանն այսպիսի կարծիքները գնահատում է «բոլորովին հիմնազուրկ»:
«Իսկ այդ նույն քաղաքագետները կարո՞ղ են ասել, թե ինչո՞ւ Ղարաբաղի հարցը «0000000» չլուծվեց Աբխազիայից և Հարավային Օսիայից հետո: Ինչո՞վ է Ուկրաինան, Ղրիմն այն բացառիկ դեպքը, որ դրանից հետո Ռուսաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը,- ի պատասխան` հարց հնչեցրեց Ստեփան Սաֆարյանը: -Իհարկե, ոչնչով: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի գործողություններով քաջալերված մարդիկ կարող են նման անհիմն պնդումներ անել, բայց Ռուսաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ավելին` Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է և ի պաշտոնե պարտավոր է պահպանել հավասարություն և չեզոքություն` անկախ նրանից, թե Ղրիմ է ճանաչում, պոկում, թե ինչ է անում»:

Անդրադառնալով նույն հարցին, թե որքանով են տեղին Ղարաբաղի և Ղրիմի միջև համեմատությունները, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե, իր կարծիքով` դրանք վերլուծաբանների, քաղաքագետների մտորումների աղբյուր են:
«Ես ինձ թույլ չեմ տա այս պահին նման զուգահեռ անցկացնելու: Մենք մշտապես հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ինքնորոշման հարց է»,- նշեց նա:
Գնահատելով Ուկրաինայի հարցով պաշտոնական Երևանի լռությունը` Վլադիմիր Կարապետյանը նշեց.

«Ես ափսոսում եմ, որ չենք կարողանում մեկին գտնել, ով կարող է մեր ժողովրդին պաշտոնական մակարդակով բացատրել, թե մենք ինչ վերաբերմունք ունենք` Ուկրաինայում կատարվող իրադարձությունների հետ կապված: Անգամ այն ողբերգական դեպքերից հետո, որ տեղի ունեցան Կիևի կենտրոնում` շուրջ 100 զոհերի ելքով, պաշտոնական Երևանը կրկին որևէ ռեակցիա չտվեց: Եվ ես պարզապես տարակուսում եմ, թե ինչպե՞ս դա պետք է անդրադառնա հայ-ուկրաինական հարաբերությունների ապագայի, հեռանկարի և Ուկրաինայում ապրող հայերի վրա»:

Ինչ վերաբերում է Ուկրաինայում բուն իրադարձություններին և Ղրիմի հարցի շուրջ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությանը, այդ մասին էլ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց հետևյալը.

«Միայն կարող եմ ասել, որ Հայ ազգային կոնգրեսն ուշադիր հետևում է իրադարձություններին, մենք ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ և հույս ունենք, որ հարցերը կկարգավորվեն ռուս-ուկրաինական եղբայրական հարաբերությունների համատեքստում»:

Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն էլ մեզ հետ զրույցում խստորեն դատապարտելով Ռուսաստանի կողմից ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիայի սպառնալիքը՝ նշեց, որ որքան` դատապարտելի, նույնքան էլ օրինաչափ է, որ պաշտոնական Երևանը դիքրորոշում չի հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ: «Դժբախտաբար, Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև պաշտոնական ընդդիմության զգալի հատվածի քայլերի արդյունքում Հայաստանն ինքն իրեն զրկել է որևէ հարցի շուրջ սեփական դիրքորոշում ունենալու իրավունքից»,- նշեց Ա.Զուրաբյանը՝ միաժամանակ ՀՀՇ-ի անունից զորակցություն հայտնելով Ուկրաինայի ժողովրդին՝ սեփական ազատությունների և քաղաքակրթական, այն է՝ եվրոպական ընտրության համար մղվող պայքարում:

Հիշեցնենք, որ ի պատասխան մեր հարցադրմանը` ինչո՞ւ պաշտոնական Երևանը դիրքորոշում չի հայտնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մի քանի օր առաջ պատասխանել էր. «Եթե հայտնելու լինենք, այն կհրապարակվի»: Իսկ երեկ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ թե ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանն Ուկրաինայում խորացող ճգնաժամի վերաբերյալ, Տիգրան Բալայանն ընդամենն ասել է, թե «Հայաստանի դեսպանը գտնվում է Կիևում և ուշադրությամբ հետևում է զարգացումներին»:

Պարզվում է` Հայաստանի իշխանությունները «ինֆորմացիայի պակաս» ունեն, այդ պատճառով չեն շտապում պաշտոնական դիրքորոշում հայտնել Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ-ում իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը լռում, ինչո՞ւ պաշտոնական դիրքորոշում չի հայտնում այն մասին, որ Ռուսաստանը փաստացի պատերազմ է հայտարարել Ուկրաինայի դեմ, ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց.

«Նախ` ինֆորմացիայի պակաս կա ոչ միայն մեզ համար, այլև՝ աշխարհի: Եվ հետո` խորը դիվանագիտական փիլիսոփայությունը ենթադրում է, որ… չեմ կարծում, որ Հայաստանի դիրքորոշումները, գնահատականները որևէ խորը ազդեցություն կունենան եղելությունների վրա:

Մենք կարծում ենք, որ մեր դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ պետք է շարունակվեն, և հեչ անհրաժեշտ չէ գնահատականների ճանապարհով գնալ, մենք շահագրգռված ենք, որ լինի հանգիստ Ուկրաինա: Իրողությունն այնպիսին է, որ դեռ ուկրաինական շրջանակներում էլ պարզ չէ` Ուկրաինան ի՞նչ եղավ, հետագայում ի՞նչ կլինի»:

Մեր հարցին, թե արդյո՞ք լռության պատճառը նաև այն է, որ Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ուկրաինայի նոր իշխանություններին, Գ. Սահակյանը պատասխանեց, թե իշխանությունները ձևավորվում են «ընտրությունների հետևանքով»: Նրա խոսքով` Հայաստանը կճանաչի ուկրաինական իշխանություններին միայն ընտրություններից հետո:

«Երբ ընտրություններ լինեն, ըստ այդմ էլ մենք մեր մոտեցումը կհայտնենք, կձևավորվի մեր հետագա փոխհարաբերությունների ձևաչափը»,- նշեց նա:
Գ. Սահակյանին հիշեցրինք, որ իշխող Հանրապետականը պարբերաբար խոսում է ժողովրդավարության, համերաշխության մասին, և հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՀԿ-ն չի՞ դատապարտում Ռուսաստանի կեցվածքը, որը զորք է մտցնում Ուկրաինա` պատերազմ սկսելու սպառնալիքով: Ի պատասխան` ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Եթե այդպես լիներ, հիմա պետք է մտածեինք, թե ԱՄՆ-ը ինչի՞ զորք մտցրեց Իրաք, ինչի՞ Սիրիայի պրոբլեմ ստեղծվեց, Յուգասլավիայի:

Եվ մի մոռացեք, որ ռուսական զորքերն առանց այդ էլ այդտեղ կան, նավատորմ ունեն, և չեմ էլ կարծում, որ ՌԴ մոտեցումն այն է, որ Ղրիմը միանա Ռուսաստանին, ուզում են` իրենց հայրենակիցները խաղաղ ապրեն, ուզում են` իրենց անվտանգությունն ապահովեն»: Դիտարկմանը, թե Ռուսաստանն Ուկրաինան բաժանում է երկու մասի, Սահակյանը չհամաձայնվեց` նշելով, թե չի կարծում, որ Ուկրաինան երկու մասի կբաժանվի: «Ռուսաստանին հատուկ ձեռնտու չէ, որ Ղրիմը միանա իրենց»,- հավելեց նա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ կարծիք հայտնեց, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է հանդես գար կոչով այն մասին, որ ուկրաինական իրադարձությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: «Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտնի նպաստելու, որ բոլոր տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծվեն, և ժողովրդի կամարտահայտությունը դառնա իրականություն: Ինչո՞ւ չի արվում` չգիտեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Մարգարյանը:

Հարցին` չե՞ք դատապարտում Ռուսաստանի քայլերը` Ղրիմ զորք մտցնելը և Ուկրաինան երկու մասի բաժանելու փորձերը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, թե ինքը չի կարծում, որ Ուկրաինան երկու մասին կբաժանվի: «Այստեղ բավական պրոբլեմային է դառնում Յանուկովիչը, որովհետև նա մեկ հրաժարվեց, մեկ չհրաժարվեց: Այն, ինչ կատարվում է հիմա, հիմքում Յանուկովիչի հայտարարությունն է ընկնում, որ ինքը դեռ նախագահ է: Սա բերում է նրան, որ Յանուկովիչն անգամ կարող է զորք պահանջել»,- նշեց նա:

Մեր ճշտող հարցին` դատապարտո՞ւմ եք Ռուսաստանին` Ղրիմ զորք մտցնելու համար, որ ՌԴ-ն նպաստում է Ուկրաինայի պառակտմանը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ եթե մի պետություն նպաստում է մյուս պետության բաժանմանը, ինքը միանշանակ դա դատապարտում է:

Մեր հարցին, թե Ռուսաստանը չի՞ նպաստում Ուկրաինայի պառակտմանը, նա այսպես պատասխանեց.

«Ես դեռ չգիտեմ, անկեղծ ասած` չգիտեմ: Հասկացեք՝ ես Ռուսաստանին պաշտպանել կամ չպաշտպանելու խնդիր չեմ դնում այս պահին: ՌԴ-ն այդ զորքերը պատճառաբանում է նրանով, որ ռուս ազգաբնակչությանն է պաշտպանում, ինչը նորմալ եմ համարում, բայց եթե գնա քաղաքական խնդիրներ դնի, գնա Ուկրաինան պառակտի, ուրեմն դա դատապարտելի է»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը մինչ այժմ պաշտոնական դիրքորոշում չի հայտնում Ռուսաստանի կողմից Ղրիմ զորք մտցնելու առնչությամբ, նշեց. «Կարծում եմ` Հայաստանը` որպես պետություն, ճիշտ կեցվածք է որդեգրել: Քաղաքական ուժերը կարող են ամենատարբեր դիրքորոշումներն ունենալ, և դա բնական է: Չեմ հավատում, և Աստված չտա, որ լինի ռազմական լուրջ բախում: Կրկնում եմ՝ Հայաստանն այս պահին` որպես պետություն, ճիշտ է վարվում, որ դիրքորոշում չի հայտնում»:

Իսկ հարցին, թե արդյոք դատապարտելի չէ՞, որ զորքեր մտցնելով` ՌԴ-ն պառակտում է Ուկրաինան, Հակոբյանը նկատեց. «Ես չգիտեմ, որքանով է այսօր ճիշտ ասել, որ Ռուսաստանն ունի Ուկրաինայի պառակտման սցենար՝ չբացառելով, իհարկե, նման գաղափարի առկայությունը: Բայց կարծում եմ, եթե իսկապես ՌԴ-ն պատերազմական գործողություններ սկսի Ուկրաինայի դեմ` դրանից որևէ կողմ չի շահի, առավել ևս` Ռուսաստանը: Ի վերջո, պետք է հիշել, որ Կիևյան Ռուսիայով է սկսվել Ռուսաստանի կենսագրությունը, և սա, կարծում եմ, պետք է բարոյական խորհրդանիշ դառնա և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար»:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս