Չինացի ոստիկանի սխրանքը «չինական սեպտեմբերի 11»-ի ժամանակ
South China Morning Post-ի փոխանցմամբ՝ չինացի հատուկջոկատայինը 15 վայրկյանում հրազենային զենքով սպանել է 4 ահաբեկչի և վիրավորել է նրանց հանցակցին: Միջադեպը գրանցվել է Կունմին քաղաքի երկաթուղային կայարանում ահաբեկչության ժամանակ:
Նշվում է, որ ահազանգից 10 րոպե հետո դեպքի վայր է ժամանել 4 ոստիկան, որոնցից միայն մեկի մոտ է գտնվել ավտոմատ հրացան: Ոստիկանները կայարանում հայտնաբերում են 60-70 սանտիմետր երկարությամբ դանակներով զինված մարդկանց խմբի, որոնց վրա եղել է սև զգեստ, իսկ նրանց դեմքը փակված է եղել գլխաշորով:
Նախազգուշական կրակոցներից հետո հատուկջոկատայինը կրակ է բացում ահաբեկիչների վրա: Նա առաջինը վիրավորում է փարանջայով կնոջը, որը գտնվել է նրանից ընդամենը երկու մետր հեռավորության վրա և պատրաստվել է հարձակվել նրա վրա: Չինաստանի իշխանությունները երեկ հայտարարել են, որ կայարանի վրա հարձակման գործով ձերբակալել են երեք կասկածյալի:
Հետաքննության տվյալներով ահաբեկչությունն իրականացրել է 8 հոգանոց խումբը, որից կեսին սպանել են հանցանքի վայրում: Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ տեղի ունեցածն ահաբեկչական ակտ է, որի հետևում կանգնած են երկրի հյուսիս-արևմուտքում ընկած Սինձյան-Ույղուրյան ինքնավար շրջանի անաջատողականները:
Շրջանի բնակչության կեսը մուսուլմաններ են: Կունմինի կայարանի հարձակումն իրականացվել է մարտի 1-ի երեկոյան: Դանակներով զինված հանցագործներին հաջողվել է կարճ ժամանակահատվածում սպանել 29 մարդու: Վիրավորվել է ևս 143 մարդ: Չինական մամուլն այդ ահաբեկչությունը որակել է որպես «չինական սեպտեմբերի 11»: