Մարտի 7-ին՝ երկու ցուցահանդես և աճուրդի մեկնարկ
«ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը մարտի 7-ին «Ոսկե դար» պատկերասրահում կներկայացնի հետաքրքիր երկու ցուցահանդես: Բացի այդ, նույն օրը կմեկնարկի աճուրդային լոտերի ցուցադրությունը, որի ընթացքում այցելուներն արդեն հայտ ներկայացնելու հնարավորություն կստանան:
Կենդանի աճուրդը կկայանա մարտի 28-ին և 29-ին, որն, ի դեպ, համաձայն նախագծի կազմակերպիչների՝ իր կոնցեպցիայով, կառուցվածքով և նախապատրաստական հսկայական աշխատանքների շնորհիվ՝ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում: Հիշեցնենք, որ «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնի ներկայացուցիչները մեկ տարի առաջ հայտարարեցին, որ չեն շտապելու կարճ ժամանակահատվածում աճուրդ կազմակերպել, քանի որ այդ միջոցառման կայացման հիմնասյունը նախապատրաստական ճշգրիտ աշխատանքների կազմակերպումն ու խելամիտ մշակութային և մարքետինգային քաղաքականության գործընթացն է:
Այլ կերպ ասած՝ իբրև աճուրդային կենտրոն` արվեստի ձեռքբերման և իրացման հստակ ձևաչափն ամրագրելուց հետո, «ԱԱ Աուկցիոն» կենտրոնը քայլ առ քայլ սկսեց հայաստանյան իրականության մեջ ներդնել արվեստի ստեղծագործության գեղարվեստական արժեքի գնահատման ինստիտուտ: Թերևս, մի բան, որի անհրաժեշտության մասին տարիներ շարունակ խոսում էին արվեստաբանները, փորձագետները և իրենք՝ արվեստագետները, ըստ որոնց՝ աճուրդային մոդելով արվեստի շուկա ստեղծելու համար նախ` պիտի գտնվի հսկայական ռեսուրսներ ներդրող այն արվեստի սիրահարը, որը չի վախենա աճուրդային գործունեության անկանխատեսելիությունից:
Այնուամենայնիվ, շուրջ մեկ տարի «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնն իր տվյալների բազայի հիման վրա մոնիտորինգ կատարելուց, համաշխարհային և տեղական շուկան ուսումնասիրելուց, եվրոպական խոշոր աճուրդային կենտրոնների փորձը յուրացնելուց և Հայաստանում խոշոր ցուցահանդես-նախագծեր իրականացնելուց հետո աճուրդ կազմակերպելու նպատակահարմարությունը համարեց իրատեսական և անհրաժեշտ: «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնի տնօրեն Աննա Գրիգորյանի հավաստմամբ՝ մասշտաբային ցուցահանդեսներ, հետաքրքիր նախագծեր իրականացնելուն զուգահեռ` աճուրդի կազմակերպումն ամենամեծ ռիսկային քայլն է:
«Բայց բավականին աշխատանքներ ենք կատարել, դժվար ընթացակարգեր ենք հաղթահարել աճուրդային գործունեության պատասխանատվությունը ստանձնելու համար: Որոշեցինք մարտի 7-ից լոտերի ցուցադրությունը կազմակերպել, մինչև մարտի 28-ը, քանի որ 28-ին և 29-ին արդեն կենդանի աճուրդը կկայանա:
«Ոսկե դարի» այցելուները կարող են գալ, ծանոթանալ գործերին, և ցանկության դեպքում, իրենց ընտրած լոտերի համար հայտ ներկայացնել: Աուկցիոնային իրադարձությունները հասարակության մեջ ձգողական ուժ ունեն, քանի որ դրա մեջ ազարտ կա»,- ասում է Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ այս ընթացքում հանրային տեղեկատվական արշավ են իրականացնելու, որպեսզի մեր քաղաքացիները մասնակից լինեն այդ կարևորագույն իրադարձությանը:
Հատկապես, երբ Հայաստանում աճուրդի պատմություն գոյություն չունի, և մարդիկ նախ` իրազեկման կարիք ունեն: Ի դեպ, Ա. Գրիգորյանը նկատում է, որ Հայաստանում իրականացված աճուրդները հիմնականում բարեգործական բովանդակությամբ են եղել, մինչդեռ՝ իր նպատակն աճուրդով արվեստի կոմերցիոն դաշտ ստեղծելն է, որի արդյունքում կառողջանան աճուրդային կենտրոնի, արվեստագետի, քաղաքացու` իրար շաղկապված պահանջմունքները:
Այսինքն՝ կենտրոնն ինչ-որ իմաստով կդառնա ստեղծողի, իրացնողի և սպառողի շարժիչ ուժը, այդպիսով՝ կայացնելով արվեստի շուկան, ինչպես նաև հասարակության մեջ կխթանի արվեստի ձեռքբերման մրցակցությունը: «Աճուրդային իրադարձությունն, իհարկե, երևույթ է, որովհետև այդ գործունեությունը բազմաշերտ է, մեծ ներուժ է պահանջում, և, որն ամենակարևորն է՝ աճուրդը կայացնելու հիմնաքարը նախնական ճշգրիտ քայլերից հետո այն կազմակերպելու իրավունք վաստակելու գիտակցությունն է:
Իրականում մենք պարադոքսալ, անկանխատեսելի իրավիճակում ենք, որովհետև իրականացնում ենք մի բան, որի տեղական փորձը մեր դիտակետում չունենք: Դրանից զատ, մեր երկիրն ունի իր սպեցիֆիկ կողմերը. Տեսե՛ք, մենք պարտավոր ենք պահպանել աճուրդ անցկացնելու դասական օրենքները, համաձայն որոնց՝ իրականացվում են համաշխարհային աճուրդները, մյուս կողմից էլ՝ պարտավոր ենք հաշվի առնել մեր մենթալիտետը, ազգային առանձնահատկությունները:
Օրինակ՝ հիմա ես պետք է հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ սկսեմ, մինչդեռ աշխարհում այդպես չէ: Գոյություն ունեն հստակ արվեստի սիրահարներ, արվեստի գործերի գնորդներ, art-դիլերներ, այսինքն՝ աճուրդային տունն ունի իր կոնտինգենտը, որը հակված է աճուրդի կայացման ինֆորմացիան հնարավորինս ճշգրիտ ձեռք բերել ինքնուրույն: Բայց հաշվի առնելով մեր իրականությունը` մենք հիմա աշխատում ենք հանրային իրազեկման ակցիաներ իրականացնել»,- նկատում է Ա. Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ աճուրդային գործունեությունն ինքը հասարակության հետ միասին է փորձելու «ոտքի կանգնեցնել» և կայացնել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով նախորդ խոշոր ցուցահանդեսների նկատմամբ հասարակական ակտիվությունը, «Ոսկե դար» պատկերասրահի այցելուների հետաքրքրվածության մեծ շարժը` Ա. Գրիգորյանը վստահ է, որ աճուրդային գործունեությունը ոչ միայն հաջողելու է, այլ՝ դրա պահանջարկը ձևավորվելու է նախ` հասարակության կողմից:
Ի դեպ, նրա հավաստմամբ` «Ոսկե դար» պատկերասրահի այցելուները վերջին օրերին զանգահարում և փորձում են ճշտել, թե արդյոք կարո՞ղ են արվեստի գործ ձեռք բերել կանանց միամսյակի շրջանակներում, ինչին ի պատասխան՝ պատկերասրահի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ 2 ցուցահանդեսներից և աճուրդի մեկնարկից զատ, կազմակերպվում է նաև ուղղակի վաճառք:
«Մենք, ճիշտն ասած, հատուկ չենք ընտրել մարտի 7-ը, պարզապես հիմա ենք պատրաստ այն իրականացնելու, բայց, քանի որ այցելուների մոտ ցանկություն կա իրենց կանանց, սիրելիներին արվեստի ստեղծագործություն նվիրել, բնականաբար, խորհուրդ ենք տալիս առիթը բաց չթողնել: Հետաքրքիր մի բան պատմեմ. ինձ զարմացրեց, որ մի տղամարդ եկել ու փորձում էր կանանց տոնի առթիվ նկար կամ քանդակ ընտրել: Ասում էր՝ ինչքա՞ն կարելի է օծանելիք նվիրել, ուզում եմ մի էնպիսի բան նվիրել, որ օծանելիքի պես չվերջանա, այլ մնա` որպես հիշողություն, որին նայելով` գեղեցիկ զգացողություններ կապրի կինս, և, դրանից բացի, նվերիս արժեքը տարեցտարի կբարձրանա: Ինձ շատ դուր եկավ այդ մոտեցումը, քաղաքակիրթ նվեր ընտրելու կուլտուրա է ձևավորվում:
Բնականաբար, մեր այցելուին հրավիրեցի մարտի 7-ին կայանալիք մեր ցուցահանդեսներին, աճուրդի մեկնարկին՝ վստահեցնելով, որ շատ մեծ ընտրություն կունենա նվեր գնելու»,- պատմում է Ա. Գրիգորյանը՝ ավելացնելով, որ աճուրդում արվեստի դասակարգում չի լինելու, այցելուներին շատ հարուստ և բազմազան նյութ են մատուցելու:
Կցուցադրվեն ֆրանսահայ նկարիչները
Անդրադառնալով մարտի 7-ին կայանալիք ցուցահանդեսներին՝ նշենք, որ «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված ծրագրերում կներկայացնի «Հայ նկարիչները Ֆրանսիայում. 20-րդ դար» խորագրով ցուցահանդեսը: «Ոսկե դար» պատկերասրահում կցուցադրվեն 20-րդ դարում Ֆրանսիայում ապրած և բավականին ճանաչված, բայց Հայաստանում չներկայացված ֆրանսահայ նկարիչների աշխատանքները՝ Գրիգոր Պետիկյան, Էդգար Շահին, Ասատուր Պստիկյան, Մախոխյան, Շաբանյան, Քոչար, Ժանսեմ, Թութունջյան, Գառզու և այլք:
Այսինքն՝ անուններ, որոնք Հայաստանի թանգարաններում ներկայացված չեն, հասարակության համար բացահայտված չեն: Ա. Գրիգորյանն ասում է` «Ֆրանսիացի իմպրեսիոնիստներ, մոդեռնիստներ կան: Շատ հետաքրքիր ցուցադրություն է լինելու: Աշխատանքները Ֆրանսիայից ենք ընտրել, բերել: Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը ներկայացված կլինի նաև կենդանի աճուրդում, և մարդիկ գնելու հնարավորություն կունենան: Ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 20-ը՝ Ֆրանկոֆոնիայի ավարտը»:
«Pop-art-ի հինգ գույները»
Նույնը օրն արդեն կանանց միամսյակին նվիրված « Pop-art-ի հինգ գույները» խորագրով ցուցահանդեսով կներկայացվեն թվով հինգ արվեստագետ կանայք՝ Սոնա Աբգարյան, Դիանա Հակոբյան, Արփա Հակոբյան, Մանան Թորոսյան, Աստղիկ Մելքոնյան: Նրանք կներկայացնեն ժամանակակից արվեստի 5 տարբեր ժանրեր։
«Ներկայացնելու ենք շատ առաջադեմ, հետաքրքիր և Հայաստանին ոչ այնքան տիպիկ արվեստ: Մեզ մոտ մարտի 8-ի կապակցությամբ ընդունված է Նկարիչների միությունում մի 50 ծաղիկներով նկարների ցուցահանդես անել, բայց հավատացնում եմ, որ այդ կարծրատիպային ոճից դուրս ցուցադրություն ենք անելու: Pop-art ոճի մեջ, վառ գույներով, համարձակ art-օբյեկտներ, ինստալացիաներ, կոլաժներ, քանդակ, գեղանկար, ոչ տիպիկ նյութերով աշխատանքներ են լինելու»,- ասում է Ա. Գրիգորյանը՝ հավատացնելով, որ այս ցուցահանդեսն ինչ-որ իմաստով բնորոշելու է հայ կնոջ առաջադիմությունը, աշխարհայացքն ու արվեստի ոլորտում զարգացումները:
Այսինքն՝ կին արվեստագետների մի խումբ, որն ամբողջ աշխարհի հետ կապեր ունի, ազգային մոտիվներից դուրս է և ձգտում է առաջադիմական նախագծերով, գաղափարներով հանդես գալ: Ի դեպ, նշյալ արվեստագետների ստեղծագործությունները դիպուկ են սոցիալական նշանակությամբ և արտահայտում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը սոցիումի մեջ: Այսինքն՝ շեշտադրում են կնոջ դերակատարումն` իբրև քաղաքացի, այնուհետև՝ արվեստագետ: