Հայաստանի հանցավոր լռությունը՝ համաշխարհային աղմուկի մեջ

Շաբաթ օրվանից ողջ աշխարհն ապրում է միանգամայն այլ՝ պատերազմի սպառնալիքի ռեժիմում: Ռուսաստանը փաստացի հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ, ռուսական զորքերի մի մասն արդեն իսկ Ղրիմում է, մյուսները ճանապարհին են: Աշխարհի քաղաքական կենտրոններն  անընդհատ ռեժիմով զբաղված են Ռուսաստանին զսպելու և պատերազմը կանխելու գործով:

Տասնյակ երկրներ պաշտոնական ու հասարակական մակարդակով դատապարտում են Ռուսաստանին ու կոչ են անում հրաժարվել ինքնիշխան պետության նկատմամբ ռազմական անեքսիա իրականացնելու արկածախնդրությունից:
Աշխարհը բաժանվել է սև ու սպիտակի՝ պետությունների գերակշիռ մասը դատապարտում է Ռուսաստանին, շատ ավելի քիչ թվով երկրներ, բնականաբար՝ ռուսական ազդեցության երկրներ, պաշտպանում են Ռուսաստանի ագրեսիան:
Որտե՞ղ է Հայաստանն այս իրավիճակում: Ոչ մի տեղ:

Հայաստանը՝ որպես քաղաքական սուբյեկտ, որպես ինքնիշխան պետություն, գոյություն չունի: Այլ կերպ հնարավոր չէ գնահատել Հայաստանի լռությունը համաշխարհային աղմուկի մեջ: Այդ լռությամբ Հայաստանը, բնականաբար, Ռուսաստանի կողքին է: Այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում, քանի դեռ Մոսկվայից ցուցում չի ստացվել:

Դատապարտել Ռուսաստանին Հայաստանը, բնականաբար, չի կարող: Նախ՝ որովհետև ՀԱՊԿ անդամ է, և դա կարող է զուտ ֆորմալ տեսանկյունից խնդիրներ առաջացնել, և ամենակարևորը՝ Հայաստանն իրեն զրկել է քաղաքական դիրքորոշում ունենալու իրավունքից: Թե որքան կկարողանա Հայաստանը շարունակել ջայլամային այս գործելաոճը, դժվար է ասել: Այդ հարցի պատասխանը, թերևս, պետք է ուղղել ոչ թե պաշտոնական Երևանին, այլ Մոսկվային, որտեղից էլ, ըստ ամենայնի, Հայաստանը ստանում է այս կամ այն հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու կամ լռելու դիրեկտիվները:

Այս լռությամբ (Աստված մի արասցե, Մոսկվայի հրահանգով Ուկրաինայի նկատմամբ ագրեսիան պաշտպանելու դիրքորոշում հայտնելու դեպքում` առավել ևս) Հայաստանը լեգիտիմացնում է երբևէ Հայաստանում ռուսական ագրեսիայի, նաև ռազմական ագրեսիայի իրավունքը:

Հայաստանի իշխանությունները կարող են այս կամ այն կերպ արդարացնել քաղաքական ամորֆությունն ուկրաինական իրադարձությունների հարցում: Դժվար չէ կռահել, որ դրանց թվում կարող է լինել այն մտավարժանքը, թե Ղրիմի՝ Ուկրաինայից պոկվելու քայլը կարող է դրական նախադեպ հանդիսանալ Ղարաբաղյան հարցի համար: Բայց դա կատարյալ անհեթեթություն է, որովհետև Ղարաբաղն իր ինքնորոշման պայքարի օրինակ է, Ղրիմը՝ ռուսական հատուկ ծառայությունների կազմակերպած անջատողականության:

Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում «Հայաստանի արտաքին քաղաքականություն» կոչվող գործունեությամբ զբաղվողներն այսօր, հենց այս պահին: Չնայած, հազիվ թե մտածում են ընդհանրապես: Այլապես Հայաստանի դիվանագիտական կորպուսը՝ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի գլխավորությամբ, կիրակի օրը (երբ աշխարհը զբաղված էր հնարավոր պատերազմը թույլ չտալու դիվանագիտական աշխատանքով),  չէր հավաքվի Ջերմուկում՝ նշելու Հայաստանի դիվանագետի օրը՝ մարտի 2-ը:

Թերևս խորհրդանշական է, որ այդ տոնն այս տարի համընկել է հենց այն օրվա հետ, որը ցույց է տվել, որ Հայաստանի դիվանագիտություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի: «Հայաստանի դիվանագիտություն» անվան տակ իրականում իրականացվում է գործունեություն, որը գրեթե չի տարբերվում Հայաստանում «Գրիբոյեդով»  ակումբի հիմնադիր Դմիտրի Կիսելյովի  քարոզչությունից, որը շատերը համարում են գեբելսյան քարոզչության ժամանակակից դրսևորում:

Ստեղծված իրավիճակն աշխարհի բոլոր պետություններին կանգնեցել է «կամ-կամ»-ի երկընտրանքի առաջ. կա՛մ պաշտպանում են ագրեսիան՝ դառնալով ինքնիշխան պետության ներքին գործերին ռազմական ճանապարհով միջամտելու ակամա մեղսակից, կա՛մ դատապարտում են այն՝ այդպիսով պաշտպանելով ոչ միայն՝ Ուկրաինայի, այլև սեփական տարածքային ամբողջականությունը՝ այն ոտնձգության ենթարկելու նախադեպից: Հայաստանը մի անգամ արդեն համաշխարհային խայտառակություն ապրել է. պաշտոնապես հռչակելով «և-և»-ի քաղաքականություն՝ ընտրել է Ռուսաստանը:

Սակայն այս դեպքում դա չի գործի անգամ քարոզչական մակարդակում: Հնարավոր չէ դատապարտել ագրեսիան՝ միաժամանակ պաշտպանելով ագրեսորին: Դա կասկածի տակ կդնի Հայաստանի ոչ միայն՝ քաղաքական ինքնիշխանությունը, այլ նաև մեղսունակությունը:

Տեսանյութեր

Լրահոս