Ինչո՞ւ պաշտոնական Երևանը դիրքորոշում չի հայտնում Ուկրաինայի հարցով

Այս շաբաթ մի քանի հայ փորձագետներ հանդես եկան հայտարարությամբ, թե Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը: Մասնավորապես, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը մամուլի ասուլիսում ասաց. «Հայաստանի իշխանությունները պիտի ընդունեն ուկրաինական նոր իշխանությունների լեգիտիմությունը, և ՀՀ ԱԺ-ից պատվիրակություն պիտի գնա Գերագույն ռադա»:

Նմանատիպ կարծիք հայտնեց նաև մեկ այլ քաղաքագետ` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ում խոսքերով` աշխարհում միակ կառավարության ղեկավարը, ով կասկածի տակ է դնում Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է: «Բայց ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը կհետևի դեպքերի տրամաբանությանը և կճանաչի Ուկրաինայի ներկայիս կառավարությունը»,- ասաց քաղաքագետը:

Ինչո՞վ է պայմանավորված պաշտոնական Երևանի չեզոք դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության հարցում, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի ճանաչում Կիևի կենտրոնական իշխանությունը, նոր կառավարությունը: Երեկ կայացած ասուլիսում մեր հարցին պատասխանեց նաև Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով կարծում է, որ քաղաքագիտական իմաստով` Ուկրաինայում որևէ կենտրոնական իշխանություն չկա:

«Ո՛չ պարոն Յացենյուկը, ո՛չ պարոն Տուրչինովը, ո՛չ պարոն Յանուկովիչը չեն հանդիսանում կենտրոնական իշխանություն: Աշխարհի բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, սպասում են և անում են ամեն տեսակի հայտարարություններ, որպեսզի անցնի այն շրջանը, որից հետո պարզ կդառնա` այդ երկրում ում հետ կարելի է գործ ունենալ: Կրկնում եմ` ես կենտրոնական իշխանություն չեմ համարում այն ամենն, ինչ այժմ կա»,- ի պատասխան մեր հարցադրմանը` ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Սակայն առավել կարևոր էր հարցի պատասխանը ստանալ լիազոր պետական մարմիններից:

Կարդացեք նաև

«Ինչո՞ւ պաշտոնական Երևանը դիրքորոշում չի հայտնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- հարց տվեցինք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին: Մեր հարցին ԱԳՆ մամուլի խոսնակն այսպես պատասխանեց. «Եթե հայտնելու լինենք, այն կհրապարակվի»:

Հարցը` «ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի ճանաչում Ուկրաինայի նոր կառավարությունը», փորձեցինք ուղղել նաև ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին, սակայն վերջինիս հետ այդպես էլ հնարավոր չեղավ կապվել, ինչն, ի դեպ, իր դեպքում բավական հաճախ է լինում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան կազմավորել է նոր կառավարություն, որի ղեկավար է դարձել Արսենի Յացենյուկը, իսկ մինչ այդ Ուկրաինայի խորհրդարանը երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները հանձնել էր Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին: Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ Ուկրաինայի նոր կառավարությունը ճանաչում է լեգիտիմ և պատրաստ է աշխատել նրա հետ:

Սրան զուգահեռ` փախստական նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով, ինչպես պարզվեց, դիմել էր Ռուսաստանի իշխանությանը` իր անձնական անվտանգությունն ապահովելու համար, երեկ Դոնի Ռոստով քաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, թե իրեն ոչ ոք պաշտոնանկ չի արել, և ինքը եկել է ասելու, թե «շարունակելու է պայքարը Ուկրաինայի ապագայի համար»:

Տեսանյութեր

Լրահոս