Նաիրա Նահապետյան. Մեզ մոտ թոշակի անցումն ասոցացվում է մի ոտքով գերեզմանում հայտնվելու հետ
Հարցազրույց Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի հետ
– Վերջին տարիներին մեծ թափով զարգանում է փոքր ՀԷԿ-երի ոլորտը, գնալով ավելանում են կառուցվող ՀԷԿ-երը: Արդյո՞ք ՀԷԿ-երը Հայաստանի համար ունեն այդքան կարևոր նշանակություն:
– Փոքր ՀԷԿ-երի ոլորտը Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի զարգացման առաջատարն է: Հայաստանն իր բնակլիմայական պայմաններով, ռելիեֆով և ջրային ռեսուրսներով` մեզ տալիս է որոշակի հնարավորություն` զարգացնելու այս բնագավառը: Եթե 1997թ. ՓՀԷԿ-երի սեփականաշնորհումից հետո գոյություն ունեցող 13 ՓՀԷԿ-երից գործում էր ընդամենը 11-ը, ապա այսօր գործում է 149 ՓՀԷԿ և կառուցման փուլում է գտնվում ևս 70-ը:
Այլ կերպ ասած, հանրապետությունում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրվում է 758մլն կՎտժ, որն էլ կազմում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալի 9%-ը: 2015թ. կանխատեսվում է արտադրել 1.3 միլիարդ կՎտժ, որը կկազմի հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալի 12%-ը: Վերականգնվող էներգետիկան Հայաստանի Հանրապետությունում ունի ռազմավարական նշանակություն և համարվում է զարգացման առաջնահերթություն ունեցող ոլորտ։
– Մամուլում բավականին հաճախ քննադատվում է ոլորտը և հաճախ մատնանշվում է ՀԷԿ-երի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
– Վերջերս մամուլում պարբերաբար հայտնվում են հոդվածներ` շրջակա միջավայրի վրա ՓՀԷԿ-երի ազդեցության մասին, որոնք ոչ մասնագիտական են և հասարակության մոտ թյուր կարծիք են ձևավորում ոլորտի վերաբերյալ։ Ըստ էության, այս ոլորտը ամենաթափանցիկը և կարգավորվողն է։ ՀԷԿ-երն իրենց գործունեության ընթացքում որևէ բնապահպանական խնդիրներ չեն առաջացնում, այսինքն` վնասակար արտանետումներ չունեն, ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջուրը քանակական և որակական փոփոխության չի ենթարկվում:
Կառուցապատման և գործունեության լիցենզիաները տրամադրվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից` կայանների տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծերի հիման վրա, որոնցում նախատեսվում է թե՛ ձկնուղիների կառուցում, թե՛ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնին հասցնելը, ինչպես նաև պարտադիր կարգով Բնապահպանության նախարարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից հաշվարկվում և նախատեսվում են բնապահպանական թողքեր:
Չեմ բացառում, մասնավոր դեպքերում կարող են լինել ինչպես` նախագծային, այնպես էլ` բնապահպանական խախտումներ, որոնք միանգամայն լուծելի խնդիրներ են: Սակայն այս մասնավոր դեպքերը չի կարելի տարածել ամբողջի վրա և ակտիվիստ-բնապահպանների կողմից բարձրացվող աղմուկով ՀԷԿ-եր կառուցվող համայնքներում խեղաթյուրել իրականությունը:
Եկեք վերջապես հասկանանք, որ ՓՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիան, առաջին հերթին, այլընտրանքային` էկոլոգիապես մաքուր էներգաարտադրանք է: Այս ոլորտի զարգացումը լուրջ քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության առումով, և այն բարձրացնում է տարածաշրջանում Հայաստանի էներգետիկ անկախությունը:
– ԵԿՄ վերջին համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում երկրի տնտեսական վիճակին տվեց գնահատականներ, որոնք արդեն տևական ժամանակ քննարկվում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք հատկապես Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նկատմամբ հասարակության մեջ եղած դժգոհությունները:
– Կենսաթոշակային բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն էին: Խնդիրը բոլոր կողմերից արդեն հասունացել էր: Զուտ հոգեբանական առումով` սա դեպի մարդն ուղղված բարեփոխում է: Մարդը պետք է վստահ լինի, որ անաշխատունակության տարիներին չի մատնվի թշվառության: Մարդու կյանքը չի ավարտվում թոշակի անցնելուց, ընդհակառակը, պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թոշակն իրապես վաստակած հանգիստ դառնա: Քաղաքակիրթ աշխարհում մարդիկ թոշակի անցնելուց սկսում են ճամփորդել ու հետաքրքրություններով իրենց կյանքը լցնել, իսկ մեզ մոտ թոշակի անցումն ասոցիացվում է մի ոտքով գերեզմանում հայտնվելու հետ:
Ի վերջո, արժանապատիվ թոշակի հեռանկարը բարձրացնում է աշխատանքի որակը հենց այսօր:
Ինչ վերաբերում է գազի գնին, ապա հնարավոր թանկացումն էսկալացիայով կազդեր ամեն ինչի վրա` սկսած տրանսպորտից, վերջացրած` հացով: Ամեն ինչ կթանկանար: Ես վստահում եմ տնտեսագետներին, ովքեր հաշվարկել են, որ տարիներ շարունակ առանց դիվիդենտ աշխատող ընկերության մասնաբաժինը պահելու փոխարեն` պետք է քայլեր ձեռնարկել քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:
Մեր հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բոլորն առաջ ընկնելով` արտահայտում են իրենց կարծիքը ցանկացած նեղ մասնագիտական ուղղություններում, օրինակ` տնտեսագիտության կամ հիդրոէներգետիկայի մասին: