Բաժիններ՝

Հանցավոր խումբը սպառնալիքներով, խարդախությամբ և վաշխառությամբ մարդկանց զրկում է ունեցվածքից

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Մարդու իրավունքների պաշտպաններին, լրատվամիջոցներին

Ցանկանում եմ իմ այս բաց նամակով դիմել Ձեր և հանրության օգնությանը, քանի որ բոլոր իրավական դռները փակվում են իմ առաջ: Հայցելով պաշտոնական այրերի մարդկային վերաբերմունքը` թակել եմ բոլոր իրավական դռները, սակայն որևէ տեղից առ այսօր չեմ ստացել որևէ օգնության նշույլ անգամ: Ավելին, ստիպված բաց նամակով դիմում եմ Ձեզ և հանրությանը, քանի որ նախօրեին` 25.02.2014թ., հանդիպել եմ ԴԱՀԿ աշխատակից Պ. Հովհաննիսյանին, տեղեկացրել եմ, որ վտարման մասին կատարողական թերթ եմ ստացել 20.02.2014թ., որն իմ ընտանիքի համար դաժան անակնկալ էր, և խնդրել եմ որոշ ժամանակ տրամադրել ինձ և իմ ընտանիքին` ինչ-որ մի անկյուն գտնելու համար:

Վերջինս, սակայն, ինձ և իմ ընտանիքին (որը բաղկացած է 4 հոգուց. տատիկս` 75 տարեկան, վատառողջ մայրս և քույրս) ցինիկաբար տվեց 24 ժամ ժամանակ` տարածքն ազատելու համար, որը մեր միակ կացարանն է և ապրուստի միջոցը: Նրա վրա չազդեց նույնիսկ ՀՀ Ոստիկանությանը` մեր նկատմամբ կատարված հանցագործության` խարդախության և վաշխառության մասին իմ տված հաղորդման կտրոնը:

Հարգելի խմբագրություն, այս բաց նամակս ուղարկում եմ Ձեզ, քանի որ Ձեր թերթի` 2014թ. հունվարի 23-24-ին, թիվ 4 (1046) համարում կարդացել եմ «Օգնեք վերադարձնել մեր տունը» վերնագրով հոդվածը, որում քաղաքացին ահազանգում էր ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի «վաշխառուական գործելակերպի» մասին, որի զոհն է դարձել նամակագիր քաղաքացու ընտանիքը: Իմ և մեր ընտանիքի հետ կատարվածի դեպքում էլ նույն գործող անձինք են:

Կարդացեք նաև

Նրանք են` Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, Փաստաբանների պալատի փաստաբան Արտավազդ Այվազյանը (համատեղության կարգով` վաշխառու), ինչպես նաև` Հովհաննես Երիցյանի միջնորդներ Վահե Վարդանյանը և Արտակ Մարտիրոսյանը: Տարիներ ի վեր Հովհաննես Երիցյանը և Արտավազդ Այվազյանը փափուկ բարձ են դրել իմ գլխի տակ, որպեսզի ես չդիմեմ իրավապահ մարմիններին, քանի որ նման մտադրություն ունեցել եմ վաղուց: Նրանք մշտապես ասել են, որ մեր տարածքի հետ կապված նրանց բոլոր գործարքները կրում են ձևական բնույթ և որևէ իրավական հետևանք չեն կարող առաջացնել:

Բոլոր այն պարագաներում, երբ չեմ կարողացել տվյալ ամսվա ահռելի տոկոսագումարը վճարել, նրանք ինձ ահաբեկել են` սպառնալով իմ ընտանիքի անդամների կյանքին: Ցիտում եմ Հովհաննես Երիցյանի խոսքերը. «Ես գեներալ եմ, զենքը մոտս է, որ գյուլլեմ էլ` ինձ ոչ մեկ չի կարա բռնի, ես ինչքան գետնի վրա եմ` երեք էդքան էլ գետնի տակն եմ»: Ցանկանում եմ նշել, որ մեր ընտանիքում տղամարդ չկա, 4 կանայք են, և ես նշյալ մարդկանց ծուղակն եմ ընկել 23 տարեկան հասակում, վախեցել եմ իմ և իմ ընտանիքի կյանքի համար և չեմ դիմել որևէ վճռորոշ քայլի, սակայն այսօր հասկանում եմ, որ վերջիններիս կողմից միակ տուժածը չեմ և ինձ ահաբեկելով և համոզելով` վերջիններս իմ մեջքի հետևում կարողացել են դատարանների միջոցով, իրենց կապերն օգտագործելով, կայացնել մեր ընտանիքի վտարման դատական ակտ:
Այս հանցախումբը տոկոսով գումարներ է տալիս մարդկանց, այնուհետև նրանց գցում ծուղակը և զավթում մարդկանց ունեցվածքը:

Համառոտ նկարագրեմ ողջ պատմությունը: Ես Քրիստինե և Աշխեն Վարդանյաններից 2009թ. վերցրել եմ 16000 ԱՄՆ դոլար սեփական բիզնեսիս համար` ամսական 5 տոկոսով և 10 տոկոս միջնորդավճարով: Անմիջապես հաջորդ ամսվանից պահանջեցին ամբողջ գումարը հետ վերադարձնել: Սակայն ես պատրաստ չէի այդ գումարը հետ վերադարձնել: Վարդանյանները, որպես «լավություն», ասացին, որ եթե չտամ գումարը` կդառնա ամսական 20 տոկոս:

Այդպիսով այդ գումարը շատ կարճ ժամանակում դարձավ 60000 դոլար: Քանի որ օր օրի աճում էր գումարը, ես չէի հասցնում տոկոսները վճարել, ստիպված խնդրեցի մորս` իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գրավադրի անհատի մոտ:

Ծանոթներիցս իմացա ոմն Գևորգի մասին, որը զբաղվում էր տոկոսով գումարներ տալու միջնորդությամբ. նա ծանոթացրեց ոմն Սարգիսի հետ (իբր գումարը Սարգիսինն է) և ասաց, որ պետք է գույքը գրավադրվի Սարգիսի բարեկամ Անուշի անունով: Նոտարում հայտնի դարձավ, որ որպես գումարի երաշխիք` պետք է ոչ թե գրավադնենք գույքը, այլ առք ու վաճառք պետք է ձևակերպենք նրա անունով: 23.04.2010թ. Աբովյան 38 1/9 հասցեում գտնվող մեր տարածքն առուվաճառք ձևակերպեցինք Անուշ Գրիգորյանի անունով` ստանալով 68000 ԱՄՆ դոլար, նրանք այդ գումարից 10 տոկոս միջնորդավճար և 6800 ԱՄՆ դոլար և առաջին ամսվա 5 տոկոս 3400 դոլարը վերցրեցին, փաստացի տվեցին 58700 ԱՄՆ դոլար: 29.04.2010թ. տրվել է սեփականության վկայական Անուշ Գրիգորյանի անունով:

Անուշ Գրիգորյանի տոկոսները և մայր գումարը տալու համար դիմեցի Արտակին, որին ճանաչում եմ վերը նշված Վարդանյանների միջոցով, որը նույնպես միջնորդ էր: Նա ինձ ծանոթացրեց Քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ, վերջինս ներկայացավ, որ նա գեներալ է, և, թե շատ պարկեշտ մարդ է: 17.08.2010թ. Անուշ Գրիգորյանը առուվաճառք արեց մեր խանութը Հովհաննես Երիցյանի անունով` ամսական 4 տոկոսով և 10 տոկոս միջնորդավճարով: Հ. Երիցյանը տվեց 100000 ԱՄՆ դոլար, որից պահում արվեց 10000 ԱՄՆ դոլար` որպես միջնորդավճար, և 4000 դոլար` որպես տոկոս: Փաստացի տրվեց 86000 ԱՄՆ դոլար, որից 78200 ԱՄՆ դոլարը տվել եմ Անուշին` որպես 68000 ԱՄՆ դոլար մայր գումար, և 10200 ԱՄՆ դոլար` երեք ամսվա տոկոս: Երեք ամսվա համար վճարել եմ ավելի քան 20.400 ԱՄՆ դոլար` որպես տոկոսներ և միջնորդավճարներ:

Հ. Երիցյանի գումարը և տոկոսները վերադարձնելու համար ոմն Էդիկի, Մառայի և Ռոբերտի միջոցով ծանոթացա Արտավազդ Այվազյանի հետ, որը, հետագայում պարզվեց` փաստաբան է, և նրա հայրը ՀՀ պետական համալսարանի դասախոս Նորիկն է (Չուգուն մականունով): 23.11.2010թ. Հ. Երիցյանը մեր խանութը առքուվաճառք արեց Ա. Այվազյանի անունով: Ա.Այվազյանը մեզ տվեց 123000 ԱՄՆ դոլար, որից պահվեց առաջին ամսվա 5 տոկոսը` 6150 ԱՄՆ դոլար, և 10 տոկոս միջնորդավճար` 12300 ԱՄՆ դոլար: Փաստացի նա մեզ տվեց 104550 ԱՄՆ դոլար: Նշեմ, որ Երիցյանն ինձ ծանոթացրել էր իր սանիկ Վահեի հետ, որպեսզի տոկոսները նրան փոխանցեի: Այժմ Արտավազդ Այվազյանը պահանջում է կամ իրեն տալ 200.000 ԱՄՆ դոլար, կամ ազատենք խանութի տարածքը, որտեղ այսօր ապրում է իմ ընտանիքը: Նշեմ, որ մայրս Հովհաննես Երիցյանին և Արտավազդ Այվազյանին չի ճանաչում, և չի եղել մորս թույլտվությունը, որ Անուշը վաճառի խանութը նրանց:

«168 Ժամ» թերթում զետեղված հոդվածը կարդալուց հետո հասկացել եմ, որ նրանք արհեստավարժ խարդախներ և վաշխառուներ են: Իմանալով ԴԱՀԿ` մեր տարածքից վտարելու մասին կատարողական թերթիկի մասին, զանգահարեցի Հովհաննես Երիցյանին, սակայն նա ինձ հանգստացրեց` ասելով, որ ինքը Հայաստանում չի գտնվում, այդ ամենը ձևական բնույթ է կրում, մեզ անօթևան չի թողնի: Ցանկանում եմ նշել, որ 3 տարի շարունակ նրանց ծուղակում լինելով` վճարել եմ մոտ 200000 ԱՄՆ դոլար տոկոսավճար, որի արդյունքում կորցրել եմ մեր ընտանիքին պատկանող Ա.Արմենակյան 238 տունը` գրավադնելով մեկ այլ վաշխառուի մոտ: Այս պահին ապրում ենք նշված տարածքում, որն էլ մեր ձեռքից տանում են` թողնելով մեզ փողոցում:

Հարգելի պարոն Նախագահ, հարգելի ոստիկանապետ և լրատվամիջոցներ:
Խնդրում եմ օգնել մեզ, որպեսզի մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը, և վերջապես արդարությունը հաղթի: Հանցավոր այս խումբն իր գործելաոճով տարիներ շարունակ մարդկանց զրկում է իրենց ունեցվածքից և նետում փողոցները:

Հարգանքներով` ԻԴԱ ՄԵԼԻՔՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս