Կարեն Ավագյանը՝ ԱԺ ոչ իշխանական ուժերին. Առանց դիրիժոր քառաձայն այս խմբում ով ինչ ուզում, երգում-նվագում է

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

«ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն»-ՀՅԴ քաղաքական կվարտետը թեև փորձում է համատեղ նվագել, սակայն դիսոնանսն այնքան մեծ է, որ երաժշտություն այդպես էլ չի ստացվում։ Խորհրդարանական ընդդիմադիր քառյակը հիշեցնում է կռիլովյան հայտնի «Կվարտետ» առակը. «А вы, друзья, как ни садитесь, Все в музыканты не годитесь»։

Քառյակում ակնհայտորեն միմյանց չեն վստահում, և առաջին ջութակի խնդիր կա, ինչը դեռ չեն ուզում բարձրաձայնել: Բոլոր այս ուժերն էլ իրենց քաղաքական կենսագրության ընթացքում աչքի են ընկել վճռական պահերին դաշնակիցներին ու հանրությանը հուսախաբ անելու, քաղաքական գործարքների մեջ մտնելու գործելաոճով: Առանց դիրիժոր քառաձայն այս խմբում ով ինչ ուզում, երգում-նվագում է. մեկը՝ հին մոռացված երգեր, մյուսը՝ լավ չսերտած նորերը, որոնք այդպես էլ չեն մտնում իրենց ռեպերտուարի մեջ։

Ընդդիմադիր լինում են ոչ թե ձևով, այլ բովանդակությամբ։ Հենց այդ բովանդակության բացակայությունն է, որ խանգարում է իրական ընդդիմության ձևավորմանը։ Եվ այսօր գազի, «Նաիրիտի», մարտի 1-ի, քիչ մնա նաև՝ մազութի գործերով ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման փորձերը չեն կարող լրացնել քաղաքական ճեղքերը։

Ընդդիմադիրների վարքագիծը վերածվում է տրագիկոմեդիայի։ Հանձնաժողովներ ստեղծելն ու այդ թեմաներով մտավարժանքները դարձել են ընդդիմության միակ զբաղմունքը։ Իսկ այդ զբաղմունքի իրական նպատակը, ինչպես բազմիցս տեսել ենք, ոչ թե աշխատանքն է, այլ քաղաքական շոուն։

Ընդդիմադիր կվարտետի տարբեր թևերն այսօր թեև ունեն առանձին երգացանկ, սակայն դրանք բոլորն էլ բխում են մեկ նպատակից՝ տապալել գալա համերգը, ու համերգին նախապատրաստվելու շրջանակներում խաղում են ժամանակի հետ՝ մոլորեցնելով զանգվածներին ու հայհոյելով գործընկերներին։ Ուզում եմ հիշեցնել, որ ոչ մի հայհոյանք և անձնական վիրավորանք օդում երկար կախված և անպատասխան չի մնում։ Սակայն համարժեք պատասխանը չի հնչի այստեղից, քանի որ չափազանց հարգում եմ այս ամբիոնը։

Մեր այսօրվա ընդդիմությունը դատապարտված է։ Միայնակ համերգ տալ, ինչպես տեսնում եք, ոչ ոք չի կարողանում, կրկնվող երգապնակով դահլիճ չես հավաքի։ Ընդդիմությունը հիշեցնում է դիրիժորին, առաջին ջութակին ու լյա-ն կորցրած անհամահունչ մի նվագախումբ։ Թեպետ ուրիշի նվագի տակ պարողին սեփական լյա-ն ինչի՞ն է պետք։ Դասականի իրական սիրահարները առանձին քառյակներին գերադասում են մեծ նվագախմբերը, որտեղ տեսանելի են և՜ դիրիժորը, և՜ առաջին ջութակը, և՜ յուրաքանչյուր երաժիշտ։

Իսկ «Արարատցեմենտի» հարցով մտահոգվողները լավ կլինի` խնդրի բարձրաձայնումը սկսեն գործարանի սեփականաշնորհման գործընթացից»:

Տեսանյութեր

Լրահոս