Բաժիններ՝

«Իշխանությունը քաղաքացիներին սոցիալական գրոհի է ենթարկում»

Արդեն քանի օր «168 Ժամ» թերթի խմբագրություն են դիմում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների հարազատները՝ դժգոհելով ՀՀ Առողջապահության նախարարության «Ավան» հոգեբուժական կլինիկայից անվճար դեղորայք ստանալու մասին նոր կարգից:

Բանն այն է, որ վերջին ամիսներին բուժհաստատությունից ամենամսյա դեղորայք տրամադրելու կարգը փոխվել է, համաձայն որի՝ այսուհետ հիվանդի օրինական ներկայացուցչին դեղորայքը կտրամադրվի միայն այն դեպքում, երբ հիվանդն անձամբ ներկայանա: Այլ կերպ ասած՝ հոգեբուժական կլինիկաներում հաշվառված հիվանդներն անձամբ իրենք պետք է ստանան պետության կողմից երաշխավորված անվճար հոգեմետ դեղորայքը:

Նոր կարգը, բնականաբար, հոգեբանական և նյութական մեծ հարված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարազատների համար, քանի որ վերջիններս յուրաքանչյուր ամիս անվճար դեղորայք ստանալու համար ստիպված են հիվանդին հասցնել «Ավան» հոգեբուժական դիսպանսեր:

«Դուք ուղղակի չեք կարող պատկերացնել, թե նման հիվանդ ունեցող ընտանիքի համար ինչպիսի՞ դժվարություն է հիվանդին համոզել, ստիպել և ամեն ամիս հասցնել Ավան: Բժիշկները, լինելով այդ ոլորտի մասնագետներ, պետք է մեր դրության մեջ մտնեն և հասկանան, թե ինչ աբսուրդ որոշում է դա: Դուք հասկանո՞ւմ եք, ի՞նչ ասել է` հոգեկան հիվանդություն, հասկանո՞ւմ եք, թե մեզ ինչ իրավիճակի մեջ են գցել մի անուղեղ որոշման պատճառով: Քնում, արթնանում` մի նոր կարգ են սահմանում, որը փոխարենը հօգուտ այս կամ այն խոցելի խմբի լինի, ճիշտ հակառակը՝ մի մեծ հարված է լինում: Ինչքա՞ն կարելի է քաղաքացիներին ամեն կողմից ճզմել, գցել վատ, ծանր դրության մեջ:

Կարդացեք նաև

Ախր վերջին շրջանում տեսեք, թե ինչ հակամարդկային օրենքներ ու որոշումներ են կայացնում: Մարդն արդեն անզոր է էս սոցիալական հարձակմանը, տպավորություն է, որ մեր իշխանությունները սեփական քաղաքացիներին սոցիալական գրոհի են ենթարկել: Իրենք գոնե գիտե՞ն` ինչ է նշանակում հոգեկան հիվանդ ունենալըգ»,- մեզ հետ զրույցում բորբոքված ասաց հիվանդի մայր Անի Մակարյանը (հասկանալի պատճառներով` անունը փոփոխված է.- Լ.Ս.):

Ի դեպ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ դիսպանսերներում հաշվառված անձինք հաշմանդամության համար ստանում են չնչին թոշակ, ապա այս քաղաքացիների զայրույթն էլ ավելի հիմնավորված է դառնում:

Օրինակ՝ Սոնա Անդրեասյանի 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող որդին հաշվառված է «Ավան» հոգեբուժական դիսպանսերում, որտեղից էլ ստանում են ամենամսյա անվճար դեղորայքը: 19.000 դրամ հաշմանդամության թոշակ ստացող երիտասարդին խնամում են թոշակառու ծնողները, այսինքն՝ պարզ է, որ ընտանիքը մի կերպ գոյատևում է: Ս. Անդրեասյանը հավաստիացնում է, որ դիսպանսերից պահանջում են որդու ներկայությունը, մինչդեռ մայրը պնդում է, որ քաղաքի ծայրամասից որդուն տաքսիով Ավան տեղափոխելը մեծ հոգս է:

«Իրեն չենք կարող տրանսպորտով Ավան հասցնել, ինքը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդ է ճանաչվել, կպչուն մտքեր ունի, ագրեսիվ հիվանդ է: Բայց տաքսիով էլ Մալաթիայից Ավան գնալը մեծ ծախս է մեզ համար, մենք թոշակով ապրող մարդիկ ենք: Ստացվում է` մի կողմից` պետությունը 19.000 դրամ թոշակ է տալիս, մյուս կողմից՝ վերցնում է: Էլ չեմ ասում, որ հիվանդի հարազատների համար «անվճար» դեղորայքը դառնում է լրիվ վճարովի:

Ավելի լավ է դեղատոմսը գրեն, տան, ասեն՝ գնացեք գնեք դեղերը»,- մեզ հետ զրույցում ասաց երիտասարդի մայրը:

Անվճար հոգեմետ դեղորայք ստանալու նոր կարգի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով մենք երեկ փորձեցինք կապ հաստատել հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Այնուամենայնիվ, ՀՀ Առողջապահության նախարարությունից խնդրեցինք այս հարցի շուրջ պարզաբանում տալ, որտեղից մեզ տրամադրեցին «ՀՀ տարածքում դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման կարգը հաստատելու» մասին Առողջապահության նախարարության 2002թ. հաստատված հրամանը՝ վստահեցնելով, որ փաստաթուղթն ուսումնասիրելիս կգտնենք բոլոր հարցերի պատասխանները: Մինչդեռ դեղատոմսերի և դեղերի դուրս գրման կարգում հոգեմետ դեղերի վերաբերյալ մատնանշվում է միայն 4-րդ կետը, որտեղ, սակայն, չի հիշատակվում հոգեմետ անվճար դեղորայքի դուրս գրման և հիվանդի պարտադիր ներկայության փաստը:

«Հոգեմետ դեղերն ամբուլատոր հիվանդների համար դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 4 դեղատոմսային ձևաթղթերով: Դեղատոմսը պետք է գրված լինի բժշկի ձեռքով՝ վերջինիս ստորագրությամբ ու կնիքով: Դեղատոմսը պետք է գրանցվի հոգեմետ դեղատոմսերի հաշվառման մատյանում՝ մատյանի հերթական համարը գրելով դեղատոմսի վրա:

Հոգեմետ դեղատոմսային ձևաթղթի հաշվառման համար վարվում է մատյան, որտեղ նշվում են հերթական համարը, ամսաթիվը, ընդհանուր քանակը, ում է տրվել (հիվանդի Ա.Ա.Հ., ամսաթիվը, ամբուլատոր քարտի համարը, դեղատոմսի բովանդակությունը, ստացողի ստորագրությունը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարած և վավերացրած կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով»:

Այսինքն՝ վերը շարադրվածով հստակեցվում է դեղատոմսի տրամադրման կարգը՝ մասնագետների պարտականությունները, սակայն ո՛չ մեր բարձրացրած խնդիրը: Մենք փորձեցինք որոշակի պարզաբանում ստանալ ՀՀ առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանից:

Վերջինս նախ ասաց, որ նման կարգ նախագծերում կար, սակայն ժամանակ խնդրեց՝ համոզվելու համար, թե այն վերջնականապես հաստատվա՞ծ է, թե՞ ոչ: Ավելի ուշ Ծ. Վարդանյանը մեր հարցին՝ փոխվե՞լ է արդյոք հոգեմետ դեղորայք տրամադրելու կարգը, պատասխանեց.

«ՀՀ-ում թմրանյութերի և հոգեմետ դեղերի դուրս գրման կարգ կա, և Երևան քաղաքում հոգեբուժական հիվանդները, դիսպանսեր հսկողության տակ գտնվողներն իրենց դեղորայքը ստանում են Ավանի հոգեբուժարանից, այսինքն՝ կենտրոնացված է Ավանում:

Կա մի քանի տարբերակ. նախ` օրենքը թույլ է տալիս հիվանդի փոխարեն հիվանդի հարազատի ներկայանալը, եթե նա լիազորված է: Եթե տվյալ բժիշկը, որի մոտ հիվանդը դիսպանսեր հսկողության տակ է գտնվում, տեսնում է, որ բավականին երկար ժամանակ է անցել, ինչ հիվանդին չի տեսել, տեսակցություն, այց չի եղել, ինչ-որ տեղ նաև հիվանդի դեղորայքի ճիշտ նշանակման հետ կապված մտավախություն կա, ապա հիվանդը հրավիրվում է այնտեղ:

Բժիշկը հրավիրում է առաջին հերթին` խորհրդատվության համար, և դրանից բացի՝ դեղաչափի փոփոխության նպատակահարմարությունը ստուգելու համար: Իսկ եթե հիվանդն անկողնային է, կամ այլ ծանր խնդիրներ կան՝ լիազորված անձն է ներկայանում»: Այնուամենայնիվ, մեզ դիմած քաղաքացիների մտահոգությունը Ծ. Վարդանյանը վերագրում է իր բերած օրինակներին՝ հավանական համարելով, որ պարզապես բժիշկը ցանկացել է հիվանդին տեսնել:

Սակայն վերջինիս փոխանցեցինք, որ հոգեբուժարանից հիվանդների լիազորված անձանց տեղեկացրել են, որ կարգը փոխվել է, այսուհետ հիվանդը պետք է ներկայանա, այլ կերպ ասած՝ առաջիկայում այդ կարգը խստորեն գործելու է: «Իրականում կարգը փոխվել է այնքանով, որ անհրաժեշտ է լիազորագիր ներկայացնել, քանի որ դա պարզ դեղ ստանալու պրոցես չէ: Կարգը ոչ այնքան փոխվել է, որքան՝ խստորեն պահպանվում է»,- ասաց Ծ. Վարդանյանը, ում խոսքը հստակեցնելու համար կրկին հարց հնչեցրինք, թե արդյո՞ք հերքում է հոգեբուժարանի ներկայացուցիչների այն հիմնավորումը, որ կարգը փոխվել է, և այսուհետ հիվանդները պետք է ամեն ամիս ներկայանան դեղորայքը ստանալիս:

Այս անգամ էլ նա ի պատասխան` ասաց. «Եթե հիվանդն ի վիճակի է, ապա ամեն ամիս ինքը պետք է գնա հոգեմետ դեղորայք ստանա, իսկ եթե ոչ՝ լիազորված անձը»: Նա նաև ընդգծեց, որ հիվանդների 70-80%-ն անձամբ իրենք են գնում Ավանի հոգեբուժարանից դեղորայքը ստանալու, քանի որ նրանք պրակտիկ կյանքում ինտեգրված մարդիկ են, սուր վիճակում չեն, հիվանդանոցային բուժում չեն ստանում:

Այնուամենայնիվ Ծ. Վարդանյանը խնդրեց դժգոհ քաղաքացիների տվյալները տրամադրել` կոնկրետ դեպքերն ուսումնասիրելու համար, և տեղեկատվությունը փոխանցել մեզ, ինչն առաջիկայում կներկայացնենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս