
«Տեղ չկա կանգնելու, տուգանքներն էլ մեծ են». վարորդներ (տեսանյութ)

Այսօր «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» իրավաբան Մկրտիչ Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մայրաքաղաքում կայանատեղիները շատ քիչ են, որի հետևանքով շատ խնդիրներ են առաջանում վարորդների համար: Ըստ բանախոսի՝ կազմակերպությունը պատրաստվում է բողոքարկել արագաչափ տեսախցիկների արձանագրած մի շարք խախտումների ակտերը, որոնք վերաբերում են տաքսիների սխալ կայանմանը։ «Միակ պատճառը կայանատեղի չունենալու հանգամանքն է, որն առկա է ամեն օր և որը մեծ մտահոգության տեղիք է տալիս:
Եթե կառավարությունը որոշակի ժամանակի ընթացքում չկարողանա կանգառների խնդրին լուծում տալ՝ ավտովարորդները շարունակական բողոքի ակցիաներ կանեն: Հաջորդ խնդիրը վերաբերում է տեսախցիկների կողմից սահմանված տուգանքների չափերին, որոնք, ըստ մեզ` բավական բարձր են, 30-50 հազար դրամ տուգանքները մեր իրողությանը հարիր չեն, և դրանք պետք է վերափոխվեն»,- ասել է իրավաբանը։
Նա նշել է նաև, որ հարկավոր են 300 կայանատեղիներ, իսկ մինչ այդ լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն առաջարկել էր, որ մինչև կառավարության կողմից համապատասխան որոշում չլինի, տուգանքներ չսահմանեն, հակառակ դեպքում իրենք բողոքելու են:
Մենք փորձեցինք տաքսու վարորդներից ճշտել, թե որքանո՞վ է խանգարում իրենց աշխատանքին համապատասխան կայանատեղիներ չլինելու փաստը, և որքա՞ն հաճախ են նրանք ստիպված լինում տուգանք վճարել սխալ տեղ կայանելու համար: Տաքսիների վարորդների խոսքերով՝ կայանատեղիների սակավությունն, իրոք, լուրջ խնդիրներ է առաջացնում իրենց աշխատանքում, քանի որ ստիպված են լինում ամբողջ օրը վարել մեքենան և ծախսել վառելիքը՝ առանց փող վաստակելու: «Տեղ չկա կանգնելու, տուգանքներն էլ մեծ են: Եթե չկանգնես էլ, ապա պետք ա ամբողջ օրը քաղաքում պտտվես, իզուր տեղը վառելիքդ վատնես ու տուժես: Կոնկրետ ստեղ որ կանգնել եմ՝ կարմիր գծեր չկան, չգիտեմ՝ կգան կխոսա՞ն, թե՞ չէ: Եթե կարմիր գծերի մոտ կանգնեմ, ուրեմն 10 րոպե հետո պետք ա մուծում անեմ, որը մեր պարագայում իմաստ չունի»,- մեզ հետ զրույցում նշեց տաքսու վարորդներից մեկը:
Վարորդներից շատերի խոսքերով՝ բացի նրանից, որ տաքսի վարելը եկամտաբեր չէ, նաև դժվար գործ է, քանի որ քաղաքը ծանրաբեռնված է տրանսպորտով. «Էս ոչ թե աշխատանք կարելի է համարել, այլ ուղղակի գոյատևելու միջոց, ուրիշ ոչ մի բան: Լավ չի, որ երկրում տաքսիները շատացել են: Օրինակ, ես էլ մասնագիտությամբ շինարար եմ, բայց էս պահին տաքսի եմ վարում, որից շատ դժգոհ եմ»:
«Ընդհանրապես քաղաքը շատ ծանրաբեռնված ա, ու չգիտեմ էլ՝ կայանատեղիներ ո՞նց պիտի կառուցեն, բայց էդ կարմիր գծերը շատ են խանգարում մեր աշխատանքին: Մի հատ խանութ չես կարողանում մտնես, մի տեղ չես կարողանում հանգստանաս»,- ասաց մեկ ուրիշ վարորդ: «Չգիտենք՝ որտե՞ղ կանգնենք: Ես սովոր չեմ ընդհանրապես կանգնել, մենակ՝ երբ քաղցած եմ լինում, կամ կայանատեղի ա լինում: Թե չէ տուգանքներ չեմ ուզում հավաքել գլխիս, դրանց տակից դուրս գալը շատ դժվար ա: Եթե լինում ա, որ կայանատեղիները զբաղված են լինում, ստիպված գալիս ենք կողքն ենք կանգնում, ավարիոննիները միացնում ենք ու կանգնում, իբր թե փչացել ա, որ չտուգանեն»,- ասաց վարորդներից մեկը:
«Մեզ վրա պլան ա դրված, ու Էսօրվա պայմաններում մենք ի վիճակի չենք էդ գումարը հայթայթել: Կանգնելու տեղ չկա, պետք ա սաղ օրը քշենք, չկանգնենք, որպեսզի էդ կանգառներում գումար չմուծենք: Մեկ էլ տեսնում ես՝ գազը գնացել ա, բայց մեջը բան չկա: Մնացել ենք շվարած, չգիտենք, թե ի՞նչ անենք: Սա ա հիմնական պատճառը, որ չենք կարողանում մեր գումարը վաստակել: Կատաստրոֆիկ վիճակ ա էսօրվա վիճակը»,- նշեց մեկ այլ վարորդ: