Հազարավոր քաղաքացիներ վարչական պատասխանատվության առջև են կանգնել. Ո՞վ և ինչո՞ւ պետք է վճարի 5000 դրամ տուգանքը

ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց համակարգչային շտեմարանների միջոցով պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսելուց հետո որոշ քաղաքացիներ բարդ իրադրության մեջ են հայտնվել: Երեկ Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն առանց համապատասխան փաստաթղթավորման` փաստացի օտարել են տրանսպորտային միջոցները, և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:

Երեկ «168 Ժամի» հետ զրույցում մի շարք քաղաքացիներ իրենց դժգոհությունն արտահայտեցին ստեղծված իրավիճակի մասին: Նրանցից ոմանք նշում էին, որ ավելի քան 10-15 տարի առաջ վաճառել են իրենց տրանսպորտային միջոցները և այժմ նույնիսկ տեղյակ էլ չեն՝ որտե՞ղ է գնորդը կամ առհասարակ. իրենց նախկին ավտոմեքենան: Քաղաքացիների խոսքով՝ ավտոմեքենան վաճառելիս պայմանագրեր չեն կնքել, վաճառել են` միայն լիազորագիր տրամադրելով, այժմ էլ վարչական պատասխանատվության են ենթարկվել 5000 դրամով և պետք է գումար վճարեն տարիներ առաջ վաճառված ավտոմեքենան չապահովագրելու համար, որը փաստացի վաղուց այլևս իրենց չի պատկանում:

Ճիշտ է՝ լիազորագրով գույքի սեփականության փոխանցում տեղի չի ունենում, սեփանակատերը շարունակում է պատասխանատվություն կրել, այնուամենայնիվ, քաղաքացիները հարց էին հնչեցնում՝ ինչո՞ւ պետք է գումար վճարեն իրենց կողմից չօգտագործվող ավտոմեքենայի համար:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ իրենք այս ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացել: «Ամեն օր մոտավորապես 50-60 հոգի ինձ զանգահարում են: Դա՝ առնվազն: Երևի մոտ 20 հոգի էլ գալիս է գրասենյակ՝ ԱՊՊԱ-ի հետ կապված տարբեր հարցերով, թե` մարդ է մահացել, սեփականատերը տվել է մեկ ուրիշիգ Ունենք շատ տարբեր իրավիճակներ»,- ասաց Է. Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Որոշ ժամանակ առաջ Ավտոապահովագրողների բյուրոն հաղորդագրություն էր տարածել, որ տեխնիկական խնդիրների պատճառով, հնարավոր է, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր ստանան նաև որոշ սպառողներ, որոնք բարեխղճորեն կատարել են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրենց պարտականությունը և այդ առումով խախտում թույլ չեն տվել:

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց դիմել են նաև քաղաքացիներ, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր ունեն, սակայն տուգանվել են. այդ դեպքը, ըստ Է. Հովհաննիսյանի, ամենահեշտ և արագ լուծվող հարցերից մեկն է. «Այդ մարդիկ դիմում են գրում, կցում են այդ պայմանագրի պատճենը, և այդ հարցը լուծվում է»:

«Աքիլլես» հ/կ ղեկավարի խոսքով՝ դեռ լուծում չի ստացել այն անձանց հարցը, ովքեր լիազորագրերով կամ առանց դրա վաճառել են իրենց ավտոմեքենաները, կամ էլ վաճառել են պայմանագրով, սակայն այն կորցրել են և չեն կարողանում գտնել մեքենան: «Լինում է, որ գտնում են մեքենան, Ճանապարհային ոստիկանությունն էլ է զբաղվում այդ հարցով՝ հայտնաբերելով այդ մեքենաները: Ճիշտ է, փոքր քանակով, բայց որոշ մեքենաներ արդեն հայտնաբերել են: Մենք էլ ենք վարորդներին խորհուրդ տալիս, որ փնտրեն մեքենան, գտնեն: Զանգեր գալիս են, որ գնացել են, անգամ գտել են մեքենան: Այնպես որ, գործընթացը դեռ գնում է, թե դրա վերջին լուծումն ինչպիսի՞ն կլինի, վերջակետ կդրվի՞, թե՞ չի դրվիգ դրա իրավական լուծումը մի փոքր բարդ հարց է, քանի որ ի սկզբանե խախտված էր օրենքը, այսինքն՝ լիազորագրով վաճառելը շատ սխալ բան էր, ինչը մենք դեռ 12 տարի առաջ ասում էինք, որ այդպես վաճառելը կարող է հետևանքներ ունենալ՝ թեկուզ վթարի դեպքում:

Եթե մեքենաները վթարվեցին, մեքենան վնասվեց, և մեղավոր է այն անձը, ում ինքն է լիազորագրել, և նա վճարելու գումար չունի, համապատասխանաբար` պատասխանատվությունը սկսում է կրել սեփականատերը՝ այն անձը, ով ժամանակին լիազորագիր է տվել:

Չնայած այդ հարցերը կան, մարդիկ, այնուամենայնիվ, անում էին այդպիսի գործարքներ: Մնում է հարցը՝ ի՞նչ լուծում կտան: Համենայն դեպս, ոստիկանապետը՝ պարոն Գասպարյանը, հայտարարել է, որ հանձնարարվել է այդ հարցին շուտափույթ լուծում գտնել, որովհետև այդպիսի կորցրած մեքենաների քանակը շատ մեծ է,- մեզ հետ զրույցում ասաց Է. Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ կորած մեքենաների 95 տոկոսն արդեն գտնում է ավտոպահեստամասերի շուկայում,- «Արդեն վաճառվել են, չկան, այդ մեքենաները գոյություն չունեն»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կարող է նման դեպքերում սեփականատերը հաշվառումից հանել մեքենան, Է. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չունի ոչ մի փաստաթուղթ: Որտեղի՞ց ունենա փաստաթուղթ: Ինքը ընդամենը պետք է գրի մի պատմություն, թե ինչպես է վաճառել մեքենան»:

Ամեն դեպքում` Է. Հովհաննիսյանը կարծում է, որ խնդրին պետք է «ռադիկալ» լուծում տրվի: «Ինչ-որ լուծում պետք է տրվի այդ հարցին: Մեկ հոգի չէ, երկու հոգի չէ, տասը հոգի չէ, հարյուր հոգի չէ, այդպիսի տասնյակ-հազարավոր քաղաքացիներ կան, վարորդներ կան, որ նույն խնդրի առջև են կանգնել:

Դրանց հարցն ինչ-որ կերպ պետք է լուծվի: Լուծումներից մեկը կա, բայց դրա շուրջ պետք է համապատասխան իրավական ակտ ընդունվի՝ այդ համարներն օրենքից դուրս համարել»,- ասաց Է. Հովհաննիսյանը:

Երեկ տարածած հաղորդագրության մեջ Ճանապարհային ոստիկանությունը դիմելով քաղաքացիներին, ովքեր փաստացի ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն չեն ձևակերպել համապատասխան կարգով, կոչ էր արել դիմել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերում նշված անձանց` տրանսպորտային միջոցի օտարման գործարքը պատշաճ ձևակերպելու համար, իսկ եթե այդ անձանց հնարավոր չէ գտնել, ապա` դիմել Ճանապարհային ոստիկանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս