Ծառուկյանի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին. իշխանություն՝ իշխանության դիմաց
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօրվա համագումարում քաղաքական այդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթը մի շարք շեշտադրումներ էր պարունակում, որոնք ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն՝ չնայած համառորեն չի հայտարարում ընդդիմություն դառնալու մասին, սակայն ամեն ինչ անում է բովանդակային դաշտում «գլխավոր ընդդիմադիրի» տեղ զբաղեցնելու համար:
Գ. Ծառուկյանն, իհարկե, ինչպես միշտ, ընդհանուր ձևակերպումներով, բավական սուր քննադատության ենթարկեց երկրում առկա բազմաթիվ երևույթներ, որոնց լուծման բանալին, ըստ նրա տրամաբանության, ԲՀԿ-ին իշխանության մեջ մասնաբաժին հատկացնելն է: Սակայն Ծառուկյանը համաձայն չէ այն մասնաբաժնին, որը Սերժ Սարգսյանը նրան առաջարկում էր 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, և գրեթե ուղիղ տեքստով հայտարարում է այդ մասին:
«2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը և ստացանք մեծ աջակցություն ժողովրդի կողմից:
Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն: Պարզվեց, որ սա բավարար չէ՝ մեր պատկերացրած կառավարությունը կազմելու և սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար: Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով հնարավորություն սեփական ծրագրերն իրականացնելու: Եվ երկրորդ տարբերակը՝ հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերություններն ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները՝ թե խորհրդարանում, թե ժողովրդի հետ: Մենք միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը: Սա դժվար, երկարատև աշխատանքի, բայց նաև արժանապատիվ կեցվածքի ճանապարհ էր: Բայց եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին»,- ասել է Ծառուկյանը՝ ավելացնելով, որ ԲՀԿ-ն պետք է դառնա ժողովրդի խոսափողը:
Նա չի մասնավորեցրել, թե հատկապես որ ձևաչափում ժողովուրդը կարող է օգտագործել այդ խոսափողը, սակայն, միևնույն ժամանակ, ավելի քան բաց հայտարարել է, որ պատրաստ է դուրս գալ փողոց:
«Սիրելի պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ՝ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ մարդիկ կհավաքվեն՝ իրենց խնդիրները բարձրացնելու համար»,- իր կուսակիցներին դիմելով՝ ասել է Ծառուկյանը՝ նրանց հասկացնելով, որ ինքը ևս կարող է լինել փողոց դուրս եկողների կողքին:
«Վերջում կուզեի մի քանի խոսք ասել անձամբ իմ մասին: Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների: Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել: Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների: Ես մտել եմ քաղաքականություն` հետապնդելով միայն մեկ նպատակ. ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու իմ ժողովրդին: Եվ ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ՝ հուսալքվում: Ես կարող էի ապրել անհոգ` միայն իմ ու իմ ընտանիքի համար: Բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց նաև ավելի ազնիվ ճանապարհը: Սա իմ գիտակցված ընտրություն էր: Հետևաբար՝ ես շատ լավ հասկանում եմ խոչընդոտները և վտանգները: Եվ ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, որից կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները: Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի»,- ասել է նա:
Այսպիսով, Ծառուկյանը հասկացնում է, որ պատրաստ է առճակատման, և փորձում է պատասխանել այն մեղադրանքներին, թե լինելով Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ չի համարձակվի դեմ գնալ իշխանությանը:
Այդուհանդերձ, ինչպես ԲՀԿ-ի «այլընտրանքային» գործունեության ողջ ընթացքում, այնպես էլ այսօր ամենակարևոր հարցն այն է, թե որ իշխանության, կամ իշխանության որ թևի մասին է խոսքը: Ավելի պարզ ասած՝ Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է դեմ դուրս գալ նախագահ Սերժ Սարգսյանին, թե՞ իր ընդդիմադիր հռետորաբանությունը բավականացնում է միայն կառավարությանը քննադատության ենթարկելու համար՝ անգամ չհնչեցնելով վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը:
Գ. Ծառուկյանի ելույթում այս հարցի պատասխանը, ըստ էության, կա. նա այդպես էլ չի տալիս Սերժ Սարգսյանի անունը և սահմանափակվում է միայն ընդհանուր բնույթի քննադատություններով՝ առանց հնչեցնելու այդ արատավոր երևույթների պատասխանատուների անունները:
Այսինքն՝ Ծառուկյանը դեռևս շարունակում է Սերժ Սարգսյանին առաջարկել «իշխանություն՝ իշխանության դիմաց» գործարքը: Այսինքն՝ կառավարությունը կամ դրա՝ 2012 թվականին առաջարկվածից ավելի մասը տրվում է ԲՀԿ-ին, ինչի դիմաց վերջինս այլընտրանքից դառնում է ոչ թե ընդդիմություն, այլ իշխանություն: Մնում է սպասել՝ կընդունի՞ արդյոք Սերժ Սարգսյանն այս առաջարկը, թե՞ Գագիկ Ծառուկյանն իր այսօրվա՝ «ցանկացած սցենարի պատրաստ» լինելու հայտարարությունը ստիպված կլինի ապացուցել գործնականում՝ տաք աշխատասենյակից դուրս: