Որքան գումար ունեն մարզերի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներն ու դատավորները

«168 Ժամն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր, թե որքան դրամական միջոցներ ունեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորները: Այս անգամ ներկայացնում ենք, թե որքան գումար ունեն Հայաստանի մարզերի ընդհանուր իրավասության դատարանների դատավորները՝ ըստ ethics.am կայքում տեղադրված` Արագածոտնի, Արարատի և Վայոց Ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, ինչպես նաև Տավուշի մարզերի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների 2012թ. հայտարարագրերի: Եվ այսպես. իրենց դրամական միջոցներով աչքի են ընկնում հետևյալ դատավորները:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանը որպես եկամտի միակ աղբյուր` իր հայտարարագրում նշել է աշխատավարձը: Նա տարեսկզբին ունեցել է 30.500.000 դրամ, 93.000 դոլար և 21.000 եվրո: Տարեվերջին նրա գումարները պակասել են՝ կազմելով՝ 29.500.000 դրամ, 92.500 դոլար և 20.500 եվրո: Նույն դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյանի դրամական միջոցները նույնն են մնացել. նա հայտարարագրել է 30 մլն դրամ, 10000 դոլար և 10000 Խորհրդային Միության ռուբլի:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Սերոբ Մանուկյանը զգալիորեն ավելացրել է իր դրամական միջոցները: Տարեսկզբին, ըստ իր հայտարարագրի, նա ունեցել է 19.000.000 դրամ, 55.000 դոլար և 57.000 եվրո: Տարեվերջին այս միջոցներն ավելացել են՝ կազմելով 21.000.000 դրամ, 57.000 դոլար և 58.000 եվրո:

Որքան գումար ունեն դատարանների նախագահները
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը տարեսկզբին հայտարարագրել է 5.000.000 դրամ, 40.000 դոլար, ինչպես նաև` 65.977 եվրո: Տարեվերջին դատավորի դրամով ունեցած միջոցները վերջացել են, իսկ դոլարով և եվրոյով ունեցած միջոցները տարեվերջին մնացել են նույնը: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանի եկամտի միակ միջոցը, համաձայն նրա հայտարարագրի, աշխատավարձն է: Տարեսկզբին և տարեվերջին նրա ունեցած դրամական միջոցների չափը գրեթե չի փոխվել: Այսպես, տարեսկզբին նա ունեցել է 8.500.000 դրամ, իսկ տարեվերջին՝ 9.000.000 դրամ:
2008թ. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Աղվան Պետրոսյանը, որպես եկամտի միակ աղբյուր` ներկայացրել է իր աշխատավարձը: գարեվերջին նրա դրամական միջոցները նվազել են՝ 3.000.000-ից հասնելով 2.800.000 դրամի:

Կարդացեք նաև

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանը թե՛ տարեսկզբին, թե՛ տարեվերջին 15.000.000 դրամ է ունեցել: Որպես եկամտի աղբյուր` նա նշել է աշխատավարձը և վարկեր:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը տարեվերջին ավելացրել է իր գումարները: Նա տարեսկզբին ունեցել է 26.000.000 դրամ և 34.000 դոլար: Տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 28.500.000 դրամ և 34.500 դոլար:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը տարեվերջին ավելացրել է իր դրամական միջոցները: Տարեսկզբին նա ունեցել է 40.000 դոլար և 2.000.000 դրամ, իսկ տարեվերջին՝ 42.000 դոլար և 4.000.000 դրամ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանը տարեվերջին ունեցել է 2 մլն դրամ, 40.000 դոլար և 8000 եվրո: Որպես եկամտի աղբյուր` նա նշել է աշխատավարձը, որպես նվիրատվություն և ժառանգություն ստացած գույքը, ստացված տոսկոսները:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի դրամական միջոցներն ավելացել են: Տարեսկզբին նա ունեցել է 8.500.000 դրամ և 8000 դոլար, իսկ տարեվերջին՝ 9.000.000 դրամ և 9000 դոլար:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, որպես իր եկամտի աղբյու`ր նշել է աշխատավարձն ու վարկերը: Տարեսկզբին ունեցած նրա 7 մլն դրամը կրճատվել է՝ դառնալով 4 մլն դրամ:

Որ դատավորներն են ավելացրել իրենց գումարները
Դատավոր Իգնատ Բեգլարյանը, ով 1999-ից աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, տարեվերջին ավելացրել է իր դրամական միջոցները: Տարեսկզբին նա հայտարարագրել է 6 մլն դրամ, 5000 դոլար, ինչպես նաև 4000 Խորհրդային Միության դրամ: Տարեվերջին դոլարով և ռուբլիով ունեցած նրա միջոցները չեն փոխվել. իսկ դրամով ունեցած միջոցները հասել են 7 միլիոնի:
Նույն դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը տարեսկզբին, ըստ իր հայտարարագրի, ունեցել է 9 մլն 400.000 դրամ, իսկ տարեվերջին՝ 11 մլն դրամ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը տարեսկզբին ունեցել է 3 մլն 500.000 դրամ և 2200 դոլար, իսկ տարեվերջին՝ 3 մլն 800.000 դրամ և 2600 դոլար:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը տարեսկզբին ունեցել է 900.000 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 100.000 դրամ: Նույն դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը տարեսկզբին ունեցել է 27 մլն դրամ, որը տարեվերջին դարձել է 30 մլն դրամ:

2004թ. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում աշխատող Վահագն Մելիքյանը տարեսկզբին ունեցել է 16 մլն դրամ, որը տարեվերջին ավելացել է 500.000 դրամով: Նրա հայտարարագրում նշված է` 11.500, սակայն նշված չէ՝ ինչ արտարժույթով է այն: Նույն դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը տարեսկզբին ունեցել է 3 մլն 500.000 դրամ, տարեվերջին՝ 3 մլն 600.000 դրամ: Դատավոր Յուրիկ Իսկոյանը տարեսկզբին ունեցել է 4 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 6 մլն դրամ: Դատավոր Վահագն Մելիքյանը տարեսկզբին ունեցել է 16 մլն դրամ, տարեվերջին՝ 16 մլն 500.000 դրամ:

Կոտայքի մարզի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանը հայտարարագրել է 110.000 դրամ: Տարեվերջին այդ գումարն ավելացել է՝ դառնալով 145.000 դրամ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը տարեսկզբին ունեցել է 4 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 5 մլն դրամ: Նույն դատարանի դատավոր Զոյա Զաքինյանն, ըստ իր հայտարարագրի, ավելացրել է իր դրամական միջոցները: Տարեսկզբին նա ունեցել է 1 մլն դրամ, 500 դոլար և 5047.45 Խորհրդային Միության ռուբլի, իսկ տարեվերջին նրա դրամական միջոնցները կազմել են 2 մլն դրամ, 1000 դոլար, և 5047.45 Խորհրդային Միության ռուբլի:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Խաչատրյանի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները տարեվերջին զգալիորեն մեծացել են: Նա տարեսկզբին ունեցել է 8 մլն 585.000 դրամ և 6000 դոլար, իսկ տարեվերջին նրա գումարներն աճել են՝ կազմելով 12 մլն 753.000 դրամ և 7000 դոլար:

Դատավոր Սուրեն Մնացյանը տարեսկզբին ունեցել է 6 մլն դրամ, ինչպես նաև` 40000 Խորհրդային Միության ռուբլի: Տարեվերջին նա ունեցել է 9 մլն դրամ և 40.000 Խորհրդային միության ռուբլի:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը տարեսկզբին ունեցել է 1 մլն 500.000 դրամ, 28.000 դոլար և 25.000 Խորհրդային Միության ռուբլի, տարեվերջին՝ 2 մլն դրամ, 26.000 դոլար և 25.000 Խորհրդային Միության ռուբլի:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը տարեվերջին ավելացրել է դրամական միջոցները: Տարեսկզբին նա ունեցել է 2 մլն 800.000 դրամ, տարեվերջին՝ 4 մլն դրամ:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի դրամական միջոցները տարեվերջին ավելացել են: Նա տարեսկզբին ունեցել է 7 մլն դրամ և 5000 դոլար, տարեվերջին՝ 9 մլն դրամ և 5000 դոլար:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, տարեվերջին 4 մլն դրամով ավելացրել է իր դրամական միջոցները: Տարեսկզբին նա ունեցել է 18 մլն դրամ, տարեվերջին՝ 22 մլն դրամ:

Որ դատավորների գումարներն են նվազել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը հայտարարագրել է 15 մլն 500.000 դրամ, ինչպես նաև` 7000 դոլար: Տարեվերջին դատավորը ծախսել է դրամով ունեցած իր միջոցների զգալի մասը. տարեվերջին դրանք կազմել են 5 մլն 500.000 դրամ: Ն. Օհանյանի` դոլարով ունեցած գումարները մնացել են նույնը: Որպես եկամտի միակ աղբյուր՝ դատավորը նշել է իր աշխատավարձը:

2007թ. նույն դատարանում աշխատող Մուրադ Հովակիմյանը 2012թ. սկզբին հայտարարագրել է 700.000 դրամ, որից տարեվերջին մնացել է 400.000 դրամ: Ըստ դատավորի հայտարարագրի՝ նրա եկամտի միակ աղբյուրը դարձյալ աշխատավարձն է:
1999-ից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանի դրամական միջոցները տարեվերջին նվազել են. այսպես, տարեսկզբին նա հայտարարագրել է 1 մլն 500.000 դրամ, 6000 դոլար, իսկ տարեվերջին` 1 մլն դրամ և 5000 դոլար:

2001-ից Արարատի և Վայոց Ձորի մարզում դատավոր աշխատող Գևորգ Բալյանի 2012թ. հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին նրա դրամական միջոցները նվազել են: Տարեսկզին նա հայտարարագրել է 4 մլն դրամ, տարեվերջին՝ 3 մլն 700.000 դրամ:
2001թ. նույն դատարանում որպես դատավոր աշխատող Հենրիկ Դարբինյանը տարեվերջին կրճատել է իր դրամական միջոցները: Տարեսկզբին նա հայտարարագրել է 4 մլն դրամ, տարեվերջին՝ 2 մլն դրամ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Գալստյանը տարեսկզբին ունեցել է 40.000 դոլար և 3 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 20.000 դոլար և 2 մլն դրամ:

Դրամական միջոցներ չունեն
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը, համաձայն իր հայտարարագրի, դրամական միջոցներ չունի, որպես եկամտի աղբյուր` նշել է իր աշխատավարձն ու վարկը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանի հայտարարագրի համաձայն՝ նա դրամական միջոցներ չունի, նրա եկամտի միակ միջոցն աշխատավարձն է:

Դատավոր Վահե Խալաթյանը ևս դրամական միջոցներ չի հայտարարագրել: Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել, սակայն որպես եկամտի աղբյուր` նշել է իր աշխատավարձն ու վարկը: Նույն դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանը ևս դրամական միջոցներ չի հայտարարգրվել: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մարգարյանը դրամական միջոցներ չունի: Նա որպես եկամտի աղբյուր՝ հայտարարարել է աշխատավարձը և գույքն օտարելուց ստացված գումարը:

2012թ. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր նշանակված Հովհաննես Ղազարյանը տարեսկզբին հայտարարագրել է 8 մլն դրամ, իսկ տարեվերջին արդեն գումար չի ունեցել:

2008թ. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր աշխատող Նաիրա Ավետիսյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել: Նույն դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը տարեվերջին ծախսել է իր ունեցած 1 մլն 500.000 դրամը և 6200 դոլարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս