Սիրիայի Հոմս քաղաքում մեկնարկել է խաղաղ բնակիչների տարհանումը
BBC News-ի փոխանցմամբ՝ Սիրիայի Հոմս քաղաքում այսօր մեկնարկել է խաղաղ բնակիչների տարհանումը հին քաղաքի շրջանից, որը գտնվում է զինված ընդդիմության վերահսկողության տակ:
Առավել վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, երաշխավորվել է ռազմական գործողությունների գոտուց կանանց, երեխաների ու ավելի քան 55 տարեկան տղամարդկանց, ինչպես նաև վիրավորների անարգել ելքը քաղաքից:
Պլանի համաձայն, կառավարական զորքերի շրջապատած թաղամասից առաջինը պետք է դուրս գա 200 հոգանոց մի խումբ, որոնց կտեղավորեն ժամանակավոր կացարանում՝ ապահովելով սննդով ու բժշկական օգնությամբ: Հոմսի նահանգապետի խոսքերով՝ իրենք ամեն ինչ արել են դրա համար:
Նրանք, ովքեր նախընտրում են մնալ իրենց տներում, ավելի ուշ կստանան մարդասիրական օգնություն: Ընդհանուր առմամբ, պաշարված Հոմսում շարունակում է մնալ մոտ 2500 խաղաղ բնակիչ: Նրանց ռազմական գործողությունների գոտուց տարհանելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ժնև 2» կոնֆերանսի ժամանակ: