Բաժիններ՝

«Վարկառուի վարկունակության գնահատականը տրվում է ավտոմատացված սկորինգային համակարգի կողմից՝ 1 րոպեում»

Հայաստանում սպառողական վարկավորումն իր վերելքն է ապրում: Ֆիզիկական անձանց տրամադրված բանկային վարկերի պորտֆելը 30.09.13թ. դրությամբ գերազանցել է 560 մլրդ ՀՀ դրամը: Սպառողական վարկավորման և վարկառուի գնահատման սկորինգային մոդելների առանձնահատկությունների մասին է զրույցը «Յունիբանկի» վարչության նախագահ Վարդան Աթայանի հետ:

 

– «Յունիբանկը» սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից է: Կբացատրեք, թե ի՞նչ մեթոդներով եք գնահատում վարկառուին և ինչպե՞ս եք ընդունում վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը:

– Վարկավորման ժամանակակից գործընթացն առանձնանում է որոշման կայացման արագությամբ: Այսօր հաճախորդն իր հայտի վերաբերյալ պատասխանը պահանջում է միանգամից, այլ ոչ թե մեկ կամ երկու ժամ հետո: Եվ, եթե բանկը ցանկանում է հաջողության հասնել, ապա պետք է հաշվի նստի իր հաճախորդի կարծիքի հետ: Բանկային մասնագետի` անդերրայթերի կողմից վարկային հայտի դիտարկումը և նրա հնարավոր սուբյեկտիվ մոտեցումը «Յունիբանկի» համար արդեն անցած փուլ է: Այսօր վարկառուի վարկունակության գնահատականը տրվում է ավտոմատացված սկորինգային համակարգի կողմից: «Յունիբանկում» գործարկել ենք CRM-համակարգերի ոլորտում համաշխարհային առաջատար` ամերիկյան «Salesforce» ընկերության կառավարման համակարգը: Սկորինգային մոդելի ալգորիթմում ներառված են հաճախորդի նկատմամբ մեր պահանջները, ստուգման կարգն ու մերժման հնարավոր պատճառները: Այդպիսով, համակարգը կառուցում է հաճախորդի նկարագիրը և հնարավորություն է տալիս վարկի հաստատման վերաբերյալ որոշումը կայացնել ընդամենը մեկ րոպեում: Միայն դեկտեմբեր ամսին մեր CRM-համակարգը սպասարկել օրական ավելի քան 2000 հայտ:

Կարդացեք նաև

– CRM-համակարգի ներդրումը բավականին ծախսատար նախագիծ է: Ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը բիզնեսում: Որքանո՞վ է դա արդարացված:

– Իմ կարծիքով բիզնես գործընթացների ավտոմատացման անհրաժեշտությունն ակնհայտ է: Իհարկե, բոլոր մեծ նախագծերի իրականացումը, լինի դա սեփական պրոցեսինգային կենտրոն, թե «Salesforce» համակարգ, պահանջում է զգալի ռեսուրսներ և ներդրումներ: Բայց այսօր բանկային սպասարկումը և ռիսկերի կառավարումն առանց նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների անարդյունավետ է: Դա հատկապես վերաբերում է բանկային մանրածախ բիզնեսին: Ո ՞րն է սկորինգային համակարգի ավտոմատացման իմաստը: Իհարկե, արդյունավետության բարձրացումը: Համակարգը պետք է թույլ տա բանկին տրամադրելու որքան հնարավոր է շատ վարկեր` միաժամանակ նվազագույնին հասցնելով «վատ» վարկերի քանակը: Նայեք մեր ցուցանիշներին. «Յունիբանկը» ֆիզիկական անձանց վարկավորման պորտֆելով հայաստանյան բանկերի առաջին հնգյակում է: Այն գերազանցել է 50 մլրդ դրամը, իսկ ժամկետանց վարկերի մասնաբաժինը չի գերազանցում 0,75%-ը:

Մենք չենք պահանջում փաստաթղթերի մեծ փաթեթ կամ գրավ: Սպառողական վարկի համար բավարար է բանկ ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ: Վարկային հայտը կարելի է լրացնել անգամ օնլայն, առանց բանկ այցելելու: Հենց սա էլ այն հարմարավետ և արագ բանկային սպասարկումն է, որին ձգտում են և մեր հաճախորդները և մենք:

-Այսինքն՝ բանկերը հետզհետե հրաժարվում են կոնսերվատիվ քաղաքականությունից, որը մեծամասամբ ենթադրում է փաստաթղթային քաշքշուկներ և վարկավորում գրավի դիմաց:

– Մենք մի օրում չէ, որ նման որոշում ենք կայացրել: Եթե բանկը որոշում է զարգանալ մանրածախ բիզնեսի ուղղությամբ և իրականացնել մասսայական վարկավորում, ապա պետք է ձերբազատվել ավելորդ կոնսերվատիզմից: Այո, մենք այսօր սպառողական վարկավորումն իրականացնում ենք հաճախորդի վարկային պատմության հիման վրա: Այդ իսկ պատճառով, մեր բնակչությունը պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբեվրի իր վարկային պարտավորություններին և խուսափի բացասական վարկային պատմության ձևավորումից: Այն արագ և հեշտ փոփոխման ենթակա չէ: Այսօր հաճախորդի համար ավելի շահավետ է վերադարձնել վարկը առանց ուշացումների և ձևավորել դրական վարկային պատմություն: Այդ դեպքում շատ արագ և հեշտ կարելի է ստանալ ևս մեկ վարկ:

– Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ նման մոտեցումը ռիսկերի տեսանկյունից:

– Ռիսկերի գրագետ կառավարման դեպքում ժամկետանց վարկերի ցուցանիշը միանգամայն կանխատեսելի է: Հենց ավտոմատացված սկորինգը թույլ տվեց մեզ ձևավորել վարկային պորտֆելի ռիսկի ավելի ցածր մակարդակ: Ալգորիթմի հիմքում դրված է բանկի գործող պորտֆելի վերլուծությունը և մեր բանկի 12 տարվա վիճակագրական տվյալները: Արդյունքում, ինչպես արդեն նշեցի, մենք պահում ենք ժամկետանց վարկերի ցուցանիշը 1%-ից ցածր մակարդակի վրա:

ՄԱՐԻԱՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս