«Պաշտպանում են, որ հասարակությանը ցույց տան, իբր խելացի մարդիկ են, իրականում ապուշ են»
Այսօր Հայաստանում նորաձև է դարձել գիտական աստիճան ստանալը: Հատկապես պաշտոնյաներն են սիրում պաշտոնավարության ընթացքում գիտական աստիճաններ ստանալ: Հետաքրքիրն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ հայ պաշտոնյաները գնալով ավելի ու ավելի շատ են «սիրում» գիտությունը, այնքան շատ, որ ուզում են գիտական աստիճաններ ունենալ, սակայն նրանց այդ «սիրուց» Հայաստանում գիտության ոլորտի վիճակը չի լավանում, գիտությունը շարունակում է գտնվել խղճուկ վիճակում, գիտնականները չնչին աշխատավարձեր են ստանում, պայմաններ չկան գիտությամբ զբաղվելու համար:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում տեղի էր ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության «պաշտպանությունը», տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար, որը հասարակության և մասնավորապես` գիտության աշխատակիցների շրջանում բուռն քննարկումների պատճառ էր դարձել: Հիշեցնենք նաև, որ Կենտրոն համայնքի թաղապետ եղած ժամանակ` 2004թ., ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պաշտպանել է «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Վերջին տարիներին պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է ստացել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը և այլք: Մամուլում վերջերս նաև տեղեկություններ եղան այն մասին, որ առաջիկայում թեկնածուականներ կպաշտպանեն Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի որդին` Վիլիկը, ՀՀԿ-ական Ջերմուկի Աշոտի դուստրը:
Իսկ ինչպե՞ս պարզել` տվյալ գիտական աստիճանը կե՞ղծ է, թե՞ ոչ: Պարզելու համար անհրաժեշտ է տվյալ մարդու անունով ուղղակի փնտրել Հայաստանից դուրս մասնագիտական հեղինակավոր ամսագրերից գոնե մեկում հրապարակված նրա գիտական հոդվածները: Եթե չկան այդպիսիք, ուրեմն կեղծ է: Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Ղուկաս Մեհրաբյանը:
«Իմ պաշտպանելուց հետո արդեն 30 տարի է անցել, ու ես, 20 տարուց ավելի է` ֆիզիկայով չեմ զբաղվում, բայց իմ գիտական աշխատանքները նույնիսկ ԱՄՆ-ի և այլ երկրների գրադարաններում առկա են, և իմ անունով` ինտերնետով որոնելիս կարելի է ծանոթանալ այդ հոդվածներին, մինչդեռ Հայաստանում ներկայիս պաշտպանածներից շատերի հոդվածներն այդպես էլ հնարավոր չէ գտնել»,- ասաց Ղ. Մեհրաբյանը` նշելով, որ, օրինակ, ընդամենը մի քանի տարի առաջ պաշտպանած դոկտորի հոդվածները, այն էլ` արդի տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում, այդպես էլ չի կարողանում գտնել, քանի որ դրսում չեն ճանաչում տվյալ գիտնականի աշխատանքները:
«1988 թվականին ես պատրաստ էի դոկտորական գրելու և պաշտպանելու: Ղարաբաղյան շարժումից հետո, ցավոք սրտի, ֆիզիկայով սկսեցի քիչ զբաղվել: Հիմա, եթե ինձ ասեն` արի պաշտպանի, և քեզ ակադեմիկոսի կոչում կտանք, ես չեմ ուզենա, ավելի լավ է մնալ անցյալի ֆիզիկայի թեկնածու, քան ներկայի «ակադեմիկոս»: Ժամանակին բավականին հայտնի և խելացի տնտեսագետ ունեինք` Էդուարդ Աղաջանովը, ով մի քանի տարի առաջ մահացավ, այդ մարդը Հայաստանի լավագույն տնտեսագետներից մեկն էր, բայց ինչ արեցինք, որքան համոզեցինք` չպաշտպանեց, ասում էր` ավելի լավ է գրեն` տնտեսական գիտությունների թեկնածու, քան թե հիմա գնամ պաշտպանեմ և դոկտոր լինեմ: Եվ նա այդպես էլ չպաշտպանեց»,- հիշեց Ղ. Մեհրաբյանը:
«Այժմ Հայաստանում հանրապետական կասկածելի հեղինակություն ունեցող ամսագրերում հոդվածներ տպագրելով` մարդիկ կարողանում են պաշտպանել, մինչդեռ գիտությունը զուտ ազգային բան չէ. դա մի բան չէ, որը վերաբերում է զուտ Հայաստանին և կարող է մնալ զուտ մեր երկրի շրջանակներում:
Գիտությունը մի բան է, որի մասին ամբողջ աշխարհը պետք է տեղեկանա: Այսինքն` դու չես կարող ինչ-որ բան հենց այնպես գրել ու պաշտպանել: Այս ամենը պարզապես խեղկատակություն է»,- ասաց Ղ. Մեհրաբյանը` նշելով, սակայն, որ տարիներ առաջ գիտական աստիճան ստանալու, պաշտպանելու համար ամենաքիչը պետք էր մի քանի ճանաչված ամսագրերում տպագրված հոդվածներ ունենալ:
«Այս ամենն ասես դառնում է ընդամենը ԲՇՏ-ի (բնակշահագործման տեսչություն, նախկին` ԺԷԿ) կողմից տրված տեղեկանքի նման մի բան: ԲՈՀ (Բարձրագույն որակավորման հանձնաժողով) կոչվածն ասես վերածվել է ԲՇՏ-ի և տեղեկանք է տալիս այն մասին, որ նշյալ մարդը խելացի անձնավորություն է: Այսինքն` եթե դուք կասկածում եք, որ նա խելոք չէ, ինքը կարող է ցույց տալ, օրինակ, ԲՈՀ-ի թուղթն այն մասին, որ նա պաշտպանել է. եթե թուղթը կա, ուրեմն ստացվում է, որ խելոք է»,- ասաց Ղ.Մեհրաբյանը:
Իրենց խիստ բացասական դերակատարումն ունեն նաև բազմաթիվ, այսպես կոչված, «պաշտպանության խորհուրդները», որոնք իրենց թերացումների համար պատասխանատվություն չեն կրում ու փակվում են նույն ԲՈՀ-ի կողմից:
Մեր զրուցակցի խոսքով`Հայաստանում շոուի է վերածվել պաշտոնյաների կողմից գիտական աստիճան ձեռք բերելու երևույթը, որի արդյունքում ԲՈՀ-ը` պատճենահանող մեքենայի պես, թեկնածուներ ու դոկտորներ է «թողարկում»:
«Տեսնում ես ինչ-որ մի պաշտոնյա, որի անվան դիմաց գրված է` դոկտոր-պրոֆեսոր: Այդ դոկտոր-պրոֆեսորի հետ խոսում ես ու չես հասկանում, թե դրա դոկտորը ո՞րն է, պրոֆեսորը ո՞րն է, չգիտեմ: Բավական չի` այդ ամենը խեղաթյուրում են, հիմա էլ սկսել են ավելի այլանդակել այդ ամեն ինչը և արդեն հասել են այն աստիճանի, որ հասարակությունը չի զանազանում պաշտոնյային և գիտնականին, չգիտի` ի՞նչ է նշանակում` թեկնածու կամ դոկտոր:
Հասկանո՞ւմ եք, այդ ամենն այնպես դասավորված է ընթանում, կարծես մենք ապուշներ ենք. ախր չի կարելի իջնել այդ աստիճանի»,- ասաց Ղ. Մեհրաբյանը` նշելով, որ պետք չէ գիտությունների թեկնածու լինել, օրինակ`քաղաքապետ կամ վարչության պետ աշխատելու համար:
«Այժմ չգիտես, թե ով` ով է, ինչն` ինչ է. արդյունքում` այժմ, չգիտես ինչո՞ւ, Հայաստանում այնպիսի դոկտորներ, ակադեմիկոսներ կան, ովքեր շատ են խոսում գիտության մասին, տարբեր կարծիքներ են հայտնում, սակայն գործնականում նրանց գիտական աշխատանքներից որևէ մեկը գտնել և ծանոթանալ հնարավոր չէ, նրանք ոչ մեկին պետք չեն, բացի իրենց ընտանիքներից»,- ասաց Ղ. Մեհրաբյանը` ավելացնելով, որ նման բան կարող էր լինել միայն հետամնաց երկրներում:
Ըստ մեր զրուցակցի` ընդհանրապես թե՛ բնական, թե՛ հասարակական գիտություններում խայտառակ վիճակ է ստեղծվել, ով ասես, ինչ ասես` իրեն կարող է գիտնական պատկերացնել ու հռչակել: «Պատկերացնո՞ւմ եք` գիտնական քաղաքագետ, սոցիոլոգ, վարչության պետ, պատգամավոր, նախարար, քաղաքապետ, մարզպետ և այլն: Այս դարում անիմաստ է այս ամենը, ինտերնետ կա, և յուրաքանչյուր մարդ ամեն մի գիտնականի մասին ինքը կարող է տեղեկանալ, իմանալ, թե քանի՞ գիտական հոդված ունի տպագրված, քանի՞ հղումներ կան այդ հոդվածներին, և այլն»,- ասում է Ղ. Մեհրաբյանը:
Այս ամենը կանխելու համար, ըստ Ղ. Մեհրաբյանի` անհրաժեշտ է ունենալ իրոք որակյալ անձնակազմ ունեցող, սկզբունքային և ապակուսակցականացված ԲՈՀ. միայն այս դեպքում է հնարավոր կարճ ժամանակահատվածում գիտական միջավայրը մաքրել աղբից:
«Գիտության մեջ չի կարող լինել անարձագանք` առանց հղումների գիտական հոդված, բացառվում է դա: Այլ բան, եթե դու ինչ-որ գերհայտնագործություն ես կատարել, և դրա մասին ոչ ոք չգիտի, և դու այդ թեմայի մասին առաջինն ես հոդված տպագրում, սակայն վերոնշյալ դեպքերը նման դեպքեր չեն: Այժմ պաշտոնյաների և մասնագետների մեջ քիչ չեն փառասերները, որոնք իրենց աշխատասենյակների ամբողջ մի պատին սերտիֆիկատներ ու դիպլոմներ են փակցնում:
Մինչդեռ իմ փորձառությունից կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում աշխատանք գտնելու համար դու կարող ես ներկայանալ ակադեմիկոս, դոկտոր կամ թեկնածու, և այլն, սակայն դա բոլորովին կարևոր չէ, կարևորն այն է, թե դու ինչպե՞ս կարող ես տվյալ խնդիրը լուծել: Իսկ եթե դու կարողանում ես այդ խնդիրը լուծել և առաջարկներ ես անում, ապա քեզ համար ստեղծում են բոլոր հնարավորությունները` գումար, սարքավորումներ և այլն: Պարզապես դուք կարող եք և ոչ մի գիտական աստիճան չունենալ, բայց հիանալի մասնագետ լինել և հրաշալի կատարել աշխատանքը, դա է կարևորն իրականում»,- ասաց Ղ. Մեհրաբյանը:
Վերջինս նշեց նաև, որ ժամանակակից գիտությունը մի ոլորտ է, որտեղ եթե ինչ-որ բան կատարվում է, ապա ամբողջ աշխարհը տեղեկանում է այդ մասին: «Այսօր Հայաստանում պետական պաշտոնյաների համար գիտական աստիճանը դարձել է վարորդական իրավունքի վկայականի կամ զինվորական գրքույկի նման մի բան, մարդիկ պաշտոն են զբաղեցնում և պաշտպանում են, որպեսզի հասարակությանը ցույց տան, իբր խելացի մարդիկ են, իսկ իրենք իրականում ապուշ են, այնքան ապուշ, որ պաշտպանելով են փորձում խելոք ձևանալ:
Միայն հետամնաց երկրներում կարող է նման բան լինել: Ակադեմիկոսի պատվավոր կոչում են ստանում, դոկտորի կոչում, կամ դառնում են թեկնածուգ այս ամենն ուղղակի խեղկատակության է վերածվել»,- ասաց Ղ.Մեհրաբյանը: