Կրկնակի բոյկոտ

Երեկ ԱԺ պատգամավորները 67 կողմ ձայնով որոշեցին փոխել ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի անդամների քանակը՝ 7-ից հասցնելով 11-ի: Այս փոփոխության արդյունքում ՀՀԿ-ՕԵԿ զույգը հնարավորություն ունեցավ մեծամասնություն ստանալ հաշվիչ հանձնաժողովում:

Խորհրդարանի չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ բոյկոտում են քվեարկությունը, իսկ քվեարկությունից հետո հայտարարեցին, որ բոյկոտում են Հաշվիչ հանձնաժողովը: Այսպիսով, այն նախկին 7-ի փոխարեն` կունենա 6 անդամ, բայց բոլորը` կառավարող կոալիցիայից: Մինչև երեկ, գործող կարգի համաձայն` Հաշվիչ հանձնաժողովն ուներ 7 անդամ, որոնցից 2-ին առաջադրում էր ՀՀԿ-ն, իսկ մյուս հինգին` խորհրդարանական հինգ խմբակցությունները:

Արդյունքում` ստացվում էր, որ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը միասին հանձնաժողովում ունեին 3 ներկայացուցիչ, իսկ մյուս չորս ոչ իշխանական խմբակցությունները` չորս: Թեև ՀՀԿ-ՕԵԿ զույգը փոքրամասնության մեջ էր, սակայն այս հարաբերակցությունը կարծես թե չէր խանգարում խորհրդարանի բնականոն աշխատանքին, քանի որ Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը պետք է լինում միայն այն դեպքում, երբ ԱԺ-ում անցկացվում են փակ գաղտնի քվեարկություններ: Հաշվիչ հանձնաժողովի անդամներն այդ դեպքում կատարում են նույն դերը, ինչ որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն` ընտրությունների ժամանակ. կազմակերպում են ընտրական գործընթացը, իսկ դրա ավարտից հետո` կազմակերպում քվեաթերթիկների հաշվարկ:

Քանի որ ՀՀԿ-ականները խորհրդարանում ունեն որակյալ մեծամասնություն` նրանք ունեն 50 տոկոս` գումարած մեկ ձայն և ավելի, ապա նրանք վստահ էին, որ քվեատուփում միշտ լինելու է իրենց համար ցանկալի քվեաթերթիկների քանակություն, և հանձնաժողովին մնում է տեխնիկական աշխատանք` հաշվել այդ թերթիկները և հայտարարել թվերը:

Կարդացեք նաև

Բայց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ խորհրդարանում պետք է քվեարկության դրվեին «Գազային պայմանագրերը», «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքեց որոշ ՀՀԿ-ական պատգամավորների էլեկտրոնային քվեարկության քարտերը, ինչի պատճառով «Գազային պայմանագրերի» հարցով քվեարկությունն էլեկտրոնային եղանակով կազմակերպելը դարձավ անհնարին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ հայտարարել, որ քվեարկությունը կանցկացվի ձեռքերը վեր բարձրացնելու միջոցով, իսկ հաշվարկը կկատարեն Հաշվիչ հանձնաժողովի անդամները:

Ոչ իշխանական չորս խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ նիստը և դուրս եկան Նիստերի դահլիճից: Ձայների հաշվարկը կատարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ քվեարկությունը չի կարելի կայացած համարել, քանի որ ձայների հաշվարկը կատարել է քվորում չունեցող հաշվիչ հանձնաժողովը:

Ավելի ուշ Հաշվիչ հանձանաժողովի ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվեցին և որոշում կայացրեցին` Սուքիաս Ավետիսյանի փոխարեն` ընտրել ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանին:
ՀՀԿ-ականների երեկվա գործունեությունը չափազանց կանխատեսելի էր: Նրանք համարում են, որ, եթե իրենք խորհրդարանում ունեն մեծամասնություն, ապա պետք է մեծամասնություն ունենան նաև Հաշվիչ հանձնաժողովում:

Դրա մասին բաց տեքստով հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ դիմելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին` ասաց, որ ուժերի ներկա հարաբերակցությունը ձևավորվել է դեռևս 2012թ. մայիսի 25-ին, և իրենց գործողություններն ուղղված են նրան, որպեսզի թույլ չտան, որ մյուս ուժերը խաթարեն ԱԺ բնականոն գործունեությունը:

ՀՀԿ կարգախոսը հետևյալն է. «Մենք շատ ենք` մենք ճիշտ ենք: Դուք քիչ եք` դուք սխալ եք»: Ունենալով մեծամասնություն` ՀՀԿ-ականները ցանկացած օրենք կարող են փոխել իրենց համար ցանկալի ձևով: Շատ դեպքերում` խախտելով ընթացակարգերը, բայց դա ՀՀԿ-ականների համար որևէ նշանակություն չունի: Նրանք միշտ ճիշտ են:

Հ.Գ. Կա՞ արդյոք ռացիոնալիզմ ոչ իշխանական ուժերի գործունեության մեջ: Բացարձակապես` ո՛չ: Այդ նույն տրամաբանությամբ նրանք պետք է բոյկոտեն ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքները, քանի որ նրանք այնտեղ էլ են փոքրամասնություն և զրկված են նախագահ ունենալու հնարավորությունից: Բացի այդ, չմասնակցելով Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, նրանք կկորցնեն վերահսկողությունը ձայների հաշվման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս