«Կառավարությունը ստել, խաբել է ժողովրդին»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` Հայաստանի բնակչության 90 տոկոսը, համեստ հաշվարկներով, դժգոհ է իշխանության վարած քաղաքականությունից: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք տեսնում ենք, որ քաղաքացիների առջև ծառացած որևէ խնդիր չի լուծվում, սոցիալ-տնտեսական վիճակը, որքան գնում՝ վատթարանում է»,- ասաց նա:
Խոսելով գազի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված գազի վիճելի պայմանագրի մասին` Մարտիրոսյանը նշեց, որ կառավարությունը հակաօրինական և հակաբարոյական կերպով երեք տարի առաջ քննարկել է գազի սակագնի հարցերը, որի արդյունքում գազը Հայաստանում թանկացել է:
«Կառավարությունը ստել, խաբել է ժողովրդին` ասելով, թե նման բան չկա: Դրան երկրորդել է գործող նախագահը ` ասելով, որ գազի թանկացման մասին լուրերը հերյուրանքներ են: Պարզվում է` հերյուրանքներ չեն եղել, և իսկապես այդպես է եղել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Սրանից «Ժառանգության» փոխնախագահը մեկ հետևություն է անում` կառավարությունը և իշխանությունն ամբողջությամբ պետք է փոխվեն: Նա ողջունելի համարեց գազի խնդրի և նաև «Ընդդեմ կուտակային կենսաթոշակների պարտադիր համակարգի» նախաձեռնության շուրջ ոչ իշխանական քաղաքական ուժերի միասնականության դրսևորումը:
«Իհարկե, այս շրջանակում չի կարելի կանգ առնել, որովհետև նույնիսկ կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ հանրահավաքին (հունվարի 18-ին,- Ա.Ս.) մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնության բացականչություններից երևում էր, որ իրենք խնդիրների լուծման համար, ըստ էության, պատկերացնում են բացառապես մեկ ճանապարհ` իշխանափոխություն` որպես առաջին քայլ, երկրորդը` արմատական համակարգային բարեփոխումներ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Անցնելով արտաքին քաղաքականությանը` Արմեն Մարտիրոսյանը հիշեց ՌԴ նախագահ Պուտինի և Հայաստանում ՌԴ դեսպանի զարմանքը, որ Հայաստանը «խելակորույս արագությամբ» գնում է դեպի Մաքսային միություն և նաև Եվրասիական միություն, ինչը, ըստ նրա, չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից:
«Եթե մի քանի մթերք, բանջարաբոստանային կուլտուրաներ արտահանելու (որը մի քանիսի գրպանն է հարստացնելու) կամ հանքաարդյունաբերությունը մի փոքր զարգացնելու համար (որը նույնպես մի քանիսի գրպանն է հարստացնելու) մենք պետք է ունենանք մեծ գնաճ, ներդրումների բացակայություն և արտագաղթի ծավալների մեծացում, ապա այդպիսի միությունը մեզ պետք չէ»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա ընգծեց, որ կողմ է Ռուսաստանի հետ նորմալ, բազմակողմ, խորը հարաբերություններին, ինչը նաև «Ժառանգության» դիրքորոշումն է, բայց դեմ է Հայաստանի անկախության կորստին, քանի որ, ինչպես երևում է պաշտոնատար անձանց վերջին հայտարարություններից, Հայաստանի փոխարեն Մաքսային միությունն է Եվրամիության հետ բանակցելու Հայաստանի տնտեսական խնդիրների վերաբերյալ:
«Սա արդեն բառացի նշանակում է անկախության կորուստ»,- ընգծեց նա: