Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցն սկսեց Սիսիանի տարածաշրջանից:
Գորայք համայնքում փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետներ Վահե Հակոբյանի ու Էդգար Ղազարյանի, Ջերմուկի եւ Գորայք համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ «Գեոթիմ» ընկերության պատասխանատուների մասնակցությամբ: Ներկայացվեցին ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում Գորայք, Ջերմուկ, Գնդեվազ եւ Սարավան համայնքներում իրականացվելիք ծրագրերը:
Ծղուկ համայնքում փոխվարչապետն այցելեց «Բորիսովկա» կաթի վերամշակման ընկերություն, ծանոթացավ արտադրական հզորություններին ու պայմաններին: Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն(CARD) հիմնադրամի աջակցությամբ ընկերությունը բարելավել է արտադրական պայմանները, կառուցվել են նոր արտադրամասեր` ընդլայնելով արտադրության ծավալները: Ընկերությունը ներկայումս համագործակցում է ավելի քան 100 գյուղացիական տնտեսությունների հետ եւ վերամշակում է տարեկան մոտ 1000 տոննա կաթ: Փոխվարչապետը հեռավոր գյուղերում վերամշակող փոքր ընկերությունների գործունեությունը կարեւոր համարեց, որոնք նպաստում են ֆերմերային տնտեսությունների արտադրած գյուղմթերքի իրացմանն ու նաեւ աշխատատեղեր ստեղծում:
Սառնակունք համայնքում փոխվարչապետն այցելեց CARD հիմնադրամի Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն (ԳԱՍԿ), ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին, մատուցվող ծառայություններին եւ իրականացվող ծրագրերին, քննարկվեցին Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) հետ համագործակցության հնարավորությունները: Նշվեց, որ 2011թ-ից գործող կենտրոնն առաջարկում է անասնաբուժական տարբեր ծառայություններ, տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն: Կենտրոնում ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ անասնաբույժների, ֆերմերների, վերամշակողների եւ արտադրողների համար: Կենտրոնը ներկայումս համագործակցում է 18 անասնաբույժի եւ արհեստական սերմնավորող տեխնիկների հետ, որոնք սպասարկում են 40-ից ավելի համայնք` տարեկան շուրջ 4,000 մանր ու միջին ֆերմերային տնտեսություն:
Փոխվարչապետն այնուհետեւ այցելեց Գորիս, որտեղ քաղաքապետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզպետի, տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների 2013թ. կատարողականի, 2014թ. բյուջեների կատարման, համայնքապետարաններում եւ համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրման եւ ընթացիկ այլ հարցեր: Համայնքների ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների մասին:
Փոխվարչապետն այցելեց նաեւ քաղաքի «Միրհավ» հյուրանոցայի համալիր, որի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել վերջերս: Հյուրանոցը կառուցվել է սփյուռքահայ գործարարի ներդրումներով, մատուցվելու են եվրոպական չափանիշներին համապատասխան ծառայություններ: Փոխվարչապետը կարեւոր համարեց մարզում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը` հաշվի առնելով, որ տարեցտարի ավելանում է Տաթեւ այցելող զբոսաշրջիկների թիվը: Ըստ նրա` որակյալ ծառայություններ ու հարմարավետ պայմաններ առաջարկող հյուրանոցների առկայությունը դրական ազդեցություն կունենա մարզի զբոսաշրջային ներուժի ընդլայնման տեսանկյունից:
Մարզկենտրոն Կապանում Ա. Գեւորգյանը մարզպետ Վ. Հակոբյանի, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի ազգային արխիվի մարզային մասնաճյուղ, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Տեղում քննարկվեցին շենքը ջեռուցմամբ ապահովելու հնարավորությունները:
Այնուհետեւ մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետը, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների պատասխանատուներ, ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները, ինչպես նաեւ 2013թ. իրականացված աշխատանքները: Նշվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված 177 միջոցառումից իրականացվել է 128-ը, 49-ը ընթացքի մեջ է: 2013թ. մարզում ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 38,5 մլրդ դրամի ներդրում, որից 23,1 մլրդ դրամ` արդյունաբերության, 6,1 մլրդ դրամ` ՓՄՁ եւ մասնավոր հատվածում, 4,1 մլրդ դրամ` սոցիալական, 3,5 մլրդ դրամ` ենթակառուցվածքների, 534 մլն դրամ` գյուղատնտեսության, 220 մլն դրամ` բնապահպանության, 484,1 մլն` քաղաքաշինության ոլորտներում:
Մարզի համայնքների բյուջեների 2013թ. ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 97,7%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 11,5 %-ով կամ 373 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 97,7 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 7 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 93,4 %-ով, գույքահարկինը` 104,5 %-ով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ մարզի համայնքների բյուջեների կատարմանը, մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, մարզի համայնքներում 2013թ. կատարված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: Ներկայացվեց նաեւ մարզի համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրման աշխատանքների ընթացքը: Ներկայումս մարզի 109 համայնքից Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված արդեն 52 համայնքում, որից 39-ը նաեւ կարող է էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնել եւ փոխգործակցվել «Mulberry» համակարգի հետ:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին