Բաժիններ՝

Գիտական աստիճանը Հայաստանում ԺԷԿ-ի թուղթ է դարձել, կամ վարորդական իրավունքի վկայական

Այսօր Հայաստանում նորաձև է դարձել գիտական աստիճան ստանալը: Հատկապես պաշտոնյաներն են սիրում պաշտոնավարության ընթացքում գիտական աստիճաններ ստանալ: Հետաքրքիրն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ հայ պաշտոնյաները գնալով ավելի ու ավելի շատ են «սիրում» գիտությունը, այնքան շատ, որ ուզում են գիտական աստիճաններ ունենալ, սակայն նրանց այդ «սիրուց» Հայաստանում գիտության ոլորտի վիճակը չի լավանում, գիտությունը շարունակում է գտնվել խղճուկ վիճակում, գիտնականները չնչին աշխատավարձեր են ստանում, պայմաններ չկան գիտությամբ զբաղվելու համար:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում տեղի էր ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության «պաշտպանությունը» տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար, որը հասարակության և գիտության աշխատակիցների շրջանում բուռն քննարկումների պատճառ էր դարձել: Հիշեցնենք նաև, որ Կենտրոն համայնքի թաղապետ եղած ժամանակ՝ 2004թ., ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պաշտպանել է «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Վերջին տարիներին պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է ստացել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը և այլք:

Մամուլում վերջերս նաև տեղեկություններ եղան այն մասին, որ առաջիկայում թեկնածուականներ կպաշտպանեն Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի որդին՝ Վիլիկը, ՀՀԿ-ական Ջերմուկի Աշոտի դուստրը:

168.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Ղուկաս Մեհրաբյանն ասել է. «Այսօր Հայաստանում պետական պաշտոնյաների համար գիտական աստիճանը դարձել է վարորդական իրավունքի վկայականի կամ զինվորական գրքույկի նման մի բան, մարդիկ պաշտոն են զբաղեցնում և պաշտպանում են, որպեսզի հասարակությանը ցույց տան, իբր խելացի մարդիկ են, իսկ իրենք իրականում ապուշ են, այնքան ապուշ, որ պաշտպանելով են փորձում խելոք ձևանալ: Միայն հետամնաց երկրներում կարող է նման բան լինել: Ակադեմիկոսի պատվավոր կոչում են ստանում, դոկտորի կոչում, կամ դառնում են թեկնածու… այս ամենն ուղղակի խեղկատակության է վերածվել»,- ասաց Ղ.Մեհրաբյանը:

Կարդացեք նաև

«Իմ պաշտպանելուց հետո արդեն 30 տարի է անցել, ու ես, 20 տարուց ավելի է՝ ֆիզիկայով չեմ զբաղվում, բայց իմ գիտական աշխատանքները նույնիսկ ԱՄՆ-ի և այլ երկրների գրադարաններում առկա են, և իմ անունով՝ ինտերնետով որոնելիս կարելի է ծանոթանալ այդ հոդվածներին, մինչդեռ Հայաստանում ներկայիս պաշտպանածներից շատերի հոդվածներն այդպես էլ հնարավոր չէ գտնել»,- ասաց Ղ. Մեհրաբյանը` նշելով, որ, օրինակ, ընդամենը մի քանի  տարի առաջ պաշտպանած դոկտորի հոդվածները, այն էլ՝ արդի տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում, այդպես էլ չի կարողանում գտնել, քանի որ դրսում չեն ճանաչում տվյալ գիտնականի աշխատանքները:

«1988 թվականին ես պատրաստ էի դոկտորական գրել և պաշտպանել: Ղարաբաղյան շարժումից հետո, ցավոք սրտի, ֆիզիկայով սկսեցի քիչ զբաղվել: Հիմա, եթե ինձ ասեն` արի պաշտպանի, և քեզ ակադեմիկոսի կոչում կտանք, ես չեմ ուզենա, ավելի լավ է՝ մնալ անցյալի ֆիզիկայի թեկնածու,  քան ներկայի «ակադեմիկոս»: Ժամանակին բավականին հայտի և խելացի տնտեսագետ ունեինք՝ Էդուարդ Աղաջանովը, ով մի քանի տարի առաջ մահացավ, այդ մարդը Հայաստանի լավագույն տնտեսագետներից մեկն էր, բայց ինչ արեցինք, որքան համոզեցինք՝ չպաշտպանեց, ասում էր՝ ավելի լավ է գրեն՝ տնտեսական գիտությունների թեկնածու, քան թե հիմա գնամ պաշտպանեմ և դոկտոր լինեմ: Եվ նա այդպես էլ չպաշտպանեց»,- հիշեց Ղ. Մեհրաբյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս