Թողեք հանգիստ Մամիկոն պապին
Հայ-ադրբեջանական սահմանը հատած Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու և գերեվարվելու լուրից բոլորի ուշադրությունը հատկապես սևեռվեց տարաբախտ ծերունու ձեռքի գիպսին. ինչպե՞ս կարող են խոշտանգել մարդուն, կոտրել նրա ձեռքը, առավել ևս` եթե նա հիվանդ ծերունի է: Այս հարցը կոնկրետ պատասխան չունի. պատասխանը փիլիսոփայական է, հումանիզմի ոլորտից:
Սակայն շատ կոնկրետ պատասխան է ենթադրում մեկ այլ հարց` ինչպե՞ս կարող է մարդը հատել սահմանը` առանց նկատվելու յուրայինների, սահմանը հսկող զինվորների կողմից: Նույն այդ վայրից կարող էր Հայաստանի սահմանը հատել ադրբեջանցի մոլորյալ մի ծերունի: Կամ, ինչպես Պաշտպանության նախարարության հաճախակիացած մահազդերի տեքստերում է ասված` սահմանը կարող էին հատել դիվերսանտներ և, փաստացի, մնալ աննկատ:
Բայց բոլորս գիտենք, և մեզ այդ մասին միշտ հիշեցնում են, մեր սահմանների երկու կողմում զինվորներ են` հայ և ադրբեջանցի: Եվ այդ զինվորները պարբերաբար զոհվում են:
Հունվարի լույս 20-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանին «հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ փոխհրաձգությունից» հերոսաբար կյանքը զոհեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Նա հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:
Հունվարի 28-ին Մատաղիսի դիրքերում դիպուկահարի գնդակից զոհվեց սիսիանցի զինծառայող Կարեն Գալստյանը: Հունվարի 30-ին ԼՂՀ նախագահը երիտասարդին հետմահու պարգևատրեց «Մարտական ծառայություն» մեդալով:
Հայկական կողմը յուրաքանչյուր զոհի մասին բոթը շտապում է սրբագրել «սփոփիչ» հավաստիացումներով: Մասնավորապես` կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի զոհվելուց հետո էլ հայկական կողմը հայտարարեց, թե նման որևէ քայլ անպատասխան չի մնում, որ մեր մեկ զինվորի կյանքի համար ադրբեջանցիները քառակի կորուստ կունենան:
Կորուստները եղան. սահմանի մյուս կողմում զոհվեցին երիտասարդներ: Եվ Ադրբեջանից ևս հնչում են նույն սպառնալիքները` հայկական կողմն ադրբեջանցի յուրաքանչյուր զինվորի կյանքի համար ավելի թանկ կվճարի:
Եվ այդպես, անվերջ զոհվում են Արմեն Հովհաննիսյանի նման զինվորները` հայկական կողմից, ադրբեջանցի 19-ամյա, 20-ամյա պատանիները` հակառակորդի կողմից: Երկու երկրների բանակներում էլ երիտասարդները հասցվում են խելագարության, ինքնասպանության: Երկու երկրների բանակներում էլ զինվորները միմյանց սպանում են: Սակայն այս լոկալ ողբերգությունները մայրերի անձնական ողբերգությունն են: Իսկ, ա՛յ, սահմաններին հակառակորդի գնդակից զոհված զինվորի համար պետությունը ուսերը թափահարելով` առաջ է գալիս և սպառնում հակառակորդին` քառակի կորստով:
Աշխարհում բոլոր օրինաչափություններն ունեն գոնե մեկ բացառություն: Բացառություն չունի միայն մեր բանակում խաղաղ պայմաններում զոհվածների սոցիալական դիրքը` զոհվում են երիտասարդ, կարգին ու, անպատճառ, խեղճ ընտանիքի զավակները: Երկու երկրներում էլ առաջին գծում խեղճ, կարիքավոր ընտանիքների զավակներ են (ամեն դեպքում, զոհվածների հարազատներից և ոչ մեկի տունն էլիտար շենքում չէր):
Նույն վիճակը, վստահ եմ, նաև Ադրբեջանում է:
Շատ կարևոր և կոնկրետ պատասխան է ուզում նաև հետևյալ հարցը` ո՞ւմ համար են զոհվում այդ երիտասարդ տղաները` լինի հայ թե ադրբեջանցի: Եվ ո՞ւմ են մխիթարում պաշտպանության նախարարի համբույրները` զոհված տղաների սառած ճակատներին: Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կոռումպացված ու իրենց հասարակությունների կողմից մերժված են հավասարապես:
Երիտասարդ, անփորձ զինվորների մահը սահմաններին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական էլիտաների համար սեփական ինքնասիրությանը դիպչող իրադարձություն է: Եվ միա՛յն: Հակառակ դեպքում` ղեկավարների հետևություններն այսքան տխմար ու անհեռատես չէին լինի` յուրաքանչյուր զոհված զինվորի կյանքի համար հակառակորդը պետք է քառակի վճարի: Հետո՞:
Դա ոչ մի տեղ չտանող, հյուծող քաղաքականություն է:
Այս երիտասարդների կյանքով անհանգստացած ղեկավարները, դիվանագետները գիշեր-ցերեկ կաշխատեին` բացառելու նման անհեթեթ մահերը:
Այն, որ 19-ամյա այս տղեկները զոհվել են` «հանուն հայրենիքի», «հանուն սեփական ժողովրդի խաղաղ գիշերների», ողջերս ենք հորինում: Որպեսզի արդարացնենք, թե ինչու են սահմաններում զոհվում ոչ թե մեր որդիները, եղբայրները, ամուսինները, այլ ուրիշների, խեղճուկրակ ընտանիքների աչքի լույսը, միակ որդին:
Հետմահու պարգևներն էլ, թող ներեն ինձ, սակայն ջարդած գրոշի արժեք չունեն. գերագույն արժեքը կյանքն էր, որից այդ երիտասարդները զրկվեցին` չհասցնելով անգամ ձևակերպել «ինչո՞ւ» հարցը:
Պատերազմական վիճակ է, և այս տրամաբանությունը հեշտացնում է մեր գործը` երիտասարդ տղաների մահը դիտարկել փիլիսոփայորեն: Եթե մեր տղաները պետք է զոհվեն պաշտոնական զինադադարի պայմաններում, այդ դեպքում ինչո՞ւ ենք պահում դիվանագիտական այս ուռճացված կորպուսը` արտասահմանում շքեղ դեսպանատներով ու ծառայողական մեքենաներով, բարձրաշխարհիկ հանդիպումներով ու ֆուրշեթներով:
Յուրաքանչյուր դիվանագիտության առաքելությունն է` ամեն գնով, ԱՄԵՆ ԳՆՈՎ, աշխատել երկիրդ բարեկամներով շրջապատելու ուղղությամբ: Մեր շուրջը բոլորը թշնամիներ են: Թշնամիներ են անգամ մեր ներսում: Եվ այսօր այնքան ավելորդ է թվում հետաքրքրասիրությունը` ինչո՞ւ է Մամիկոն պապի ձեռքը գիպսի մեջ: Նա ունի հոգեկան խնդիրներ, և հայկական կողմն այլևս նրբանկատ լինելու անհրաժեշտություն չունի` թաքցնելու, թե հոգեկան հիվանդություն ունեցող այդ մարդն ինչո՞ւ է պետության ուշադրության կենտրոնում հայտնվում միայն գերի ընկնելուց հետո: Եվ, ի սեր Աստծո, հանգիստ թողեք այդ մարդուն, որին իր հոգեկան հիվանդությունը կփրկի ամբողջովին չգիտակցել իր վիճակի ողջ ողբերգականությունը: Ինչը չես ասի մեր հասարակության համար: