Մեր զեկույցներին ամենաագրեսիվն արձագանքում է Ադրբեջանի կառավարությունը. Freedom House
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում բազավորված Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը պատասխանել է պաշտոնական Բաքվի վերջին մեղադրանքներին՝ կապված աշխարհի երկրներում ազատության վերաբերյալ նրա վերջին հաշվետվության հետ, որում Ադրբեջանը ներկայացվել է որպես անազատ երկիր:
Freedom House-ի հետազոտությունների գծով փոխնախագահ Արչ Պադինգտոնը գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման սխալ ձևով արձագանքում է իրենց հաշվետվություններին.
«Աշխարհի և ոչ մի երկիր մեր հաշվետվություններին չի արձագանքում նման ագրեսիվությամբ ու գաղտնաբար, ինչպիսին էր Ադրբեջանի կառավարությունն է: Դրա համար էլ ինձ չի զարմացնում դա, քանի որ Ադրբեջանն արդեն քանիցս նման կերպ արձագանքել է մեր հաշվետվություններին:
Նա փոխանակ մեզ հետ քննարկում անցկացնի, քաղաքական և շատ անարդար ու անհամոզիչ հարձակում է ձեռնարկում մեզ վրա, ինչպես նաև մեր դեմ կազմակերպում է «սփամ հարձակումներ»: Բնականաբար, մենք միակ կազմակերպությունը չենք, որը քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության շուրջ ստեղծված իրավիճակը:
Եթե մենք անդրադառնանք անցյալին, ապա 1995, 1998 և 2000 թվականներին մենք Ադրբեջանին տվել ենք ավելի լավ արդյունքներ, քան Ադրբեջանը ստանում է այսօր: 2000 թվականին Ադրբեջանը ճանաչվել է մասնակի ազատ երկիր: Իրավիճակը հատկապես վատթարացել է վերջին տասնամյակում՝ Իլհամ Ալիևի ժամանակ:
Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վերաբերյալ առանձին հաշվետվություն ներկայացնելու հետ կապված (ԼՂ-ը ճանաչվել է մասնակի ազատ)՝ մենք քանիցս ադրբեջանցի պաշտոնյաներին ու ադրբեջանական ԶԼՄ-ներին բացատրել ենք, որ մենք գնահատականներ ենք տալիս մի շարք տարածքների, որոնք չեն ճանաչվում որպես ինքնիշխան երկիր:
Օրինակ՝ Արևմտյան ափը, Գազայի հատվածը, Պաղեստինը, Արևմտյան Սահարան, Հարավային Օսիան, Աբխազիան, Մերձդնեստրիեն, Տիբեթը և մյուսները: Բանն այն է, որ մենք չենք ընդգծում Լեռնային Ղարաբաղը և չենք փորձում պատժել Ադրբեջանին: Մենք չունենք հայամետ կամ հակաադրբեջանական ուղղվածություն:
Մենք Լեռնային Ղարաբաղին գնահատական ենք տալիս, որովհետև այն վիճելի տարածք է: Դա մի տարածք է, որի կարգավիճակը ներկայումս հստակեցված չէ, և որը ներկայումս չի վերահսկվում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի կողմից»: