Յանուկովիչին գրեթե ոչինչ չի մնում, քան իր հեռանալու հետ կապված բանակցելը

Երեկ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Բրյուսելում Ուկրաինայի վերաբերյալ ընդունեց բանաձև՝  դատապարտելով «Եվրամայդանի» նկատմամբ բռնությունները:  ԵԺԿ-ն հայտարարեց, թե Ուկրաինայի իշխանությունների կողմից երկրում արտակարգ դրություն մտցնելը կդիտարկի՝ որպես մարդու իրավունքների արմատական խախտում և որպես քրեական հանցանք: Ոչ պակաս ուշագրավ էր այն կետը, որում ԵԺԿ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին ու քաղբանտարկյալներին, այդ թվում` Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին:

ԵԺԿ անդամ հանդիսացող «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԵԺԿ-ի հայտարարությունը, ասաց, որ ԵԺԿ-ն չափազանց մեծ կշիռ և լծակներ ունի Եվրամիությունում, ուստի` ԵԺԿ-ի հայտարարությունները կարելի է այս կամ այն չափով համարել Եվրոպայի պաշտոնական տրամադրությունների արձագանքը:

«Իսկ գնահատականները, որոնք արտացոլվեցին ընդունված բանաձևում, չափազանց խիստ են այն առումով, որ պահանջում են չդիմել արտակարգ դրություն մտցնելուն, ժողովրդի դեմ չկիրառել ուժ, այլապես ուժ կիրառողները կհայտնվեն Հաագայի միջազգային դատարանում»,- ասաց նա:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի` նաև Ուկրաինայի վարչապետ Ազարովի այսօրվա հրաժարականի դիմումը ցույց է տալիս, որԿիևում գիտակցում են այդ արձագանքների ողջ ուժը, ինչն ազդեցություն կթողնի Ուկրաինայի հետագա զարգացումների վրա:

«Ինչո՞վ կավարտվեն այդ զարգացումները` դեռևս կդժվարանամ ասել, բայց ակնհայտ է, որ Ուկրաինայի ընդդիմությունը և Եվրամայդանը վայելում են ԵՄ-ի անվերապահ աջակցությունը: Եվ Վիկտոր Յանուկովիչը, Եվրամայդանի դեմ որևէ գործողություն իրականացնելու դեպքում, բառի բուն իմաստով` գործ կունենա միջազգային հանրության հետ»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն այժմ փորձում է գոնե ապահովագրել իր պաշտոնը և ցրել կառավարությունը, որպեսզի «առևտուրը կառավարության շուրջ ընթանա»:

Բայց ընդդիմությունը, ըստ Ս. Սաֆարյանի, չի ընդունի կառավարությունը ստանձնելու առաջարկը, և, եթե նույնիսկ Յանուկովիչի և ընդդիմության միջև բանակցություններ սկսվեն, ապա օրակարգում կլինի միայն Յանուկովիչի անվտանգ հեռանալու հարցը. «գործընթացները դրան են տանում»:

Իսկ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակվելու վերաբերյալ պարոն Սաֆարյանը նշեց, թե վաղ թե ուշ դա տեղի է ունենալու:

«Ես չեմ կարող ասել, թե ինչ կանի Յանուկովիչը, բայց ես տեսնում եմ, որ, համենայն դեպս, նրան գրեթե ոչինչ չի մնում, քան իր հեռանալու հետ կապված բանակցելը: Իսկ հեռանալու դեպքում նա պիտի լուծի այդ խնդիրները, ստանա անվտանգության երաշխիքներ, և քննարկումների մեջ, բնականաբար, կլինի Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցը»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Մենք նաև հետաքրքրվեցինք,  թե ուկրաինական ընդդիմությունն արդյոք այսօր ունի՞ Տիմոշենկոյի կարիքը, ինչին ի պատասխան` Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Անկախ Տիմոշենկոյի անձի վերաբերյալ հնչած տարբեր կարծիքներից, պիտի ընդունել, որ նա ուկրաինական քաղաքականության մեջ եզակի դեմք է. կին լինելով` նաև նման հաջողակ քաղաքական գործիչ է: Այս իմաստով` գտնում եմ, որ, այո´, Ուկրաինան ունի Տիմոշենկոյի կարիքը»:

Տեսանյութեր

Լրահոս