ԵԺԿ-ը բանաձև է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ երեկ Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական ասամբելայի ժամանակ բանաձև է ընդունվել Ուկրաինայի մասին, որում ԵԺԿ-ը դեմ է արտահայտվել «Եվրամայդանի» նկատմամբ ամեն տիպի բռնություններին:
Բացի այդ, ԵԺԿ-ը հայտարարել է, որ Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնելը կդիտարկի որպես մարդու իրավունքների արմատական խախտում և որպես քրեական հանցանք, և որ ցուցարարների դեմ ուժ կիրառելն արտոնելու մեղավորները պատասխանատվության կենթարկվեն միջազգային իրավունքին համապատասխան ու Հաագայի տրիբունալում:
ԵԺԿ-ը կողմ է արտահայվել հունվարի 16-ին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված «բռնապետական» օրենքների չեղյալ հայտարարմանը: Բացի այդ, բանաձևում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջվում է վերջ դնել «Բերկուտի» և անվտանգության այլ ուժերի կողմից «Եվրամայդանի» ակտիվիստներին առևանգելու, կտտանքների ու ծեծի ենթարկելու ամոթալի պրակտիկան:
ԵԺԿ-ը հանդես է եկել նաև բոլոր ակտիվիստներին ու քաղբանտարկյալներին, այդ թվում նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին անհապաղ ազատ արձակելու ու քաղաքական վերականգնման օգտին: Բանաձևում անընդունելի է որակվել եկեղեցու և եկեղեցականների վրա գործադրվող ճնշումները: