
Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավարը՝ սահմանն անցած Մամիկոն Խոջոյանի մասին. Այսօր իրեն տեսել են մեր գերեզմանների մոտ (լուսանկարներ)

Ադրբեջանական APA լրատվական գորածակալությունը այսօր տեղեկատվություն էր տարածել, որ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի: Քիչ անց գործակալությունը հայտնեց, որ շփման գիծը հատել է Մամիկ Տիգրանի Խոջայանը: Ըստ elections.am կայքի՝ Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում բնակվում է Մամիկոն Տիգրանի Խոջոյանը: Նա ծնվել է 1937թ., նոյեմբերի 27-ին: Ավելի ուշ ադրբեջանական vzglyad.az կայքը լուսանկարներ տեղադրեց:
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով այս տեղեկությունը, հավաստիացրեց, որ անձը զինվորական չէ: «Քաղաքացիական անձի մասով չգիտեմ, բայց զինվորական հաստատ չէ»,- նշել էր նա:
Քիչ առաջ Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այժմ ամբողջ գյուղով փնտրում են Մամիկոն Խոջոյանին: Նրա խոսքով՝ Մ. Խոջոյանը հոգեկան խնդիրներ ունի:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ այսօր Մ. Խոջոյանին գյուղում տեսնողներ են եղել: «Այսօր իրեն տեսել են, տեսել են մեր գերեզմանների մոտ, գերեզմանները գյուղի ծայրում են, դրանից 8 կիլոմետր ներքև խաղողի մեծ այգիներ ունենք: Ինքը մի դույլ ձեռքին գնալիս է եղել, մարդիկ հարցրել են՝ էս ո՞ւր ես գնում, Մամիկո´ն, ասել է՝ գնում եմ մոշ քաղելու: Այ մարդ, ի՞նչ մոշ էս ձմեռվա կեսին, թե՝ գնում եմ մոշ քաղելու: Հոգեկան հիվանդ է: Մարդիկ ուշադրություն չեն դարձրել. ամեն անգամ գնում է, գալիս է գյուղամեջ, մարդիկ հետը զրուցում են, փորձում են ինչ-որ կերպ հանգստացնել իրեն»,- ասաց համայնքի ղեկավարը: