Ռուսաստանն ու Իրանը փոխզիջումային լուծում կգտնեն C-300 զենիթա-հրթիռային համալիրների հարցում. Իսայկին

Ռուսական КоммерсантЪ թերթին տված հարցազրույցի ժամանակ «Ռոսօբոռոնէքսպորտ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը փոխզիջումային լուծում կգտնեն C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման հարցում:

Իսայկինը կարևորել է, որ տվյալ որոշումը գոհացնի առաջին հերթին Իրանին, ով դատի է տվել «Ռոսօբոռոնէքսպորտին»՝ համապատասխան պայմանագիրը խզելու համար. «Պայմանագրի չկատարման համար միջազգային միջնորդ դատարան հայց ներկայացնելն իրանական կողմի բացարձակապես օրինական իրավունքն է:

Յուրաքանչյուր դատական վեճ հաճելի չէ և սովորաբար ընթանում է ուժերի ու միջոցների շեղմամբ: Սակայն ես վստահ եմ, որ մենք կգտնենք փոխզիջումային որևէ որոշում, որն առաջին հերթին կգոհացնի իրանական կողմին»: Իսայկինի խոսքերով՝ եթե խոսքը գնա որևէ փոխարինման մասին, ապա դա պետք է լինի այնպիսի համակարգ, որը չի ընկնում ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցների ներքո:

Հիշեցնենք, որ С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 միլիոն դոլար:

Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ ԱԽ-ը 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն 167 միլիոն դոլարի կանխավճար էր տվել:

Պայմանագրի չեղյալ հայտարարումից և կանխավճարի վերադարձումից հետո Իրանը դիմեց միջազգային դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանական կողմը պարզաբանել է, որ իրենք պահանջել են միայն 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ մնացյալ 3 միլիարդ դոլարը դատարանն իր կողմից է ավելացրել:

Ի դեպ, գրեթե ուղիղ մեկ տարի առաջ ռուսական Независимая газета թերթը գրեց, որ Իրանի փոխարեն Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ վաճառելը Դմիտրի Մեդվեդևի աշխարհաքաղաքական սխալն է:

Տեսանյութեր

Լրահոս