Իրանի փոխարեն Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ վաճառելը Դմիտրի Մեդվեդևի աշխարհաքաղաքական սխալն է. Независимая газета

Ռուսական Независимая газета թերթում հրապարակվել է Վլադիմիր Մուխինի «Ղարաբաղյան հակաօդային ռուլետկա» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Երեկ ավարտվել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայկական այցը: Դա իր նոր պաշտոնում նրա առաջին արտասահմանյան այցն էր: Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ այդ այցը եղել է պլանային՝ թեև այն տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման ֆոնին:

Մոսկվայում անհանգստացած են պաշտոնական Բաքվի այն հայտարարություններից, թե Ադրբեջանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը հրաման են ստացել կործանել քաղաքացիական ինքնաթիռները, որոնք «ապօրինաբար կներթափանցեն երկրի օդային տիրույթ»: Ռուս փորձագետների կարծիքով՝ Բաքվի այդ դիրքորոշումը կարող է հանգեցնել պատերազմի:

Բաքուն այդպիսի հնարավորություն ստացավ այն բանից հետո, ինչ Իրանի հետ համապատասխան պայմանագրից հրաժարված Ռուսաստանի այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ Մոսկվան 2010 թվականին Ադրբեջանին վաճառեց C-300 «Ֆավորիտ» ամենաժամանակից զենիթա-հրթիռային համակարգերի երկու դիվիզիոն (C-300-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիրն Իրանի ու Ռուսաստանի միջև կնքվել է 2007 թվականին և գնահատվել է 800 միլիոն դոլար, 2010 թվականին Ռուսաստանը չեղյալ հայտարարեց այն՝ դա պատճառաբանելով Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցներով և Իրանին հետ վերադարձրեց նրա տված 167 միլիոն դոլար կանխավճարը – 168.am):

C-300-ներն ունակ են վերահսկել Լեռնային Ղարաբաղի երկինքը: Ռուսաստանի ՊՆ-ում ունեցած մեր աղբյուրները հայտնում են, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վերաբերյալ Մոսկվայի ու Բաքվի միջև սկանդալային բանակցությունների տապալումից հետո Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է հայտարարել է Ադրբեջանին C-300-ների երրորդ դիվիզիոնը վաճառելու մասին որոշումը (Ադրբեջանն առաջին անգամ Ռուսաստանից գնած C-300-ները ցուցադրեց 2011 թվականի հունիսի 26-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ՝ հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից 2 օր հետո – 168.am):

Հայկական կողմը պատրաստվում է մոտ ժամանակներս գործարկել Ստեփանակերտի մոտ գտնվող օդանավակայանը: Ռուսաստանի ՊՆ-ի ՀՕՊ-ի հարցերով փորձագետ սպայի խոսքերով՝ C-300-ն ի վիճակի է 150 կիլոմետր հեռավորությունից գրեթե 100 տոկոս դիպուկությամբ ոչնչացնել թիրախը, որը կարող է լինել Ղարաբաղի տարածքում հայտնված յուրաքանչյուր քաղաքացիական օդանավ:

Ընդ որում, սպան կասկած է հայտնել ոչ վաղ անցյալում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարության կապակցությամբ, որ Հայաստանի ՀՕՊ-ն ի վիճակի է ապահովել Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ քաղաքացիական ինքնաթիռների լիովին անվտանգությունը. «Հայաստանի ՀՕՊ-ն ունակ է ծածկել տարածքը, իր թռչող օբյեկտները հավանական հակառակորդի մարտական ավիացիայից: Սակայն C-300-ների օգտագործման դեպքում դա անելը գործնականում անհնար է»:

ԶԼՄ-ները չեն հայտնել, թե Սերգեյ Շոյգուն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի հետ հանդիպումներում արդյոք չի՞ բարձրացրել Ստեփանակերտի օդանավակայանի պաշտոնական բացման հարցը: Ռուսաստանի ՊՆ-ում եղած աղբյուրները հայտնել են, որ ռուսական պատվիրակության ներկայացուցիչները ոչ պաշտոնական մակարդակով համառորեն խորհուրդ են տվել չսկսել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա ավիաթռիչքների իրագործում:

Միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին նոր պայմանագրի դետալներին, որը երկու երկրների ղեկավարները կստորագրեն մոտ ժամանակներս: Այդ թեմային երեկ Երևանում անդրադարձել են նաև Ռուսաստանի արդյունաբերության ու առևտրի փոխնախարար Իգոր Կարավաևը և ՀԱՊԿ գլխավո քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը կարծում է, որ Ռուսաստանը վերջապես դեմքով շրջվում է դեպի Հարավային Կովկասում իր գլխավոր և ռազմավարական դաշնակից Հայաստանին, որի ռազմական պոտենցիալի մեծացումը հանդիսանում է տարածաշրջանի կայունության գլխավոր երաշխիք և զսպիչ գործոն՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ձգտման համար:

Գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովն իր հերթին կարծում է, որ Իրանի փոխարեն Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառելը քաղաքական սխալ հաշվարկ էր, իսկ առավել ճշգրիտ՝ Դմիտրի Մեդվեդևի աշխարհաքաղաքական սխալը»:

Տեսանյութեր

Լրահոս