Բաժիններ՝

Օֆշորս թոշակիդ վնաս չէ կամ` կառավարության անգրագիտության քառակուսին

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամ Սպարտակ Պետրոսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչներից մեկի` «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի բաժնետերերից մեկը` «C-Quadrat Investment AG»-ն գրանցված է օֆշորային գոտում։ Տեղեկության համար հիմք էր հանդիսացել Trustnetoffshore.com կայքում տեղակայված ցանկը, որտեղ կարելի էր գտնել C-Quadrat անվանումը։ Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց էլեկտրոնային լրատվամիջոցներում ու սոցիալական կայքերում։ Թեման այնքան սրացավ, որ ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ դրան։

«Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներից մեկը գրանցված է օֆշորում»,- ասել էր նա` նշելով, որ խոսքն Arts ֆոնդի մասին է, որը գրանցված է օֆշորում, ընդ որում` գրանցված է միայն ֆոնդը, և ոչ թե ընկերությունը, իսկ ընկերությունը բազմաթիվ ֆոնդեր ունի` գրանցված բազմաթիվ երկրներում: Ի՞նչ կա իրականում և արդյո՞ք «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն օֆշորային ընկերություն է։ Որքան էլ դեմ լինենք պարտադիր կուտակային բաղադրիչին, այդուհանդերձ, պետք է խոստովանենք, որ նման պնդում անելու համար հիմքեր չկան։ Գոնե առայժմ:

Այսպես, նախ` այդ կայքից չի երևում, որ այնտեղ ներկայացվածներն օֆշորային ընկերություններ են։ Ըստ ամենայնի, նման ենթադրության հիմք է ծառայել կայքի անվանումը` Trustnet Offshore: Սակայն այնտեղ ներկայացված են նաև այլ ընկերություններ` ինչպես JP Morgan Chase-ը կամ Goldman Sachs-ը։ Ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետի տեղակալ Արման Ջհանգիրյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ այդ կայքում տրվում է տարբեր երկրների պրոֆեսիոնալ ընկերությունների` asset կամ fund մենեջերների մասին տարբեր տիպի ինֆորմացիա։

Երկրորդ, եթե անգամ կայքում ներկայացված էլ լինեին միայն օֆշորային ընկերությունները, ապա դարձյալ հնարավոր չէր լինի ասել, որ «C-Quadrat Investment AG»-ը գրանցված է օֆշորային գոտում։ Ցանկում նշված է բոլորովին այլ ընկերության անուն` C-Quadrat ARTS Asset Management GmbH-ը, որը պարզապես «C-Quadrat Investment AG»-ի մաս է կազմում։ Այնպես որ, ԿԲ պաշտոնյայի ասածն այդ մասով ճիշտ է։ Սակայնգ Օֆշորի հետք, այդուհանդերձ, կարելի է գտնել։

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիրներն են` C-QUADRAT INVESTMENT AG-ն (Ավստրիա)` 74.9% մասնակցությամբ, և Talanx Asset Management GmbH-ն (Գերմանիա)` 25.1% մասնակցությամբ:
Ինչպես ամիսներ առաջ տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական բանկը, C-QUADRAT INVESTMENT AG-ն ավստրիական ակտիվների կառավարիչ է, որը 6 մլրդ ԱՄՆ դոլար է կառավարում 17 երկրներում: Իսկ Talanx Asset Management GmbH-ն ակտիվների մեծությամբ երրորդ ապահովագրական խումբն է Գերմանիայում: Ակտիվները կազմում են շուրջ 180 մլրդ ԱՄՆ դոլար: Խումբը ներկայացված է 150 երկրներում:
Իսկ ովքե՞ր են խոշոր բաժնետիրոջ` C-QUADRAT INVESTMENT AG-ի սեփականատերերը։ Այս առումով որևէ գաղտնիք չկա. ընկերության կայքում տեղադրված է խոշոր բաժնետերերի ցանկը։

Խոշորագույն բաժնետերը Talanx Asset Management GmbH-ն է` 25.1%։ Բավականին խորհրդանշանական անվանումով այս ընկերությունը, փաստորեն, ՀՀ ֆինանսական շուկայում ներգրավված է միանգամից երկու ուղղությամբ։ Նախ` այն ուղղակիորեն «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի 25.1%-ի բաժնետերն է, և երկրորդ` անուղղակիորեն, քանի որ հանդիսանում է մնացած 74.9%-ի սեփականատեր ընկերության խոշորագույն բաժնետերը։ Խոշոր բաժնետերերի թվում են նաև Thomas Rieշ; Holdings held directly and via private foundations (20.65%) և Alexander SchՖz: Holdings held via private foundations (20.03) ավստրիական ընկերությունները։ Մեկ այլ ավստրիական ընկերություն` Klemens Hallmann Immobilien-Holding GmbH-ը, տիրապետում է 4.53%-ին։ 9.97%-ը ազատ շրջանառվող բաժնետոմսեր են։
Սակայն ցանկում միանգամից առանձնանում է Laakman Holding ընկերությունը` 9.4% բաժնեմասով։ Այն գրանցված է Կիպրոսում։ Ընկերության մասին որևէ ճշգրիտ տեղեկատվություն համացանցում հնարավոր չէ գտնել, և կան բոլոր հիմքերը` ենթադրելու, որ այն օֆշորային ընկերություն է։

Հիմա ամփոփենք, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի 74.9%-ը պատկանում է C-QUADRAT INVESTMENT AG-ին, որը 9.4%-ով օֆշորային է։ Սա էլ նշանակում է, որ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը 7%-ով օֆշորային ընկերություն է։

Իսկ եթե այդպես է` դա լա՞վ է, թե՞ վատ։ Ընդհանրապես, օֆշորային ընկերությունը` որպես այդպիսին, սարսափելի բան չէ։ Օֆշորը պարզապես ֆինանսական կենտրոն է, որտեղ հարկային պայմանները և բիզնեսով զբաղվելու ընթացակարգերն առավելագույն չափով թեթևացված են։ Այսինքն` ընկերությունները գրանցվում են օֆշորային գոտիներում` քիչ հարկեր վճարելու և հեշտ աշխատելու համար։ Դա նորմալ է։ Օֆշորային ընկերությունների նկատմամբ բացասական վերաբերմունքի հիմնական պատճառն այն է, որ դրանք թափանցիկ չեն` սեփականատերերի և գումարների ծագման մասին տեղեկությունները գրեթե անհասանելի են։ Այդ իսկ պատճառով քաղաքացիները, իսկ որոշ դեպքերում` անգամ պետական կառույցները, վերապահումով են մոտենում օֆշորային ընկերություններին և նրանց գործունեությանը։

Կոնկրետ Հայաստանում օֆշորը հասարակության լայն շերտերի կողմից ընկալվում է` որպես մի վայր, որտեղ հայրենի պաշտոնյաները պահում են ժողովրդից թալանած փողերը։

Այդ բացասական վերաբերմունքը սրվեց հատկապես հայտնի օֆշորային սկանդալից հետո, որում շրջանառվում էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Դրա համար էլ նման հրապարակումների նկատմամբ զգայուն է ոչ միայն հասարակությունը, այլև հենց իշխանությունները։ Նրանք վախենում են «օֆշոր» բառից և փորձում ամեն կերպ մաքրել «օֆշորային» բնույթի կասկածները։
Հիմա վերադառնանք բուն նյութին։

ՀՀ ֆինանսական բլոկի պատասխանատուներն արդեն երեկվանից անուղղակիորեն մեղադրում էին վերը նշված հրապարակման հեղինակներին` անգրագիտության մեջ։ Իհարկե, նման հարցերում պետք է չափազանց զգույշ լինել։ Անգամ մեկ տառի սխալն անվանման մեջ ֆինանսների աշխարհում կարող է լուրջ թյուրիմացությունների պատճառ դառնալ։

Սակայն, որպեսզի հայրենի իշխանությունները շատ չտարվեն քարոզներ կարդալով` խոսենք մի փոքրիկ «մանրուքի մասին»` այս նույն թեմայի մեջ։ Հունվարի 22-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից` «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Սա հատված էր` պաշտոնական հաղորդագրությունից։

Իսկ հիմա բացեք կառավարության կայքէջն ու անգլերեն տարբերակով կարդացեք նույն լուրը. Prime Minister Tigran Sargsyan received a delegation led by Ernst – Ludwig Dreis, Chairman of the Board of Trustees of «Ce-Square Ampega Asset Management Armenia», one of the pension fund managers։
C-Quadrat-ը կառավարության հանճարեղ թարգմանիչները թարգմանել են բառացի Ce-Square։ Անկեղծ ասած` մտածեցինք թարգմանիչն օգտագործել է Google Translator ծրագիրը, սակայն պարզվեց, որ անգամ այդ ծրագիրը հասկանում է, որ հատուկ անունները պետք չէ բառացի թարգմանել։ Ավելին, անգլերենով սխալ է գրված նաև Էռնստ-Լյուդվիգ Դրայսի ազգանունը։ Անգլերենում Drayss է, սակայն կառավարության կայքում դարձել էր Dreis: Ու երբ այդ Ernst – Ludwig Dreis անունը մուտքագրելով` փորձում էինք հասկանալ, թե լուսանկարներում նա ո՞ր մեկն է, Google համակարգը բերում էր մոտ 10 նկարգ Տիգրան Սարգսյանի լուսանկարները։
Սրանք մանրուքնե՞ր են։

Հուսով ենք, «գիտելիքահենք տնտեսության» ջատագով մեր կառավարությունը, ցանկալի է` անձամբ Տիգրան Սարգսյանը, կպարզաբանի` ինչպե՞ս է ստացվել, որ նման կարևորագույն ու հնչողություն ունեցող հարցում կառավարությունը տարրական անգրագիտություն է ցուցաբերել` հայտնվելով, մեղմ ասած, ծիծաղելի վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս