Ինչո՞ւ է իշխանությունը հրապարակում «ճանապարհային քարտեզը»

Կառավարության երեկվա նիստից հետո փոխարտգործնախար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ներկայումս Մաքսային միությանն անդամակցության «ճանապարհային քարտեզը» թարգմանվում է, և ավարտվելուց հետո առաջիկա մի քանի օրերին այն կհրապարակվի: Մինչև վերջերս իշխանությունները հրաժարվում էին հրապարակել «ճանապարհային քարտեզը», իսկ հրապարակման մասին խոսում էին շատ ավելի անորոշ հեռանկարով: Սակայն, այն բանից հետո, երբ Մաքսային միության գծով ռուս պաշտոնյաներից մեկը հայտարարեց, թե հայկական կողմն է որոշում՝ հրապարակե՞լ այդ փաստաթուղթը, թե՞ ոչ, մեր իշխանությունները դա ընդունեցին՝ որպես «ճանապարհային քարտեզը» հրապարակելու թույլտվություն:

Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզի» հրապարակումը, անշուշտ, կարևոր է: Հայ հասարակության ու Հայաստանի Հանրապետության համար, ըստ ամենայնի, ամբողջությամբ  Մոսկվայում գրված այդ փաստաթուղթը հազիվ թե որևէ դրական հեռանկար պարունակի: Սակայն սա նման է այն դեպքին, երբ բժիշկներն ու մարդու իրավունքների պաշտպանները համարում են, որ նույնիսկ ամենածանր ու մահվան դատապարտված հիվանդին պետք է ազնվորեն տեղեկացնել իր հիվանդության մասին՝ մանրամասնելով անգամ, թե քանի օրվա կամ ամսվա կյանք է մնացել այդ հիվանդին: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները գոնե իրավունք ունեն տեղեկացված լինելու, թե ինչ է սպասվում երկրին այդ կառույցին անդամակցելուց հետո:

Մյուս կողմից, սակայն, Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզի» հրապարակումն իրականում կարող է ծուղակ դառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքում ու այդ իմաստով՝ ծառայել իշխանություններին: Բանն այն է, որ այդ փաստաթղթի հրապարակումից հետո քաղաքական բոլոր ուժերը, լրատվամիջոցները, փորձագետները, բոլորս սկսելու ենք քննարկել Մաքսային միությանն անդամակցելու տեխնիկական դետալները, այս կամ այն ապրանքատեսակի կամ ապրանքախմբի մաքսավճարի հիմնավորվածությունը, և այլն:

Այդ քննարկումները երկրորդական պլան են մղելու Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու փաստն ինքնին: Առանց այդ էլ քաղաքական ուժերի մեծամասնությունը տարբեր մեղմասացություններով գերադասում է այդ հարցին չանդրադառնալ, իսկ «ճանապարհային քարտեզի» հրապարակումը հնարավորություն կտա «խորանալ» տարբեր տեխնիկական մանրուքների ու ընթացակարգերի քննարկման մեջ, առանձին վերցրած որևէ հարցում քննադատել իշխանությանը, գուցե անգամ՝ Ռուսաստանի: Բայց բոլոր այդ քննարկումները, կրկնում ենք, կնպաստեն Մաքսային միությանն անդամակցության որոշումը վերջնականապես լեգիտիմացնելուն՝ նաև հանրային գիտակցության մակարդակում:

Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը կորցնելու է ինքնիշխանությունը, դա արդեն իսկ տեղի է ունեցել՝ անգամ մինչև այդ կառույցի ֆորմալ անդամ դառնալը: Հետևաբար՝ Հայաստանի ինքնիշխանությամբ մտահոգ ցանկացած քաղաքացու, առավել ևս՝ քաղաքական գործչի ու ուժի խնդիրը պետք է լինի բոլոր հնարավոր միջոցներով այդ անդամակցությունը կանխելը: Դա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է թվում՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանության ու ոչ իշխանական ուժերի լռելյայն կոնսենսուսը Մաքսային միությանն անդամակցության հարցում, սակայն, եթե անգամ կա այդ հեռանկարը կանխելու թեկուզ 1 տոկոս հավանականություն, պետք է պայքարել դրա համար:

Այնպես որ, չպետք է կուլ տալ «ճանապարհային քարտեզի» հրապարակման փաստը և տարվել դրա մանրամասների քննարկմամբ: Եթե այդ կառույցին անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը, ի՞նչ տարբերություն, թե ինչ «ընթացակարգով» է դա տեղի ունենալու:

Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» հանրային-քաղաքական քննարկումն իմաստ կունենար միայն մեկ դեպքում՝ եթե հանրության կարծիքը որևէ մեկը հաշվի առներ այդ փաստաթղթի ընդունման ժամանակ: Ակնհայտ է, սակայն, որ հանրային կարծիքը որևէ ազդեցություն չի ունենալու դրա վրա: Եթե Մոսկվայում այլևս հաշվի չեն առնում անգամ Հայաստանի իշխանության կարծիքը, ապա ավելորդ է խոսել Հայաստանի հանրային կարծիքի մասին: Այնպես որ, Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը» ոչ թե պետք է քննարկել, այլ տոտալ բոյկոտի ենթարկել՝ փորձելով գտնել Հայաստանին Մաքսային միությունից հետ պահելու  «ճանապարհային քարտեզը»: Իսկ եթե դա այլևս հնարավոր չէ, ապա ՀՀ քաղաքացիների համար ակտուալ պետք է համարել ընդամենը մեկ քարտեզ, որը կարող է հուշել մոտակա «ոչ մաքսային» պետության տեղը:

Տեսանյութեր

Լրահոս