Բաժիններ՝

Պարզ չէ, թե որ անկյունից ինչ անակնկալ կմատուցվի մեզ

«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը մշակել է ՀՀ տնտեսության հերթական ճյուղի զարգացման ռազմավարությունը: Այս անգամ խնդրո առարկան տեքստիլ և տրիկոտաժի ոլորտն է: Մինչ այդ բիզնես միջավայրին ու հանրությանը «ծափողջույնների ներքո» ներկայացվել էին արտահանմանն ուղղված արդյունաբերության ռազմավարությունը, գինեգործության, ՏՀՏ և այլ ոլորտների ռազմավարությունները:

Թե որքանով են դրանք նպաստում ու խթանում տվյալ ոլորտի զարգացումը, վիճելի հարց է, ամեն դեպքում՝ ակնառու որևէ արդյունք նշել դեռևս հնարավոր չէ: Այն, որ տեքստիլի ոլորտի ռազմավարությունը դեռևս միայն փաստաթուղթ է` առանց ոչ մի հստակեցման բարի ցանկությունների ժողովածու, «168 Ժամի» հետ զրույցում հաստատեց ՀՀ Թեթև արդյունաբերության ոլորտի գործատուների միության նախագահ, «Տոսպ» ընկերության ղեկավար Սուրեն Բեկիրսկին` միաժամանակ հավելելով, որ ամեն դեպքում փաստաթղթի առկայությունն իսկ ուրախալի է, քանի որ կառավարությունը դրանով ընդգծել է ոլորտի կարևորությունը և ռազմավարական նշանակությունը:

Իսկ թեթև արդյունաբերության ոլորտում խնդիրները շատ են: Նույն ռազմավարության համաձայն` ոլորտի արտադրանքը կազմում էր Խորհրդային Հայաստանի տնտեսության շուրջ մեկ երրորդը, ոլորտն ապահովում էր նաև ամենամեծ զբաղվածությունը` մոտ 115.000 մարդ (երկրի արդյունաբերության մեջ ներգրավված ողջ աշխատուժի մոտ 25%-30%-ը): Այս ցուցանիշների առնվազն 70%-ն այս տարիների ընթացքում կորսվել է: Ոլորտը 2005-ից ի վեր գրանցել է աճի միտում, բացառությամբ 2009-2010թթ. անկման, որը հիմնականում պայմանավորված է եղել մանածագործական արտադրության կտրուկ նվազմամբ:

«Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչքանով է ոլորտը վերականգնվել այդ անկումներից հետո: Պետք է գույքագրում արվի: Ռազմավարության մշակման ժամանակ արված գույքագրումն ասում է, որ վերականգնում չկա, պարզապես պահպանվել է այն, ինչ պահպանվել է: Ոլորտի զարգացումը պետք է սկսվի ռազմավարության իրականացման արդյունքում»,- ասաց Ս.Բեկիրսկին:
2003-2012թթ. Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտի արտահանման 70-85%-ը կազմել է արտապատվիրումը:

Կարդացեք նաև

Ըստ ռազմավարության` արտահանման կտրուկ անկման հիմնական պատճառն էին արտահանման խիստ կենտրոնացվածությունը (Իտալիայից պատվիրվող ներքնաշորերի արտադրություն) և համաշխարհային ճգնաժամը: Արտահանման ավելի քան 80%-ը կազմում է արտապատվիրվող ոչ տրիկոտաժե հագուստը (վերարկուներ, անձրևանոցներ, բաճկոններ և նմանատիպ արտադրանք` դեպի Իտալիա, և արտահագուստ` դեպի Գերմանիա): Սեփական արտադրանքի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է: Ներքին շուկայում տեղական արտադրանքի վաճառքի մասնաբաժինը գնահատվում է մոտ 10%-ի շուրջ, որն ընդլայնման զգալի պոտենցիալ է ենթադրում:

2012-ին տրիկոտաժե հագուստի արտահանման դրամական արժեքի 31%-ն ապահովել է արտահանումը դեպի Գերմանիա: Արտահանման հաջորդ խոշոր երկրներն են Իտալիան` 23%, և Ռուսաստանը՝ 17%: Ոչ տրիկոտաժե մանածագործական հագուստի և պարագաների 37%-ն արտահանվել է Իտալիա, Գերմանիա` 32%-ը, Վրաստան` 27%-ը: Ընդ որում` 2003-2012թթ. արտահանվող արտադրանքի միջին արժեքը կազմել է 24.2 հազար ԱՄՆ դոլար/տ, իսկ 2012թ.-ին` 18.2 հազար ԱՄՆ դոլար/տ (2010թ.-ից սկսած ամենաբարձր տարեկան արժեքն է, որը վկայում է այն մասին, որ արտերկրյա պատվերները շարժվում են դեպի համեմատաբար ավելի բարձր արժեքով արտադրանքի խումբ):

Հայաստանը փոքր և ցածր գնողունակությամբ շուկա ունեցող երկիր է և արտահանման զարգացման խիստ մեծ կարիք ունի, սակայն, միության նախագահի կարծիքով, աշխարհում մեր մրցունակությունը շատ բարձր չէ. «Մենք ունենք սեփական առավելություններն ու թերությունները: Գլխավոր խնդիրներից մեկն արտադրանքի ծավալների սահմանափակությունն է: Եթե զգալի ծավալ ունեցող երկիր լինեինք, որ Թուրքիայի և Չինաստանի հետ հավասար ծավալների խաղ կտար, այլ կլիներ: Առկա պարագայում մրցակցությունը հավասար չի և արդարացված չի: Օրինակ` ռուսական շուկայի պես շուկայում մեր ներկայությունը մրցակցային «ծփանք» չի առաջացնի: Փոքր խաղացողը մեծ շուկայում, նույնիսկ լուրջ մրցակցություն լինելու դեպքում, իր տեղը կգտնի, առավել ևս, որ մենք միշտ էլ մեր սեփական առավելություններն առաջարկող խաղացող ենք»:

Ս.Բեկիրսկիի կարծիքով` հայկական արտադրողների աշխատանքի որակը լուրջ առավելություն է, հայ վարպետները լավ են տիրապետում մեքենաներին, և աշխատանքի որակը շատ անգամ զրոյացնում է մյուս մրցակցային թույլ կողմերը: Որպես ոլորտի թույլ կողմ` Բեկիրսկին նշեց ցածր արտադրողականությունը, դրա արդյունքում ձևավորվող բարձր ինքնարժեքը, բարձր ճանապարհատրանսպորտային ծախսերը:

Թեթև արդյունաբերության հումքը մեծ մասամբ ներմուծվում է Թուրքիայից, Իրանից, Չինաստանից, Միջինասիական երկրներից: Հայաստանի և Թուրքիայի միջև միջպետական պաշտոնական կապերի բացակայությունը հաճախ խնդիրներ է ստեղծում Թուրքիայից հումքի ներմուծման պարագայում՝ կապված հումքի ծագումնաբանության, որակի հետ, և այլն: Լուրջ խնդիր է նաև ներմուծված հումքի ԱԱՀ-ի գանձումը սահմանի վրա (գործվածքի վրա ԱԱՀ-ն ներդրվել է 2011-ին): Հայ արտադրողների համար որպես խնդիր` Բեկիրսկին նշեց նաև ֆինանսական միջոցների ոչ շատ մատչելի լինելը.

«Ոչ մի նոր բան չկար` մինչ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին խոսակցությունները նոր խնդիր առանձնապես չկար: Այժմ պարզապես վեկտորն է շատ լուրջ փոխվել:

Ռազմավարությունը պատրաստելու ժամանակաշրջանում ուղղված էինք դեպի Եվրամիություն և ամբողջ աշխարհ, իսկ այս տարի, ուզենք-չուզենք, վեկտորը փոխում ենք, և Մաքսային միությունը զուտ հայտարարություն չի, կատարվող փաստերի շարան է, որի պատճառով մենք մեր առաջնահերթությունները լուրջ վերանայում ենք»:

Հարցին` ի՞նչ կփոխի ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը թեթև արդյունաբերության ոլորտի համար, Ս.Բեկիրսկին պատասխանեց, որ դրա արդյունքում մի կողմից` ստանում ենք մեծ ու հարուստ շուկայի մուտքի է՛լ ավելի արտոնյալ պայմաններ, այսինքն` դե ֆակտո դառնում ենք շուկայի մասնակից, բայց մյուս կողմից` մաքսավճարների, աշխատանքային պայմանների փոփոխությունները դեռ շատ հաշվարկված և ճշտված չեն. «ՄՄ մտնելու կանոնակարգը դեռ վերջնական չի մշակվել, և պարզ չէ, թե որ անկյունից ինչ անակնկալ կմատուցվի մեզ: Ներկայումս ՄՄ-ի հետ կապված ամեն օր շատ բուռն, ակտիվ քննարկումներ են ընթանում` թե՛ դրույքաչափերի, թե՛ կանոնակարգերի, թե՛ աշխատանքի պայմանների վերաբերյալ:

Ամբողջ աշխատանքային համակարգը վերանայելու կարիք կա: Թղթի վրա շուկայի լիարժեք մասնակից ենք դառնում: Եթե այդպես է` շատ լավ է, շուկա մտնելու լուրջ բոնուս ենք ստանում: ԵՄ-ն էլ, եթե հատուկ սահմանափակումներ չընդունի, լավ կլինի: Այս պահին արդեն ԵՄ-ում աշխատելու որոշ լավ պայմաններ ունենք, և ՌԴ-ի հետ ունենք բարենպաստ պայմաններ՝ որպես ռազմավարական գործընկեր: Հիմա ՌԴ-ի հետ հարաբերությունները փոփոխվելու են, որոնց դեռ ամբողջությամբ տեղյակ չենք: Մինչև մայիս-հունիս ամեն ինչ կհստակեցվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս