Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա. ՊՆ նախարարը վարչապետին է ներկայացրել սահմանին տեղի ունեցած դեպքի մանրամասները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, կառավարության ղեկավարը խոսքը տվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի նա տեղեկություն տա վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի շուրջ: «Նախարարը երեկ մասնակցում էր նաև մեր հերոս զինվորի հուղարկավորության արարողությանը, ու նաև դրանով պայմանավորված հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում այդ խնդիրը, – հավելել է վարչապետը: – Ցավով պետք է նշենք, որ հաճախ լինում են մեկնաբանություններ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն, ուստի պաշտպանության նախարարի պարզաբանումը, կարծում եմ, բոլորիս համար օգտակար կլինի»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան. «Պարոն վարչապետ, տեղեկացնեմ, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի հատուկ ստորաբաժանումների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո, երբ հակառակորդը կրեց կորուստներ, տվեց զոհեր, վիրավորներ և հետ քաշվեց, իհարկե, մեր դիրքապահ զինծառայողների և կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների և անձնուրացության շնորհիվ, Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա: Այն արտահայտված է կրակոցներով և նաև որոշակի խուճապահար գործողություններով, քանի որ մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան կտանք: Նաև կրակոցներով արտահայտված որոշակի լարվածություն կա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանում: Գիտեք, որ մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն նպատակային և դիպուկահարների կրակոցներին: Այսօր իրավիճակը շփման գծում և մեր սահմաններում վերահսկելի է, մեր դիրքապահները իրենց խնդիրը կատարում են ամենօրյա զգոն ռեժիմի համաձայն և մեր ժողովուրդը որևէ մտավախություն չպետք է ունենա, որովհետև մեր զինծառայողները, ինչպես կատարել են իրենց խնդիրները, այնպես էլ պատշաճ կերպով կատարում են»: