Բաժիններ՝

Կաթնեղենի, սուրճի, թեյի և այլ ապրանքների վրա նույնպես դրոշմապիտակ կհայտնվի

Այսօր կառավարության նիստում ընդունված որոշմամբ՝ մի շարք ապրանքատեսակների վաճառքը պարտադիր կիրականացվի դրոշմապիտակներով: Մասնավորապես՝ դրոշմապիտակ պետք է առկա լինի կաթնեղենի, սուրճի, թեյի, ձեթի, մսեղենի, ձկնեղենի, պահածոյի, պաղպաղակի, քացախի, կոսմետիկայի, օճառի վրա:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ ոլորտներ կան, որտեղ ՊԵԿ տվյալներով ստվերայնությունը 2 անգամ է կազմում: Սակայն ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը թերահավատություն արտահայտեց ՊԵԿ ներկայացրած ցուցանիշների հետ կապված. «Չեմ կարծում, որ 4 անգամ ավելի գարեջուր ենք խմում: Նույնը ջրեղենն է»:

Վարչապետի կարծիքով՝ դրոշմապիտակների կիրառման գործիքն «ամենաարդյունավետ գործիքն» է, և պետք է շարունակել պրակտիկան: Նա նշեց, որ կախված նաև ԱԺ-ում օրինագծի քննարկումներից, հնարավոր է, որ դրոշմապիտակները կիրառվեն այս տարվա հուլիսի 1-ից:

Նշենք, որ որոշման նախագծում բերված ցուցանիշների համաձայն՝ 2012 թ. տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում լայն սպառ­ման համար նախատեսված որոշ ապրանքատեսակների (գարեջրի, զովացուցիչ ըմպե­լիք­­ների և ջրերի) մասով դրոշմապիտակներով հաշ­վառ­ման համակարգի ներդրումը նպաս­տել է այդ ապրանքատեսակների արտադրության և իրացման շրջանառության իրա­կան ծավալ­ների բացահայտմանը, ստվերի կրճատմանը, հետևաբար՝ նաև պետական բյուջեի եկամուտ­ների աճին: Մասնավորապես, 2013թ. 3-րդ եռամսյակում 2012 թվականի նույն ժամանակա­շրջանի նկատմամբ գարեջրի արտադրության քանակն ավելացել է 4.9 մլն լիտրով կամ 232.3 տոկո­սով, բնական հյութերի և ըմպելիքների (զովացուցիչ և հան­քա­յին) արտադրու­թյան քանակը՝ 2.1 մլն լիտրով կամ 162.1 տոկոսով: Միաժամանակ, նշված ապրանքներ արտադրող­ներից և ներմուծողներից հարկային մուտքերը 2013 թվականի 3-րդ եռամսյակում՝ 2-րդ եռամսյակի նկատմամբ, աճել են 1065.0 մլն դրամով կամ 145 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս