«Լոկալ հաղթանակների» գլոբալ պարտությունը

Դաշնակցականները չէին սպասում, որ «Ազատության» հրապարակում հունվարի 18-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ խոսելու փոխարեն, կհայտարարի «ավազակապետության» դեմ պայքարելու. իշխանափոխություն անելու և այդ նպատակով ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները միավորելու անհրաժեշտության մասին:

ՀՅԴ-ականները հանրահավաքից հետո պահանջել են, որ ձևավորվի քառյակի միասնական օրակարգ, և միասնական միջոցառումների ժամանակ ելույթները լինեն բացառապես հաստատված օրակարգի շրջանակներում: Իսկ միասնական օրակարգ ասածը շատ պարզ է. պայքար Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի և «գազային պայմանագրերի» դեմ:

Չէ, այնպես չի, որ դաշնակցականները դեմ են իշխանափոխությանը, ուղղակի չեն տեսնում, թե ինչպես դա պետք է իրականացնել, և վերջին տարիների փորձն էլ մի տեսակ հուսադրող չէ: Նրանք համարում են, որ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար հասարակությունը մասնատված է, և նման բան չի պահանջում քաղաքական ուժերից` առաջարկելով «Լոկալ հաղթանակների» մարտավարությունը: «Լոկալ հաղթանակ»` նշանակում է, որ ոչ թե փոխում ես իշխանությանը, և նոր իշխանությունը փոխում է իրականացվող քաղաքականությունը` հրաժարվելով նախորդների օրոք իրականացվողից, այլ հասարակական ճնշում է գործադրում գործող իշխանության նկատմամբ և նրան ստիպում որոշակի հարցերում փոխել իր դիրքորոշումը:

Օրինակ, ստիպում է, որ իշխանությունը հրաժարվի Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելուց, կամ ստիպի, որ իշխանությունն ինքը չեղյալ համարի իր կողմից կնքված և վավերացված «գազային համաձայնագրերը»:

Հանուն արդարության` պետք է նշել, որ «լոկալ հաղթանակների» մարտավարությունը Դաշնակցության պարագայում բավական արդյունավետ է եղել։ Այս կուսակցությունը, ճիշտ է, չի կարողացել նախագահական ընտրություններում ապահովել սեփական թեկնածուի հաղթանակը կամ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանալ խորհրդարանում, սակայն անցյալ տարեվերջին երկու «լոկալ հաղթանակ» է տարել, որի արդյունքում Վահան Հովհաննիսյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, իսկ Հրայր Կարապետյանը` Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս: Հիմա այդ նույն մարտավարությունը ՀՅԴ-ականները փորձում են իրականացնել ներքաղաքական կյանքում, բայց դժվար է ակնկալել, որ այն նույնպիսի արդյունավետություն կապահովի:

ՀՅԴ-ականներին, իհարկե, կարելի է հասկանալ. նրանք չեն կարող պայքարել մի իշխանության դեմ, որից իրենք պաշտոններ են ստանում: Ստանում են երկար սպասելուց և բերանները ջուր կտրելուց հետո: Իբրև թե թուրքական լոբբին էր դեմ, կամ գուցե գերմանացիներն ինչ-որ հարցեր ունեին ճշտելու Հայաստանից ուղարկվող դեսպանի կենսագրության և քաղաքական գործունեության հետ:

Բայց այդ դեպքում գուցե իմաստ չունի ընդհանրապես պայքարը: Նույնիսկ ԲՀԿ խմբակցության անդամները, ովքեր նույնպես կաշկանդված են իշխանության հետ ունեցած բազմաթիվ պարտավորություններով, հասկանում են, որ «միասնական օրակարգով» «լոկալ հաղթանակների» հասնել հնարավոր չէ:
Բոլորի համար էլ պարզ է, որ Սահմանադրական դատարանը մերժելու է Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին քառյակի հայցը: Մերժելու է, որովհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրում է, որ այլևս հնարավոր չէ կես միլիոն աշխատող մարդով կես միլիոն թոշակառու պահել, մանավանդ, որ աշխատողների թիվը տարեցտարի պակասում է, իսկ թոշակ ստացողներինը` ավելանում: Նման պայմաններում լուծումը միակն է` աշխատողներից պետք է ավելի շատ փող վերցնել, որպեսզի չաշխատողներին հնարավոր լինի թոշակ տալ:

Իշխանությունը չեղյալ չի համարելու նաև «գազային համաձայնագրերը», քանի որ այստեղ ևս փողի խնդիր կա: «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսով փակել են 300 միլիոն դոլարի պարտքը: Եթե այդ 20 տոկոսը չտան, պետք է տեղը 300 միլիոն դոլարը տան, որը Հայաստանը չունի: Այսինքն` սպասել, որ իշխանությունը տեղի կտա ճնշմանը և «լոկալ պարտություններ» կկրի` համաձայնվելով հրաժարվել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից և չեղյալ հայտարարելով «գազային պայմանագրերը», միանգամայն միամտություն է: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը, երբ պարզվի, որ «միասնական օրակարգի» երկու հարցերի շուրջ էլ հնարավոր չէ հասնել լոկալ հաղթանակի, այսինքն` իշխանությունը երկու հարցում էլ պատրաստ չէ գնալ զիջումների: Ըստ «լոկալ հաղթանակների» մարտավարության` պետք է գտնել և ստեղծել նոր «միասնական օրակարգ» և սկսել պայքարը` հանուն այդ նոր օրակարգի հաղթանակի:

ՀՅԴ-ականները բացարձակ միամիտ չեն` չհասկանալու համար, որ «լոկալ հաղթանակների» մարտավարությունը որևէ հաջողության չի բերելու: Բայց դա լավ հնարավորություն է պայքարի իմիտացիա ստեղծելու համար: Մի կողմից` իշխանությունից պաշտոններ ես ստանում, մյուս կողմից` պայքարում ես հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների համար: Մարդիկ նայում են և տեսնում են, որ ՀՅԴ-ն հրապարակներում է ու երթերում, և, մտածում են` «Չէ, ՀՅԴ-ի մեջ էլ ազնիվ ու սկզբունքային մարդիկ կան»:

Ընդհանրապես, երբ իրենց ընդդիմություն համարող քաղաքական ուժերը կորցնում են հավատը «գլոբալ հաղթանակի» նկատմամբ, նրանք ստիպված բավարարվում են «լոկալ հաղթանակներով»: Այդ լոկալի չափն ու սահմաններն էլ գծվում են իշխանությունների կողմից` կախված նրանց բարի կամքից և առավոտյան տրամադրությունից:

Տեսանյութեր

Լրահոս