
ՄԻԵԴ-ը սկսել է քննել Հայաստանի դեմ ադրբեջանցի հարկադիր վերաբնակների ներկայացրած հայցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Վերին պալատում սկսել են քննել Հայաստանի դեմ ադրբեջանցի հարկադիր վերաբնակների ներկայացրած հայցը, որը ստացել է «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» անունը: Դատական նիստի ժամանակ ելույթ են ունեցել կողմերի փաստաբանները:
Հայկական կողմի փաստաբաններն անհամաձայնություն են հայտնել նրան, որ հայցում Հայաստանը (պետությունը) ներկայացված է որպես պատասխանող կողմ: Նրանք հայտարարել են, որ թեև ԼՂՀ-ը չճանաչված պետություն է, նա ունի իր դատական համակարգ, իշխանական մարմիններ, հետևաբար հայցը պետք է հասցեագրել ԼՂՀ-ին:
Ադրբեջանական կողմի փաստաբաններն իրենց հերթին հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից շրջանները փաստացիորեն վերահսկվում են Հայաստանի կողմից, և որ Հայաստանը համագործակցում է ԼՂՀ-ի ղեկավարության հետ:
Նշվում է, որ տվյալ գործով հայցվորներն Ադրբեջանի 6 քաղաքացիներ են, որոնք նախկինում հանդիսացել են Բերձորի (Լաչինի) բնակիչներ, և իրենց տները հարկադրաբար լքել են 1992 թվականի մայիսի 17-ին: Նրանցից 5-ը ներկայումս բնակվում է Բաքվում: Տվյալ բողոքը ՄԻԵԴ է ուղարկվել 2005 թվականի ապրիլի 6-ին:
Նրանք ընդգծում են, որ իրենց ողջ ունեցվածքը բաժին է հասել հայերին, և ելնելով Բերձոր վերադառնալու անհնարինությունից՝ այլևս չեն կարող օգտագործել իրենց ունեցվածքը, ինչի համար էլ հայց են ներկայացրել Հայաստանի իշխանությունների դեմ՝ պահանջելով փոխհատուցում վճարել իրենց: Նրանք նաև վստահեցնում են, որ ենթարկվել են ազգային խտրականության: