
ՄՄ-ին անդամակցության ՀՀ որոշումը հասարակությունից գաղտնի չի պահվել. ԱԳ նախարար

Տեսակետները, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ գիշերում որոշում ընդունեց չստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը անդամակցել Մաքսային միությանը, դեռ շրջանառվում են հասարակության լայն շրջանակներում: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ինքը տեղյա՞կ էր, որ ընդունվել է ՄՄ անդամակցության մասին որոշում, երբ իր տեղակալը սեպտեմբերի 3-ի նախօրեին հայտարարում էր, որ ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին հնարավոր չէ: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Չեմ կարծում, որ արտգործնախարարի տեղակալը ամսի 3-ին հայտարարել է, որ հնարավոր չէ: Չեմ կարծում, որ նման բան է եղել, ստուգեք: Ես վստահ եմ, որ ամսի 3-ին նա չէր կարող նման բան ասել»: Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե ՄՄ անդամակցության ՀՀ որոշումը հասարակությունից գաղտնի չի պահվել: Ըստ նախարարի, այն ժամանակ, երբ այդ որոշումները հասունացան այն մակարդակի, որ այդպիսի անդամակցությունը հնարավոր է, և կարելի է համապատասխան գործընթաց սկսել, արվեց համապատասխան հայտարարություն` Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից: «Դա չէր նշանակում դեռ անդամակցություն. դա նշանակում էր, որ Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ ինքը որոշում է ընդունել գնալ Մաքսային միություն»,- նշեց նա: Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել ՄՄ անդամակցության ցանկության մասին: «Եթե ուշադիր լինեք, և սայթերում նայեք ՀՀ նախագահի հարցազրույցները, հայտարարությունները, կտեսնեք, որ երբ իրեն հարցրել էին, թե արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է լինել Մաքսային միության անդամ, նա ասել էր՝ այո: Եվ մի քան անգամ: Ուղղակի Հայաստանը այն ժամանակ չէր հրավիրված, և այդպես էլ ասել էր նախագահը: Երբ հասունացավ, որ անդամակցությունը հնարավոր է, որևէ մեկից որևէ բան գաղտնի չի պահվել»,- հավելեց նա: Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային գործընթացին, փաստաթղթերի մշակմանը, ապա Է. Նալբանդյանը նշեց, թե դրանց գաղտնիությունը բնական է: «Բանակցային գործընթացը եթե արվի մամուլի միջոցով, ապա բանակցություններն ընդհանրապես չեն ընթանա: Բանակցությունները պետք չեն գա՝ թերթերով կհայտարարենք մեր դիրքորոշումը սա է, մյուսինը նա է… Բանակցությունների կարգն է այդպես. բոլոր երկրները բանակցում են այդ ձևով»: