Ծառուկյանը մերժում է Քոչարյանին

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հրապարակային ակտիվությունից հետո հնչող մեկնաբանություններում շատ էին գնահատականները, որ նրա հարցազրույցները դեռևս քաղաքականություն վերադառնալու հայտ չեն, քանի որ դրա համար նախ՝ պետք է ներգրավված լինել քաղաքական գործընթացներում, ինչն էլ իր հերթին՝ պահանջում է պատկանել որևէ քաղաքական ուժի: Հասկանալի է, որ Ռ. Քոչարյանի դեպքում այդ քաղաքական ուժը, առաջին հերթին, կարող է լինել նրա կողմից ստեղծված ԲՀԿ-ն, որի նկատմամբ համակրանքը նախկին նախագահն արտահայտել է նաև հրապարակավ: Թեև Ռ. Քոչարյանի հարցազրույցներից հետո քաղաքական-վերլուծական շրջանակներում շատերը չէին բացառում, որ ֆորմալ առումով նրա՝ քաղաքականություն վերադառնալու (մուտք գործելու) հայտը կարող է ձևակերպվել ԲՀԿ-ի նախագահ դառնալու ճանապարհով, սակայն այդ մասին հրապարակավ առաջին անգամ կարծիք հնչեցրեց մարքսիստ Դավիթ Հակոբյանը՝ երեկ կայացած ասուլիսում:  

«Եթե խորհրդարանական մեծամասնությունը վարչապետինն է՝ վարչապետն է առաջին սկրիպկան, իսկ եթե նախագահինն է՝ նախագահն է առաջին դեմքը: Սա է համակարգի էությունը: Հիմա ԲՀԿ-ն կհայտարարի համագումար, Քոչարյանին համագումարը կնշանակի կուսակցապետ, նա կունենա 35 մանդատ, նրան սատարում են խորհրդարանական երկու կուսակցություններ, ու վերջ՝ կհայտարարի խորհրդարանական հեղաշրջում՝ անցնելով վարչապետական ինստիտուտին»,- ասել էր Հակոբյանը:

Եվ ահա ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հարկ է համարել գրավոր հաղորդագրությամբ պատասխանել մարքսիստին՝ հայտարարելով. «ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Ուստի, հավերժ երիտասարդ մարքսիստին կարող եմ ընդամենը բարեկամաբար խորհուրդ տալ՝ իր երկարաշունչ վերլուծություններն անելիս, առնվազն ԲՀԿ-ի մասով, հավատարիմ մնալ մարքսիզմի հիմնարար սկզբունքներից մեկին, այն է՝ ռեալիզմին»,- գրել է Ուրիխանյանը:

Թե ում է ուղղված նրա պատասխանը, դժվար չէ կռահել: Հազիվ թե Դավիթ Հակոբյանին: Նախ՝ վերջինս հայտնի է՝ որպես էքսցենտրիկ հռետոր, և ասուլիսներում նրա արտահայտած մտքերին գրեթե երբեք չեն պատասխանում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այս անգամ ԲՀԿ խոսնակը հատուկ գրավոր պատասխան տվել մարքսիստին:

Ըստ ամենայնի, ԲՀԿ-ում ենթադրել են, որ Դավիթ Հակոբյանի երեկվա հայտարարությունը ոչ այնքան նրա էքսցենտրիզմի, որքան որոշակի քաղաքական հանձնարարության արտահայտություն է, դրա համար էլ որոշել են պատասխանել նրան: Այսինքն՝ չպետք է բացառել, որ Դավիթ Հակոբյանին «հուշել» են նման հայտարարություն անել համապատասխան «գրասենյակից»՝ առայժմ որոշակի տրամադրություններ ստուգելու համար:

Բանն այն է, որ որքան էլ Գագիկ Ծառուկյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի ամենամերձավոր ու հավատարիմ անձանցից մեկը, այնուամենայնիվ, նա ներկայումս բազմաթիվ կապերով կապված է իշխանության հետ, և հասկանալի է՝ Քոչարյանը չի կարող այս պայմաններում 100 տոկոսով վստահել ԲՀԿ նախագահին, ով ԲՀԿ (Քոչարյան)-կառավարություն հակամարտության ամենաթունդ պահերին առիթը բաց չի թողնում նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորել-ճանապարհելու համար:
Հասկանալի է, որ այլ պայմաններում Քոչարյանը Ծառուկյանին ուղղակի անձամբ կփոխանցեր, որ ցանկանում է «ընտրվել» ԲՀԿ նախագահի պաշտոնում, և որևէ առարկության չէր արժանանա:

Բայց Ռ. Քոչարյանը չի կարող վստահ լինել, որ «օդանավակայանում» Ծառուկյանին չեն հորդորի ԲՀԿ-ի նախագահությունը «պահպանել» ամեն գնով: Ուստի, բացառված չէ, որ Ծառուկյանին ուղղակի ասելուց առաջ մարքսիստի միջոցով Քոչարյանն առայժմ ցանկանում է շոշափել ԲՀԿ նախագահի տրամադրությունները: Իսկ դրանք, ինչպես երևում է Ուրիխանյանի պատասխանից, մեղմ ասած, մերժողական են: Ուշադրություն դարձրեք Ուրիխանյանի տեքստում արտահայտված երկու բառերի վրա: «ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը»,- գրել է ԲՀԿ խոսնակը՝ այսպիսով ցույց տալով, որ իրականում ԲՀԿ հիմնադիրը ոչ թե Քոչարյանն է, ինչպես պնդում են բոլորը, այլ Ծառուկյանը:

Ուրիխանյանի արտահայտած մյուս ուշագրավ միտքը մարքսիզմի սկզբունքներից մեկի հիշեցումն է՝ ռեալիզմը: Ասել է թե՝ ԲՀԿ նախագահի պաշտոնում Քոչարյանին տեսնելը ռեալ չէ:

Հիմա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար դժվար ժամանակներ են: Քոչարյանի ակտիվությունը և հնարավոր վերադարձը նրան կարող են ստիպել ընտրություն կատարել ունեցածը պահպանելու և «բարգավաճման» անորոշ հեռանկարի միջև: Ուստի չպետք է առնվազն բացառել, որ Ծառուկյանը մտածում է «քոչարյանական կամպանիայից» տարանջատվելու մասին՝ միաժամանակ դրանից զերծ պահելով ԲՀԿ-ն: Թե որքանով դա կհաջողվի՝ այլ հարց է:

Տեսանյութեր

Լրահոս