Գազի վարձավճարների բարձրացման հետևանքով Հայաստանում ջերմոցային տնտեսությունները կրճատվում են
«Գազի վարձավճարների բարձրացման հետևանքով Հայաստանում ջերմոցային տնտեսությունները կրճատվում են»,- այսօր Մեդիա կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ ասել է Ջերմատնային ասոցիացիա ԳՀԿ տնօրեն Պողոս Գևորգյանը: «Օրինակ՝ դեկտեմբեր ամսին ցանք է կատարվում, որ գարնանը վաճառեն։ Սերմերի վաճառքով հետաքրքրվեցի և տեղեկացա, որ 300 հազար հատ սերմ այս ցանքին պակաս է վաճառվել, իսկ դա նշանակում է, որ 12 հա ջերմատուն չի մշակվել»,- ասաց նա։ Ջերմոցային տնտեսությունները Հայաստանում ոչնչացման եզրին են:
Գազի սակագնի բարձրացման հետևանքով անհնար է դարձել դրանց շահագործումը: «Եղել են, որ հրաժարվել են, օրինակ՝ Սևանի ջերմատունը, էջմիածնում Աղավնատուն ջերմատունը, մի ձեռներեց խոշոր ծաղկի ջերմատուն ուներ Մասիսում, ամռանը մի հեկտարը քանդեց, մյուսը կտրտեց վաճառեց։ Ինձ ասաց՝ ավելի լավ է 100 դրամ ամռանն աշխատեմ` ես ունենամ, քան հազարներ աշխատեմ, տամ «Հայռուսագազարդին»։ Կան, որ փակվեցին, տոմսի փողն առան ու ընտանիքով գնացին»,– նշել է նա։
Կառավարությունը մի ձեռքով հավանություն է տալիս «ՀՀ գյուղացիական տնտեսություններում» ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին, մյուս կողմից՝ մերժում ոլորտի կայացման պատասխանատուների՝ շահառուների առաջարկները: Պողոս Գևորգյանը Գյուղնախարարության միջոցով բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել Կառավարությանը՝ ոլորտի զարգացմանն ուղղված, սակայն «հօգուտ ջերմատների զարգացման» առաջարկները համատարած մերժվել են: Առաջարկներից մեկն այն է եղել, որ իջեցվի գազի ավելի էժան սակագնի շեմը միջին ու փոքր ջերմատների համար մինչև 5.000 խ/մ. այն մերժվել է: «Մենք հիմա ալտերնատիվ միջոցներ ենք մտածում ջերմատները պահելու համար, ալտերնատիվ վառելիք. գիտնականներն աշխատում են այս ուղղությամբ »,– հավելել է Գ.Պողոսյանը։