Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Բորդյուժա
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: ar.newsarmenia.ru-ի փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Մենք հակված ենք, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը լուծվեն բացառապես քաղաքական միջոցներով։ Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հակամարտությունն ուժային միջոցով լուծելն անհնար է, կարելի է ընդամենը պայթեցնել տարածաշրջանը»,- ասել է Բորդյուժան։
Միաժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ է անում Կազմակերպությունը «հակաադրբեջանական հռետորությունը» կանխելու համար, Բորդյուժան նշեց, որ ինքը Կազմակերպությունում նման բանի մասին չի լսել։
«Մենք բոլորս դեմ ենք հակաադրբեջանական հռետորությանը։ Ադրբեջանը բարեկամական երկիր է, և ՀԱՊԿ–ում որևէ հակաադրբեջանական կամ ադրբեջանամետ քարոզարշավ չի տարվում»,– ասել է Բորդյուժան։
Խոսելով այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ–ն սպառնալիքներին դիմակայելու համար, որոնք հնչում են իր անդամներից մեկի` Հայաստանի հասցեին, Բորդյուժան ասել է, որ Կազմակերպությունում հատուկ ուշադրություն են դարձնում ուժային բաղադրիչի զարգացմանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: