Արա Զոհրաբյանը՝ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի և «կոբրայի էֆեկտի» մասին

Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը: Այս ընթացքում փաստաբաններն արդեն հասցրել են իրենց մտահոգությունները հայտնել նախագծի որոշ դրույթների մասին: Այս առնչությամբ 168.am-ը զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

– Պարո´ն Զոհրաբյան, փաստաբաններն իրենց դժգոհությունն են հայտնել Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում նախատեսված ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի մասին: Ի՞նչ կարծիքի եք այս ինստիտուտի ներդրման մասին:

– Մեր փաստաբանների մեծ մասը գտնում է, որ մեղադրյալի ցուցմունքի դեպոնացումը հաջող կարգավորում չէ, որովհետև ինքնին ցուցմունքի դեպոնացումն ապացույցի ապահովման միջոց է: Եթե, օրինակ, մի օտարերկրյա քաղաքացի գտնվում է Հայաստանում, դեպք է տեղի ունեցել, որին նա վկա է եղել, բայց այդ քաղաքացին պետք է վերադառնա իր երկիր: Սակայն մինչև դատավարությունը լինի, նա կարող է նաև չգալ: Նրան տանում են դատարան, նա դատարանում ցուցմունք է տալիս, ցուցմունքը դեպոնացնում են և այն օգտագործում որպես ապացույց: Այսպես ասած՝ ապացույցի պահպանություն է: Մեղադրյալի դեպքում դա խնդիր է: Մենք ասում ենք՝ հարգելիներս, մեզ մոտ հեռավար արդարադատություն չկա, այսինքն՝ մինչև մեղադրյալը չբռնվի, եթե նույնիսկ փախուստի մեջ է, գործը կասեցնում են՝ մինչև մեղադրյալը գա, նրան դիստանցիոն չեն դատապարտում:

Եթե մեղադրյալն այստեղ է, ի՞նչ կարիք կա նրա ցուցմունքը ապահովեք կամ պահպանեք: Ինչո՞ւմն է կայանում մեր մտահոգությունը: Ամեն դեպքում քննիչի ազդեցության տակ լինելով՝ կարող են տանել, այն ինչ ուզի, դատավորի ներկայությամբ ասի զուտ հոգեբանական ճնշման ներքո (պարտադիր չէ միշտ պատկերացնել ճնշման դեպքում պետք է ծեծեն կամ աչքի տակ կապտուկ լինի) իր ցուցմունքը տա: Նա արդեն կաշկանդվեց: Եթե վաղն ուզենա ճիշտն ասել, չի կարողանա, որովհետև դրա համար նրան կդատապարտեն սուտ ցուցմունք տալու համար:

– Հայեցակարգի հեղինակները դեպոնացման ինստիտուտի ներդրման նպատակներից մեկն էլ ոչ օրինաչափ եղանակներով ցուցմունքներ ստանալու դեպքերը նվազեցնելն են համարում: Ձեր կարծիքով՝ դեպոնացման ինստիտուտը որքանո՞վ կարող է նպաստել բռնությունների կամ էլ հոգեբանական ճնշումների  միջոցով ցուցմունքների կորզման դեպքերի նվազմանը:

– Հակառակը: Տնտեսագիտության մեջ կա «կոբրայի էֆեկտ» հասկացությունը: Հնդկաստանը Անգլիայի գաղութն էր: Երբ իր զինվորները օձերի խայթոցից մահացել են, ուղարկել է, ասելով՝ ով քանի օձ բերի, այնքան ոսկի կստանա, որպեսզի պայքարի օձերի դեմ: Բոլոր հնդկացիները սկսել են օձ բազմացնել, այսինքն՝ դա հակառակ էֆեկտն է ունեցել: Դա «կոբրայի էֆեկտը» կունենա: Այսինքն, կարծում եմ, դա իրականության մեջ խնդիր կառաջացնի: Իհարկե, դա մեր տեսակետն է: Մենք էլի մեր մասնագետներին խնդրել ենք այս հարցն ուսումնասիրել, տեսաակետ կներկայացնենք:

– Ի՞նչ կարծիքի եք՝ սուտ ցուցմունք տալու համար մեղադրյալին պատասխանատվության ենթարկելու մասին:

– Մեզ մոտ այսպես է. կա անմեղության կանխավարկած, դու անմեղ ես քանի դեռ քեզ հակառակը չեն ապացուցել: Այսինքն՝ եթե անձին մեղադրում են, նա կարող է պասիվ նստել, ասել՝ գնացեք ապացուցեք, ես ոչ մի բան չեմ ասում կամ ասում եմ, խաբում եմ: Ի՞նչ են անում նախաքննության մարմինները մեզ մոտ: Ամենահեշտ ձևն է՝ մարդուն ասել՝ դու ընդունիր: Դա ռեսուրսների տնտեսման խնդիր է լուծում, այսինքն՝ նա էլ չի գնում հարևաններին հարցաքննում, այլ ապացույցներ հավաքում, ամբողջը կառուցում է այդ մարդու ցուցմունքի վրա, հետո էլ երբ գնում է դատարան, նա էլ ասում է՝ ես ստել եմ կամ ընդհանրապես ցուցմունք չեմ տվել կամ փոխում եմ իմ ասածը, ինձ վախեցրել եք և այլն: Գործը ուրիշ է դառնում:

Եվ որպեսզի մեր նախաքննության մարմինների ներկայացուցիչները հույսները չդնեն ցուցմունքի վրա, այդ ցուցմունքը պետք չէ այդպես կարևորել: Պատկերացրեք՝ կինը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկում մեկին, ամուսինն ասում է՝ ես եմ եղել: Այսինքն՝ մարդ կարող է նաև ստել, որ իր հարազատին պաշտպանի, բայց արդարադատության խնդիրն է իրական մեղադրյալին, իրական հանցագործին գտնելն ու պատժելը: Այս տեսակետից, ես կարծում եմ, ցուցմունքն այդպես կարևորելը, պաշտպանիչ շերտով պարուրելը կարող է վնասել նաև ճշմարտությունը բացահայտելուն:

– Քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգում ներմուծվել են նաև այլընտրանքային խափանման միջոցներ: Դա կարո՞ղ է նպաստել, որ կալանքը չլինի հիմնական խափանման միջոց:

– Հուսով եմ: Իհարկե, դա պրակտիկան ցույց կտա, որովհետև կիրառելու խնդիր կա: Գիտեք՝ մեզ մոտ օրենքը կարող է շատ գեղեցիկ լինել, բայց կիրառելիս խնդիր ունենանք: Հուսով եմ, որ այդպես կլինի, այլընտրանքային խափանման միջոցներ լինեն, հուսով եմ՝ դա կօգնի:

Տեսանյութեր

Լրահոս