
ԱՄՆ-ում Ռուսաստանին կասկածում են Սնոուդենի գործունեությանը մասնակից լինելու մեջ

Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հանրապետական կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը կասկած է հայտնել, որ Ռուսաստանն օգնել է ամերիկյան հատուկ ծառայությունների արդեն նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին՝ Ազգային անվտանգության գործակալության (NSA) գործունեության վերաբերյալ տվյալներ հավաքելու հարցում:
Ռոջերսի խոսքերով՝ ներկայումս հետաքննություն է անցկացվում Սնոուդենի գործունությանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Կոնգրեսականը չի հայտնել ո՛չ հետաքննության սկսվելու ժամկետը, ո՛չ էլ դրա նախնական արդյունքները:
Ռոջերսը հայտարարել է, որ ԱՄՆ կոնգրեսում ենթադրում են, որ Սնոուդենը NSA-ի վերաբերյալ տվյալները հավաքել է ոչ թե միայնակ, այլ՝ արտաքին օգնությամբ. «Խնդիրն այն է, որ նրա արածների թվում կան այնպիսի բաներ, որոնք վեր են նրա տեխնիկական հնարավորությունից»: Ռոջերսը չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը: Ռոջերսը նաև կասկածելի է համարում այն, որ Սնոուդենն ապաստան է ստացել հենց Ռուսաստանում:
Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Մաքյլ Մաքքոլն իր հերթին ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ համոզվածություն է հայտնել, որ Սնոուդենը NSA-ում աշխատելիս համագործակցել է օտար իշխանությունների հետ: