
Բաքուն Կասպարովի համար «մահացել» է 1990-ի հունվարին

«Հունվարի 13-ին հրաշալի օր էր: Ծովի վրա ծիածան էր կապել: Երբեք այդ օրը չեմ մոռանա: Այդ օրն սկսվեցին ջարդերը»,- շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, նախկին բաքվեցի Գարի Կասպարովն այդպես է հիշում 1990 թ-ի Բաքվի «սեւ հունվարը», գրում է Новое время-ն:
«…Լուրեր հասան, որ Բաքվում մարդասպանների խումբը գրոհում է հայերի տները: Դրան դժվար էր հավատալ: Ցեղասպանությո՞ւն էր: Բաքվում անհավանական սարսափներ էին կատարվում: Բանդիտները հստակ գիտեին, թե որտեղ էին բնակվում հայերը: Տանտերերին թալանում եւ սպանում էին: Աղջիկներին բռնաբարում եւ կենդանի-կենդանի այրում: Սումգայիթը կրկնվում էր»:
Կասպարովը բազմիցս է ակնարակել, որ Բաքուն իր համար «մահացել» է 90-ի հունվարին: Եւ երբ վերջերս Ադրբեջանի մայրաքաղաքն ընտրվել էր որպես շախմատային համաշխարհային օլիմպիադայի անցկացման վայր, նա կրկին ընդգծել էր, որ այդ քաղաքը, որտեղ ինքը ծնվել եւ մեծացել է ու որտեղից ստիպված է եղել փախչել, իրեն «չի ձգում»: Նա ուղղակի հայտարարել էր, որ իր այցը Բաքու բացառվում է: Այնպես որ, առնվազն զարմանալի է օրերս ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությունը, թե Կասպարովն իբր թույլտվություն է խնդրել մասնակցելու շախմատային օլիմպիադային, եւ որ «այդ հարցի վերաբերյալ որոշումը կկայացնի օլիմպիադայի կազմկոմիտեն»:
Որպեսզի ասվածը համոզիչ լինի` Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆաիկ Հասանովը հիշեցրել է, որ «Կասպարովն ադրբեջանական շախմատային դպրոցի սան է եւ ժամանակին ազգային առաջնորդ Հեյդար Ալիեւը նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: