Արմեն Մովսիսյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին. tert.am

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am–ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադառնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին, որում վերջինս անդրադարձել էր, գազի իրական գնի մասին հանրության չտեղեկացնելուն և դրա հետևանքով 300 միլիոն դոլար պարտքի կուտակելուն, «ՀայՌուսգազարդի» հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքին, համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ պայմաններին և նշել, որ իր համար անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու Կառավարության տրամաբանությունը։ Ռոբերտ Քոչարյանը նաև կասկածի տակ էր առել հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալումը՝ լեգիտիմության առումով, ապա՝ մինչև 2043 թվականը մենաշնորհի բացառիկ պայմանները ծայրահեղ խոցելի համարել։

– Պարո՛ն Մովսիսյան, Ռոբերտ Քոչարյանը մեղադրել է գործող իշխանություններին գազի իրական գինը թաքուն պահելու և դրա հետևանքով պարտք կուտակելու մեջ: Ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքին:

– Գիտե՞ք, ես իմ կյանքում շատ բանակցությունների եմ մասնակցել. չեմ հիշում որևէ դեպք, երբ բանակցության մանրամասները նախ հրապարակավ քննարկվեն, հետո կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Համաձայնեք, անհեթեթ իրավիճակն անխուսափելի կլինի:

Հիմա կոնկրետ այս բանակցությունների մասին: Սկսած 2010թ. մենք պարբերաբար հայտարարել ենք, որ բանակցություններ են ընթանում «Գազպրոմ»-ի հետ գազի գնի, ինչպես նաև գնագոյացման սկզբունքների վերաբերյալ: Ցանկանում եմ հիշեցնել, որ ռուսական կողմի հետ ձեռք էր բերվել համաձայնություն, որ անկախ «Գազպրոմ»-«ՀայՌուսգազարդ» առևտրային հարաբերություններից, գազը շարունակվում է ՀՀ-ում իրացվել սահմանի վրա 180 ԱՄՆ դոլար հաշվարկից ելնելով՝ մինչև բանակցությունների ավարտը և վերջնական մոտեցումների փոխհամաձայնեցումը: Կար պայմանավորվածություն, որ վերջնական համաձայնության գալուց հետո՝ ելնելով դրանց արդյունքներից պետք է լուծել այդ ընթացքում առաջացող հնարավոր պարտքի խնդիրը: Բանակցությունները տևեցին շուրջ 3 տարի և այդ ընթացքում գների տարբերությամբ պայմանավորված ձևավորվեց շուրջ 300 մլն դոլար պարտք:

Սակայն, հաշվի առնելով ավելի երկարատև ժամանակաշրջանի համար գազի գնի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև գազի գնի բանաձևի կապվածությունը ՌԴ ներքին գների հետ, հայկական կողմը համաձայնվեց պարտքի մոտ կեսի վճարման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկությանը, ինչը մեզ համար չափազանց ընդունելի տարբերակ էր:

Ցանկանում եմ նաև ավելացնել, որ պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքից այս գործարքը մեղմ ասած շահեկանորեն տարբերվում է: Տարբերվում է ոչ միայն նրանով, որ գոյացած պարտքի կեսն իր վրա վերցրեց ռուսական կողմը, կամ նրանով, որ երկարատև ժամանա¬կահատվածի համար գազի գնի կանխատեսելի լինելը լուրջ ձեռքբերում է տնտեսության մեջ ներդրումների խթանման համար, այլ որ սա իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետևից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների:

– Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել էր «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասի վաճառքի փաստին, ինչպես կմեկնաբանեք նրա կարծիքը։

– Այո, «ՀայՌուսգազարդ»-ի հիմնադիրները եղել են ՀՀ կառավարությունը, «Գազպրոմ»-ը և «Իտերա» ընկերությունը համապատասխանաբար՝ 45%, 45% և 10% բաժնեմասերով: Ցանկանում եմ, սակայն, պաշտոնաթող նախագահի ուշադրությունը հրավիրել մեկ այլ փաստի վրա: 2006թ-ին, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վաճառվեց «Գազպրոմ»-ին շուրջ 250,0 մլն ԱՄՆ դոլարով: «Գազպրոմ»-ի կողմից իրականացվեց Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերակառուցման և մոդեռնիզացման աշխատանքներ՝ շուրջ 140,0 մլն դոլարով, ինչպես նաև կառուցվեց Իրան-Հայաստան գազատարը շուրջ 160,0 մլն դոլարով:

Արդյունքում ստացվեց, որ «Գազպրոմ»-ի ներդրումների ընդհանուր ծավալը կազմեց շուրջ 550,0 մլն դոլար, ընդ որում Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վաճառքից ստացված 250,0 մլն դոլարն ամբողջությամբ ուղղվեց 2006թ. ապրիլ-2008թ. ապրիլ ժամանակաշրջանում ՀՀ սպառողների գազի սուբսիդավորմանը՝ ՀՀ սահմանի վրա գազի գնման 110 ԱՄՆ դոլար և 54 ԱՄՆ դոլար գների տարբերության փոխհատուցմանը: Այսինքն՝ ստացվեց, որ իրական դրամական հոսքեր Հայաստան չեկան և Հրազդանի 5-րդ էներգաբլոկն ամբողջությամբ ուղղվեց սուբսիդավորմանը, որը, ըստ էության, հանդիսանում է «գույք պարտքի դիմաց» գործարքի յուրօրինակ տարբերակ:

Միաժամանակ ցանկանում եմ պաշտոնաթող նախագահին հիշեցնել, որ դեռևս մինչև 2006թ. «Գազպրոմ»-ն արդեն իսկ գնել էր մեկ այլ ռուսական ընկերության՝ «Իտերայի» բաժնեմասը (10%) և այս ամբողջի արդյունքում «ՀայՌուսգազարդ»-ի կանոնադրական կապիտալում բաժնեմասերի փոխհարաբերակցությունը դարձավ համապատասխանաբար՝ 80% «Գազպրոմ» և 20% ՀՀ: Ընկերության տնօրենների խորհրդում բացարձակ մեծամասնություն կազմեց «Գազպրոմ»-ի ներկայացվածությունը և նման իրավիճակը հնարավորություն չէր տալիս հայկական կողմին, առավել ևս մենեջերին ազդեցություն ունենալ «Գազպրոմ»-ի կողմից ընդունվող որոշումների վրա, որը, իհարկե, տեղավորվում է բիզնես տրամաբանության շրջանակներում:

– Պարո՛ն Մովսիսյան, պաշտոնաթող նախագահը նշել էր, որ մինչև 2043թ. պայմանագրով նախատեսված մենաշնորհային բացառիկ իրավունքները ծայրահեղ խոցելի են:

– Ի գիտություն բոլորի ցանկանում եմ տեղեկացնել, որ «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20% բաժնեմասի օտարումից հետո որևէ նոր իրավունք կամ արտոնություն «ՀայՌուսգազարդ»-ին տրված չէ:

«ՀայՌուսգազարդ»-ը շարունակելու է իր գործունեությունը այն օրենսդրական դաշտում, որում աշխատում էր վերջին 15 տարիների ընթացքում: «ՀայՌուսգազարդ»-ը ունի բացառիկ իրավունք միայն ՌԴ տարածքից առաքվող գազի ներմուծման դեպքում: Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ ՌԴ-ից գազի արտահանման բացառիկ իրավունք ունի միայն «Գազպրոմ»-ը, հետևաբար՝ որևէ իրավունքի բացառիկություն «ՀայՌուսգազարդ»-ին պարզապես չի կարող տրված լինել:

Ինչ վերաբերվում է մինչև 2043 թվականը համաձայնագրի գործողության ժամկետին, ապա դա համապատասխանում է այն ժամկետին, որի ընթացքում «Գազպրոմ»-ը պետք է կարողանա հետ բերել իր կողմից կատարված ներդրումները, որոնք վերաբերվում են 5-րդ էներգաբլոկի ձեռքբերմանը և վերականգնմանը, գազատարի կառուցմանը, գազաբաշխման ներքին ցանցի ընդլայնմանը: Միաժամանակ հարկ է նշել, որ նման մոտեցում «Գազպրոմ»-ը այժմ կիրառում է բոլոր գործընկերների հետ բանակցություններում, ինչը պայմանավորված է թե՛ միջազգային էներգետիկ շուկայի, թե՛ ՌԴ-ի կողմից գազի մատակարարման պայմանների փոփոխություններով: Այս ոլորտում նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքականության և ժամանակների փոփոխությունը:

Ցանկանում եմ նաև հիշեցնել պարոն Քոչարյանին, որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով ոլորտում խաղի կանոնները այնպես են սահմանված, որ «ՀայՌուսգազարդ»-ի գործունեությունը չի կարող լինել այդ կանոններից դուրս և չի կարող հակասել մեր պետության շահերին: Ասվածի վառ օրինակը բաշխիչ ցանցերի պետական բաժնեմասի 100% մասնավորեցումն էր, որը տեղի ունեցավ 2002թ-ին և մինչև այսօր որևիցե խնդիր չի առաջացրել: Հետևաբար «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասի օտարումը կամ որպես ՀՀ սեփականություն պահելը ընկերության կառավարման գործում որևէ ազդեցություն չի կարող ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս