Վրաստանն իր օդային տիրույթը վերստին բացել է Հայաստան մեկնող ռուսական մարտական ինքնաթիռների համար. մամուլ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ից Թբիլիսիի վրայով կթռչեն ռուսական մի շարք կործանիչներ ու «Իլ-76» տիպի մեկ ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ: Ենթադրվում է, որ հարցն արդեն իսկ համաձայնեցված է վրացական իշխանությունների հետ:
Այս մասին վրացական «Կվիրիս Պալիտրա» թերթում գրել է «Արսենալի» պարբերականի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին: Հոդվածում նշված է, որ ռուսական կործանիչներն ու ռազմական նշանակության տրանսպորտային ինքնաթիռը մեկ անգամ արդեն իսկ անցել են Թբիլիսիի վրայով՝ մեկնելով դեպի Հայաստանում գտնվող «Էրեբունի» ռազմական օդանավակայան: Դա տեղի է ունեցել հունվարի 10-ին: Ռուսական ինքնաթիռները պետք է Բահրեյնում մասնակցեին միջազգային ցուցադրական թռիչքների:
Ալադաշվիլին գրում է, որ ռուսական մարտական ինքնաթիռները Վրաստանի օդային տիրույթում չեն հայտնվել 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, իսկ այս անգամ դրանք հունվարի 10-ին հյուսիսից հատել են Վրաստանի օդային տիրույթը և շարունակել են իրենց թռիչքը դեպի հարավ: Հունվարի 20-ին ռուսական մարտական ինքնաթիռները նույն երթուղով հետ կվերադառնան:
Նշվում է, որ Վրաստանի ՊՆ-ը և ԱԳՆ-ը դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: